«Դիրք պահող զինվորներին ես միշտ դիմում եմ՝ «զվերներ», առյուծներ. այդ բառերից իրենց ուժեղ են զգում». Նվեր Ներսիսյան
Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ Նվեր Ներսիսյանի հրամանատարությամբ գործող գումարտակն աչքի է ընկել մարտական բարձր պատրաստականությամբ: 2016-ին նա Ռոբերտ Աբաջյանի նման զինվոր է կորցրել: Փոխգնդապետի հայրը՝ Արկադի Ներսիսյանը, մասնակցել է Արցախյան ազատամարտին և 1992-ի հուլիսի 9-ին զոհվել հայրենի գյուղի՝ Մարտակերտի շրջանի Հարությունագոմերի պաշտպանության ժամանակ:
ՊԲ N զորամասի հրամանատարի տեղակալ Նվեր Ներսիսյանի հետ ծանոթացել եմ 2015-ին, երբ ուղևորվել էի ղարաբաղաադրբեջանական սահմանագծի հյուսիսարևելյան ուղղություն՝ պարզ հերոսության հետքերով. կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյան («Արիության համար» մեդալ, հետմահու), վաշտի հրամանատար, ավագ լեյտենանտ Զորիկ Գևորգյան («Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշան, «Արիության համար» մեդալ, հետմահու), դասակի հրամանատարի տեղակալ, կրտսեր սերժանտ Սարգիս Մովսիսյան («Արիության համար» մեդալ, հետմահու), Խաչատուր Բադասյան (ԼՂՀ «Արիության համար» մեդալ, հետմահու)…
Հիշեցնենք, որ 2014 թվականի հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը՝ ժամը 23։50-ից մինչև 00։15-ի սահմաններում, արցախաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններում արձանագրվել էր հակառակորդի դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր: Արմեն Հովհաննիսյանը նկատել էր ադրբեջանցի դիվերսանտներին, զգուշացրել զինակիցներին, և սկսվել էր դիմադրությունը։ Ցավոք, մարտի ժամանակ Արմեն Հովհաննիսյանը զոհվում է:
Իսկ արդեն ամռանը՝ հուլիս-օգոստոսին, ունեցանք մինիպատերազմական վիճակ: Վերևում հիշատակված ժամկետային զինծառայող Խաչատուր Բադասյանը զոհվել է 2014-ի հուլիսի 26-ին. գիշերը թշնամին դիվերսիոն հարձակում էր գործել Մարտակերտի ուղղությամբ։
Ավագ լեյտենանտ Զորիկ Գևորգյանը զոհվել է 2014-ի օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը՝ Մարտակերտի ուղղությամբ հակառակորդի հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձը կասեցնելիս: Նրա հետ նույն մարտում վիրավորվել էր Սարգիս Մովսիսյանը, ով օգոստոսի 3-ին մահացել է զինհոսպիտալում:
Հիշում եմ, թե ինչ ցավով, բայցև հպարտությամբ էր 5 տարի առաջ Նվեր Ներսիսյանը ցույց տալիս 2014-ի հուլիս-օգոստոսյան դեպքերի վայրերը և պատմում իր զինվորների հերոսությունները, և, որ այդ ժամանակ էլ հայկական հենակետերի վրա հիմնական հարձակվողները եղել են Յաշմայի հատուկ նշանակության զինծառայողները:
Փոխգնդապետ Նվեր Ներսիսյանն ինչպես քչախոս էր 2015-ին, այնպես էլ այսօր՝ 5 տարի անց: Շատ դժվարությամբ էի կարողանում որևէ բառ, պատասխան ստանալ նրանից, իրենցը՝ կռվելն է: Նա չցանկացավ անգամ անդրադառնալ նրանց, ովքեր 2016-ի ապրիլյան քառօրյայի մասին միֆեր էին հորինել՝ զենք, փամփուշտ չլինելու մասին: Ըստ նրա՝ սպային գնահատում են նրանք, ովքեր գիտեն՝ ինչ է պատերազմը, ռազմական գործը:
Փոխգնդապետը վստահեցրեց՝ Արցախի յուրաքանչյուր հատված, մաս պաշտպանված է:
«Յուրաքանչյուր հատված, տեղամաս, շրջան պաշտպանված են և ՊԲ վերահսկողության տակ են գտնվում: Զինվորականը միշտ պետք է լինի պատրաստ՝ իր ստորաբաժանումով, ենթականերով, վերադասով, որ կարողանան միանշանակ խաղաղությունն ապահովել: Ամեն վայրկյան, ամեն րոպե պետք է լինել պատրաստ հակառակորդի բոլոր գործողություններին»,- նշեց մեր զրուցակիցը:
Դիտարկմանը, թե ոմանք պնդում են, որ 18 տարեկան զինվորը չպետք է առաջնագիծ պահի, և, որ այն ամբողջությամբ պիտի հանձնել պայմանագրայիններին, զինվորականն ասաց՝ 18 տարեկան զինվորը բավականին ճարպիկ է, նրա տեսողությունը, լսողությունը, զգոնությունը շատ ուժեղ է, բայց կան հարցեր, երբ, իհարկե, ցանկալի չէ, որ 18 տարեկանը լինի առաջնագծում:
Նվեր Ներսիսյանը դիրքապահ իր զինվորներին ոգեշնչելու իր մեթոդն ունի. «Դիրք պահող զինվորներին ես միշտ դիմում եմ՝ «զվերներ», առյուծներ: Իրենց հետ այդպես եմ խոսում և նկատում եմ, որ իրենք այդ բառերից, որ «զվեր» (зверь) եմ ասում, իրենց ուժեղ են զգում: Հպարտ են զգում, պարտադրված: Ես զինվորների հետ միշտ էդ ձև եմ ծառայել, միշտ իրենց հետ եմ եղել: Միշտ իրար հոգսերով ու խնդիրներով ենք ապրել՝ թե ես, թե իրենք: Ժամանակներ են եղել, ես եմ իրենց դուխ տվել, ժամանակ, պահ է եղել՝ 2016-ի ապրիլին, իրենք են ինձ դուխ տվել»:
Ինչ վերաբերում է ներբանակային խնդիրներին, ժամկետային զինվորի բջջային հեռախոս ունենալուն, ինչն անվտանգային ռիսկեր է պարունակում, Նվեր Ներսիսյանն ասաց, որ դեմ է ժամկետային զինծառայողի մոտ հեռախոսի առկայությանը: