Բաքվի պատրանքները չարդարացան, ուստի կարիք ունի սեփական հասարակությանը ցույց տալ իր ուժը սահմանին․ Սկակով
«Անսպասելի ու տարօրինակ չէ այն, ինչ տեղի է ունենում հայ-ադրբեջանական սահմանին»,- 168․am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը՝ անդրադառնալով տավուշյան սրացմանը։
Հիշեցնենք, որ հուլիսի 12-ից սրվել է իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին, ընթանում են մարտական գործողություններ, որոնք նախօրեին հանդարտվել էին, իսկ այսօր վերսկսվել նոր թափով ադրբեջանական կողմի կատարած դիվերսիոն ներթափանցման փորձի հետևանքով։ Ադրբեջանական կողմը թիրախավորել էր նաև խաղաղ բնակչությանը սահմանամերձ գյուղերում։ Հայկական կողմն ունի 20 վիրավոր, որոնցից մեկը՝ ծայրահեղ ծանր վիճակում։ Ադրբեջանական կողմը հայտնել է զոհերի և վիրավորների մասին։
Ալեքսանդր Սկակովը նշեց, թե չի կարծում, որ Ադրբեջանը կհամարձակվի լայնամասշտաբ պատերազմ սկսել ներկայումս։ Նրա համոզմամբ՝ դրա համար իրականում չկան լուրջ հիմքեր։
«Այսինքն՝ առաջին հերթին՝ հակամարտություն հիմնական արտաքին խաղացողների միջև, վերջին լուրջ բախումների դեպքում կար հակամարտություն Ռուսաստանի և Թուրքիայի միջև, ներկայումս նման բան չկա, երկրորդ՝ չկան լուրջ ներքին ճգնաժամեր ոչ Հայաստանում, ոչ Ադրբեջանում, այսինքն՝ չկա մի իրավիճակ, որից կարելի է օգտվել և դրական մի բան քաղել պատերազմով։ Ուստի հետագա ռազմականացման համար հիմքեր չեմ տեսնում»,- ասաց Սկակովը։
Նրա խոսքով, թվում է՝ Ադրբեջանում լուրջ ներքին գործընթացներ կան, սակայն դա ճգնաժամային իրավիճակ չէ։
Դիտարկմանը, եթե չկան հիմքեր, ինչո՞ւ նման իրավիճակ ստեղծվեց հայ-ադրբեջանական սահմանին, ռուս վերլուծաբանն ասաց, որ դա բացարձակ տարօրինակ չէ, քանի որ նման միջադեպեր սահմանին տեղի են ունենում պարբերաբար մեծ կամ փոքր ինտենսիվությամբ, իսկ դրա վերածումը շատ ավելի լուրջ իրավիճակի կարող է նաև պատահական լինել։
«Հարցն այն է, որ հնարավոր է՝ Բաքվում կային պատրանքներ, որ Հայաստանում նոր իշխանությունը կգնա ինչ-որ լուրջ զիջումների իր անփորձության պատճառով, բայց կարծես այդ պատրանքները չարդարացվեցին, ուստի այս պատկերի ֆոնին անհրաժեշտ է ցույց տալ սեփական ուժը ներքին լսարանի համար, այսինքն՝ կարծում եմ, որ այն, ինչ տեղի է ունենում Ադրբեջանի կողմից, ներքին օգտագործման համար է»,- ասաց Սկակովը՝ շարունակելով, որ լայնածավալ պատերազմի հարցում Ադրբեջանը ևս հետաքրքրված չէ, այլապես այն այս օրերի ընթացքում արդեն իսկ տարածված կլիներ մի քանի ուղղություններով։
Անդրադառնալով Ռուսաստանի գործողություններին այս իրավիճակում՝ Սկակովն ասաց, որ, ինչպես ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու մի շարք այլ պաշտոնյաներ են նշել, կմիջամտեն և անում են դա, որպեսզի չխորանա դիմակայությունը։
«Ռուսաստանն այլ կերպ վարվել չի կարող, քանի որ Հայաստանը նաև ՀԱՊԿ անդամ է»,- նկատեց նա։
Նրա հավաստիացմամբ՝ Ռուսաստանը դիտորդի դերում չէ միայն, ինչպես 2016 թվականի քառօրյայի ժամանակ։
Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ի դիրքորոշմանը, որն օրերս հավասարության նշան էր դրել Հայաստանի և Ադրբեջանի միջև, որևէ աջակցություն չհայտնելով կազմակերպության անդամ հանդիսացող Հայաստանին, Սկակովն ասաց, որ քանի դեռ չկա հրադադարի նկատմամբ դիտորդական համակարգի առկայություն, խոսել այն մասին, թե ով է սկսել սրումը, կամ ինչից է ծագել այս ամենը, այն ժանրից է, թե ով ինչ է ցանկանում ասել։
«Մեկը ցանկանում է կողմերից մեկին մեղադրել, մյուսը՝ մյուսին։ ՀԱՊԿ-ում էլ, գիտեք, որ կան երկրներ, որոնք ավելի կապված են Ադրբեջանի, քան Հայաստանի հետ, և այդ հավասարության նշանն այս փուլում այդ պատճառով է, քանի որ չկան հստակ տվյալներ այդ երկրների համար և կան կապեր Ադրբեջանի հետ»,- այսպես բացատրեց Սկակովը՝ խուսափելով դա դիտարկել հարված ՀԱՊԿ-ի հեղինակությանը։
Սկակովի համոզմամբ, այս ամենը լայնամասշտաբ դիմակայության չի վերաճի․ կա՛մ կմիջամտեն միջնորդները, կա՛մ իրավիճակն ինքնըստինքյան կմարի, ինչպես շատ այլ դեպքերում, երբ դիմակայությունը չի հասնում նման ծավալների։