Կորոնավիրուսի շուրջ քաոսը բարդակի գործակիցը մեծացրել է. Սամվել Մարտիրոսյան

«Ադրբեջանցիք սա սկսել են հունիսի սկզբներից, փաստացի՝ միամսյա մարաթոն է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը՝ անդրադառնալով այն խնդրին, որ վերջին օրերին ադրբեջանցի հակերները համացանցում ներբեռնել էին Հայաստանի մի քանի հարյուր քաղաքացիների, այդ թվում՝ զինվորականների անձնագրային տվյալները։

«Անընդհատ՝ մի քանի օրը մեկ, տվյալներ են հրապարակում: Առաջին մեծ արտահոսքը եղավ կորոնավիրուսի վարակակիրների և իրանց հետ շփվածների, կոնտակտավորների տվյալները, հետո 6 փուլով հրապարակեցինք: Արդեն հուլիսին եղավ մեծ քանակի անձնագրերի լուսանկարներ, շատերը անգամ ձեռքում բռնած էին անձնագիրը, որը հաճախ անում են վարկային կազմակերպությունները, որպեսզի մարդուն իդենտիֆիկացնեն: Նաև բանակային տվյալներ հայտնվեցին»,- շարունակեց մեդիափորձագետը՝ հավելելով, որ այս ամբողջ գործընթացի հետևում կանգնած է մեկ թիմ, որը, չնայած շատ հմուտ չէ, բայց շատ պարզ ֆիշինգային ձևով կեղծ նամակներ է ուղարկում ու մարդկանց խաբելով գողանում էլեկտրոնային փոստի գաղտնաբառերը:

«Ադրբեջանում կա, այսպես կոչված, ԱնտիԱրմենիա հակերային թիմերի կոալիցիա, որոնց ամբողջ կյանքի նպատակը Հայաստանին վնաս տալն է: Եվ այդ թիմում գործում է նաև մեկը, որը կոչվում է Ռենջեր 13: Իրենք նոր թիմ չեն, արդեն տարիներ շարունակ իրենք զբաղված են օգտատերերի դեմ հարձակումներով: Նրանք կոտրում են մարդկանց էլեկտրոնային փոստերը, հետո էդ փոստերը կոտրելով՝ կոտրում են Ֆեյսբուք, Ինստագրամ: Երկար տարիներ իրանք հպարտանում էին, որ հազարներով կոտրում են, բայց ինչ-որ պահի, ենթադրում եմ, որ սկսեցին կարդալ էն, ինչ որ կա էդ էլեկտրոնային փոստերում, և կարծում եմ, որ իրանք էլ են զարմացել, թե ինչքան բան հայաստանցիները ու արցախցիները իրար ուղարկում են էլեկտրոնային փոստով»,- ասաց մեդիափորձագետը:

Սամվել Մարտիրոսյանի խոսքով՝ մենք ունենք մեծ խնդիր, որովհետև տարբեր տիպի ինֆորմացիա է հրապարակվել:

«Մենք ունենք մի քանի գլոբալ խնդիր: Մեկն այն է, որ ինֆորմացիայի փոխանակումը արվում է՝ ով ոնց ուզի, երկրորդը՝ մարդիկ տարրական թվային անվտանգության կանոններին տեղյակ չեն: Այս երկուսը միասին բերում է նրան, որ մենք ունենք գրեթե ամեն օր արտահոսքեր, և ասեմ, որ սենց էլ շարունակվելու է: Մի մտածեք, որ պրծավ: Կարծում եմ, որ իրանք հլը շատ բան ունեն, քիչ-քիչ են հրապարակում, և երկրորդը՝ ամեն նոր էլեկտրոնային փոստից կարող է նոր բաներ բացահայտվեն»,- նշեց փորձագետը:

Չնայած ՀՀ-ում գործում է «Անձնական տվյալներ պաշտպանության մասին» օրենքը, սակայն, մեդիափորձագետի կարծիքով, այն անհրաժեշտ է լուրջ փոփոխությունների ենթարկել:

«Մեր մոտ շատ վատ է իրավիճակը: Ո՛չ օրենսդրությանն են մարդիկ տեղյակ՝ թե՛ հավաքագրողները, թե՛ տեղեկատվություն տրամադրողները: Շատ դեպքերում հազար ու մի բան են ուզում մարդուց, տվյալ, որը պետք չի, մարդիկ էլ տեղյակ չեն, որ կարող են էդ տվյալները չտալ: Հետո հարց է ոչնչացումը տվյալների: Այսինքն, եթե արդեն պետք չի էդ մարդու տվյալը, ինչո՞ւ չի ոչնչացվում, ո՞վ պետք է հետևի դրան:

Խնդիրը նրանում է, որ մեր մոտ այնքան երկար այս ամեն ինչին ուշադրություն չի դարձվել, որ հանրային պահանջ էլ չի ձևավորվել, որպեսզի տվյալները նորմալ պահպանվեն»,- հավելեց մեր զրուցակիցը:

Ըստ Սամվել Մարտիրոսյանի՝ կարևոր է, որ անձնական տվյալների պաշտպանությունը լինի երկկողմանի՝ և՛ հասարակությունը պահանջի, որպեսզի իր տվյալները պատշաճ կերպով պահպանվեն, և՛ պետությունն ավելի լրջացնի դրանք պահպանելու հարցը, ու մարդիկ հասկանան, որ, եթե որևէ մեկի անուն-ազգանունը, անձնագրի նկարը հայտնվել է ցանցում, այդ մարդը դառնում է խոցելի՝ հնարավոր է՝ իր անունից տարատեսակ գործարքներ կատարել:

Հարցին, թե նախկինում ինչպե՞ս են պահպանվել բազաները, որ այդ չափի արտահոսք չի եղել, Սամվել Մարտիրոսյանը պատասխանեց.

«Արտահոսքեր հա էլ եղել են, այնպես չի՝ սա նոր է: Առաջինը՝ մենք ավելի շատ ենք ինտերնետի մեջ մտել, ավելի շատ է թվայնացվել: Երկրորդը՝ ադրբեջանցիք էլ ավելի ակտիվացել են: Պլյուս կորոնավիրուսի շուրջ քաոսը շատ է, շատ մեծ քանակի մարդ ներգրավված է ինչ-որ պրոցեսի մեջ, նաև կամավորներ կան, կառույցներ և այլն: Այս ամեն ինչը բարդակի գործակիցը մեծացրել է ու արտահոսքերը շատացրել»,- պարզաբանեց մեդիափորձագետը:

Արտակարգ դրությամբ պայմանավորված քաղաքացիների հեռախոսահամարների միջոցով տեղաշարժին հետևելու նպատակով կատարված օրենսդրական փոփոխությունը և ներդրված համակարգը, որի ստեղծողները հանրությանն այդպես էլ հայտնի չեն, քանի որ կառավարությունը չի հանրայնացնում այդ տվյալը, այսօր շատերի համար լուրջ անհանգստության պատճառ է դարձել։ Կասկածներ կան նաև, որ ստեղծված ծրագիրը կարող է որոշակի թերություններ ունենալ և դառնալ արտահոսքի պատճառ: Հարցին, թե այս հանգամանքը կարո՞ղ էր կապ ունենալ այս արտահոսքի հետ, կամ արդյո՞ք պետք է քաղաքացիներին անհանգստացնի նորաստեղծ ու անհայտ ծագման համակարգը, Մարտիրոսյանն այսպես արձագանքեց.

«Այս արտահոսքերը բացարձակ կապ չունեն տեղորոշման համակարգի հետ, բայց անհանգստանալու կարիք կա, իհարկե, էն էլ ոնց: Եթե կառավարությունը չի հրապարակում, թե ով է արել, հետո ով է թեստավորել, ով է պաշտպանում, որքանով է լուրջ թեստավորվել, հասարակությունը, բնականաբար, պետք է մտահոգվի, որովհետև այս տվյալների արտահոսքը, եթե եղավ, լինելու է շատ ավելի կատաստրոֆիկ:

Այնպես չէ, որ միայն ադրբեջանցիք կարող են մտնել: Կա, օրինակ, Թուրքիա, որտեղ շատ ավելի պրոֆեսիոնալ հաքերային թիմեր ունեն, ու ես կմտահոգվեի լուրջ: Ընդ որում, միայն որպես քաղաքացի չէի մտահոգվի, այլ՝ որպես պետություն էլ, որովհետև նաև տեղորոշման համակարգը թույլ կտա, օրինակ, ԱԱԾ աշխատակիցների, բանակայինների շարժը հետևել: Ով ձեռքում հեռախոս ունի, իր շարժը փաստորեն ֆիքսվում է»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս