Բաժիններ՝

«Մանոն Լեսկոն» պահպանում է առաջատարի դիրքերը

«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է թարգմանական գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը: Տասնյակը կազմվել է հունիսի վաճառքների հիման վրա:

Առաջին հորիզոնականն է զբաղեցնում Աբբա Պրևոյի «Մանոն Լեսկոն» : Պրևոն իր հանրահայտ վեպում ֆրանսիական 18-րդ դարի առաջին կեսի կյանքի ֆոնի վրա նկարագրում է Մանոն Լեսկոյի և ասպետ դե Գրիյոյի սիրո պատմությունը, որը երիտասարդ անհատի սիրո ուժի, նրա բորբոքուն կրքերի, մարդկային խորը զգացմունքների պատմություն է: Թարգմանությունը՝ Վ. Գիլանյանի:

Երկրորդ տեղում է անգլիացի դասական Օսկար Ուայլդի «Դորիան Գրեյի դիմանկարը» վեպը, որը համարվում է նրա ամենանշանավոր ստեղծագործությունը: Այն աշխարհի ամենաընթերցվող գրքերից մեկն է: Վեպի սյուժեն շատ բաներով համապատասխանում է այն գրքերի բովանդակությանը, որոնցում գլխավոր հերոսը վաճառում է իր հոգին սատանային և դրա փոխարեն ձեռք բերում գեղեցկություն, հավերժ երիտասարդություն և հզորություն: Թարգմանությունը՝ Ռիմա Խաչատրյանի:

Երրորդ հորիզոնականն է զբաղեցնում բրազիլացի գրող Պաուլու Կոելյուի «Ալքիմիկոսը»: Այն հեինակի լավագույն ստեղծագործություններից մեկն է: Վեպը երազանք ունենալու և իրականացնելու հաստատակամության պատմություն է՝ զուգորդված սիրո, բարության, անհատականության պահպանման մոտիվներով, նոր երկիր ու նոր մշակույթ ճանաչելու հնարավորությամբ: Թարգմանությունը՝ Աննա Մարությանի:

Չորրորդը Նարինե Աբգարյանի «Մանյունյա» գիրքն է, որի թարգմանությունն իրականացրել է Նարինե Գիժլարյանը: Այն լուսավոր, արևով ու հայկական բերքուբարիքի համուհոտով ներծծված արտասովոր պատմություն է մանկության, երկու ընկերուհիների՝ Նարինեի ու Մանյունյայի, խիստ ու բարի Տայի՝ Մանյունյայի տատիկի, ինչպես նաև շարունակ խառնաշփոթ իրավիճակներում հայտնվող բազմաթիվ ազգականների մասին: Քնքուշ ու ծիծաղաշարժ դիպվածներով լի մանկություն, որ մարդուն երջանկացնում է ողջ կյանքում: Գիրքն արժանացել է Ռուսաստանի ազգային գրական՝ «Տարվա ձեռագիր» մրցանակին:

Հինգերորդ հորիզոնականում Դենիել Քիզի «Ծաղիկներ Էլջերնոնի համար» գիտաֆանտաստիկ երկն է: Սկզբնապես այն հրատարակվել է «The Magazine of Fantasy & Science Fiction» ամսագրի 1959 թվականի ապրիլյան համարում։ Արժանացել է «Հյուգո» մրցանակի, որպես լավագույն գիտաֆանտաստիկ պատմվածք։ Հետագայում Քիզը լրացրել է պատմվածքը՝ այն դարձնելով ամբողջական վեպ (նույն անվամբ), որը ստացել է «Նեբյուլա» մրցանակը՝ որպես 1966 թվականի լավագույն վեպ։ Թարգմանիչ՝ Հայկ Ֆելեքյան:

Վեցերորդ հորիզոնականում է Ջորջ Օրուելի «Անասնաֆերմա» ստեղծագործությունը: «Անասնաֆերման» գրվել է 1944 թվականին և առաջին անգամ լույս է տեսել 1945-ին: Այս վեպը հակաուտոպիական տարրեր է պարունակում: Գիրքն արգելված է Չինաստանում, Հյուսիսային Կորեայում, Բիրմայում և իսլամական աշխարհի մի շարք երկրներում: Թարգմանությունը՝ Արտաշես Էմինի:

Յոթերորդ հորիզոնականում Հերման Հեսսեի «Սիդհարթա» այլաբանական վեպն է, որն առաջին անգամ հրատարակվել է 1922 թվականին։ Այն պատմում է Գաութամա Բուդդայի ժամանակակից բրահման Սիդհարթայի հոգևոր ինքնաճանաչման ճանապարհի մասին։ Հեսսեի 9-րդ վեպն է, որը նա գրել է քնարական ոճով։ Գիրքն Ամերիկայում տպագրվել է 1951 թվականին և մեծ տարածում գտել 1960-ականներին։ Հեսսեն վեպը նվիրել է ֆրանսիացի դրամատուրգ, վիպագիր Ռոմեն Ռոլանին: Թարգմանիչն է Աշոտ Ալեքսանյանը:

«Դետեկտիվի թագուհի» Ագաթա Քրիստիի «Սպանություններ այբբենական կարգով» գիրքը ութերորդ տեղում է։ 1936թ. լույս տեսած «Սպանություններ այբբենական կարգով» ստեղծագործությունը Ագաթա Քրիստիի ամենանշանավոր վեպերից է: Ամբողջ Անգլիան ցնցած ABC անունով հայտնի սերիական մարդասպանն իր նպատակին հասնելու համար սպանում է սովորական կյանքով ապրող և իրար հետ ոչ մի կապ չունեցող մարդկանց՝ ըստ նրանց անունների այբբենական կարգի: Մարդասպանի դեմ պայքարում է նշանավոր խուզարկու Էրքյուլ Պուարոն՝ փորձելով բացահայտել մութ պատմության բոլոր մանրամասները: Թարգմանությունը՝ Էդիտա Շադոյանի։

Ալբեր Կամյուի «Օտարը» վեպը իններորդ տեղում է: 1942 թվականին լույս տեսած իր առաջին՝ «Օտարը» վեպում Ալբեր Կամյուն գեղարվեստականորեն առարկայացնում է աբսուրդի և էքզիստենցիալիզմի փիլիսոփայության վերաբերյալ իր հայացքները: Այդ հայացքները մարմնավորող վեպի հերոսի գլխավոր առանձնահատկությունը կեղծավորության ու ստի հանդեպ ատելությունն է, հավակնությունների գրեթե բացակայությունը, անգամ, եթե այդ ամենը հակասում է սեփական շահերին: Թարգմանությունը՝ Աննա Հակոբյանի:

Տասներորդ հորիզոնականում է Ուիլյամ Սարոյանի «Մարդկային կատակերգությունը»։ Վեպի գործողությունները տեղի են ունենում ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի մտացածին Իթաքա քաղաքում Երկրորդ համաշխարհային պատերազմի օրոք։ Քաղաքի նախապատկեր է ծառայել Սարոյանի հարազատ Ֆրեզնոն։ Հոմեր Մակաուլեյը 14-ամյա տղա է, որը մեծանում է անհայր ընտանիքում Կալիֆորնիայի Իթաքա քաղաքում երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին։ Հոմերի ավագ եղբայրը՝ Մարկուսը, հեռացել է տնից պատերազմում կռվելու համար, և Հոմերը զգում է տան տղամարդու դերը ստանձնելու անհրաժեշտությունը։ Դրամ վաստակելու նպատակով՝ տղան աշխատանքի է անցնում փոստային հեռագրային գրասենյակում, որտեղ ժամանակ առ ժամանակ ստիպված է լինում զինվորների մահվան մասին հեռագրեր հասցնել սպանվածի հարազատներին։ Թարգմանեց Նունե Թորոսյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս