Բաժիններ՝

«Փաստաթղթի մշակմանը ՆԶՊ առարկայի մասով ներգրավված են եղել ոչ կոմպետենտ անձինք… չափորոշիչները մշակողների համար հայրենիքի պաշտպանության գործն ամենաանկարևորն է». Ռազմագետ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում շրջանառության է դրվել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի ապրիլի 8-ի N 439-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որտեղ խոսվում է հանրակրթության պետական չափորոշչի ձևավորման մասին:

Ըստ այդմ, «Նախնական զինվորական պատրաստություն» առարկան մտցված է «Ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն» առարկայի մեջ:

«Ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն. կրթության բովանդակության տիրույթ է, որը ներառում է մի շարք առարկաներ և ինտեգրված ուղղություններ, որոնք պետք է ապահովեն սովորողների ֆիզիկական դաստիարակությունը, նպաստեն նրանց մոտ անհրաժեշտ շարժողական ակտիվության ապահովմանը, մկանային ուժի, արագաշարժության, ճկունության, շարժումների կոորդինացիայի, դիմացկունության, հավասարակշռության, ճարպկության, դիպուկության ձևավորմանն ու կատարելագործմանը, առողջությանը նպաստող վարքագծի, սեփական անձի և մյուսների ֆիզիկական և հոգեկան առողջությանը միտված պատասխանատու վարքագծի ձևավորմանը, անվտանգ կենսակերպին, համակողմանի զարգացած և ներդաշնակ, սեփական ուժերի հանդեպ վստահություն ունեցող, արտակարգ և փոփոխվող իրավիճակներում (այդ թվում՝ մարտական) կողմնորոշվելու և կենսապահովումն իրականացնելու, գնահատելու, լուծման ուղիներ և տարբերակներ գտնելու, հստակ գործելու ունակ, նախաձեռնողական և մի շարք այլ բարոյակամային դրական հատկանիշներ ունեցող անձի ձևավորմանը»,- ասվում է նախագծում:

168.am-ին ԿԳՄՍ-ից վստահեցրել են, որ ՆԶՊ առարկան դուրս չի գալիս, փոխվել է զուտ բնագավառի անվանումը:

168.am-ի հետ զրույցում պահեստազորի փոխգնդապետ, ռազմական փորձագետ Հրաչյա Պետրոսյանցն ուշադրություն հրավիրեց փաստի վրա, թե այն, որ ՆԶՊ-ն մնում է՝ որպես առանձին առարկա,  ուղղակի ներառված է ֆիզիկական պատրաստության հետ նույն առարկայախմբում, այդպես էր նաև նախկին փաստաթղթում: Այսինքն՝ այս առումով ոչ մի փոփոխություն չկա՝ թողնում են այնպես, ինչպես կա։ Ավելին, ՆԶՊ-ի մասով նախկին փաստաթղթում նույնպես ոչ մի իրական չափելի չափորոշիչ սահմանված չէ:

«Չնայած նրան, որ ինքս սահմանված կարգով դիմել էի ներգրավվելու հանձնաժողովի ՆԶՊ առարկայի չափորոշիչների քննարկմանը, ոչ մի պատասխան չեմ ստացել։ Հիմա էլ ծանոթանալով ներկայացված չափորոշիչներին, բավականին լուրջ և խորքային կասկածներ ունեմ, որ փաստաթղթի մշակմանը ՆԶՊ առարկայի մասով ներգրավված են եղել կոմպետենտ անձինք։ ՆԶՊ առարկայի չափորոշիչները, կարելի է ասել, ընդհանրապես բացակայում են գործող փաստաթղթում, և հուսով էինք, որ այդ բացը կլրացվեր։

Ներկայացվող փոփոխությունները ոչ միայն ոչ մի լուծում չեն տալիս, այլև առաջացնում են բազմաթիվ հարցեր։ Փաստացի պատերազմական իրավիճակում գտնվող, ինչպես նաև բոլոր կողմերից հիմնականում շրջապատված լինելով ոչ բարյացակամ պետություններով, կրթական չափորոշիչների ներկայացման ժամանակ ընդհանրապես ոչ մի լուրջ ուշադրություն չի դարձվում ՆԶՊ առարկային, որը ներառված է:

Ի դեպ, արդեն մի քանի տարի է՝ պայքարում եմ հենց այն մտածողության դեմ, որ ՆԶՊ-ն և ֆիզիկական պատրաստությունն իրար մոտ առարկաներ են և մեկտեղված են: Անհրաժեշտ է առնվազն կույր լինել՝ չհասկանալու այն փաստը, որ ՆԶՊ-ն ավելի մոտ է պատմություն, հայրենագիտություն, ֆիզիկա, մաթեմատիկա առարկաներին, քան ֆիզիկական պատրաստությանը։ Վերը նշված հանգամանքները թույլ են տալիս ձևավորել կարծիք, որ այս չափորոշիչները մշակողների համար հայրենիքի պաշտպանության գործն ամենաանկարևորն է»,- շեշտեց պահեստազորի փոխգնդապետը:

Հրաչյա Պետրոսյանցն առաջարկում է՝

1. Վերանայել ՆԶՊ առարկայի հանդեպ ունեցած մոտեցումն ընդհանրապես։

2. ՆԶՊ առարկան դիտարկել՝ որպես առանձին կարևորագույն բլոկ։

3. ՆԶՊ առարկայի չափորոշիչների մշակման համար կազմել նոր հանձնաժողով, որում ընդգրկել բացարձակապես կոմպետենտ մասնագետների։

4. Հրապարակել այն անձանց անունները, որոնք մասնակցել են ներկայացվող տարբերակում ՆԶՊ առարկայի չափորոշիչների ձևավորման գործընթացին։

Ի դեպ, այսօր «Հոդված-3» ակումբի կազմակերպած տեսաքննարկմանը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը հայտարարել է, որ հանրակրթական բովանդակային այս փոփոխությունը խնդիր ունի փոխել մեր ուշադրության կենտրոնը, այն է՝ պաշտպանել ոչ թե առարկաների, որը մինչ այս կարելի է տեսնել դպրոցում, այլ առաջին հերթին՝ պետք է պաշտպանել սովորողի շահերը:

«Մենք ունենք մի իրավիճակ, երբ յուրաքանչյուր առարկայի դիրքից փորձում ենք հնարավորինս ավելի շատ ինֆորմացիա ներմուծել այդ առարկա, ինչի հետևանքով արհեստականորեն մեծացվում է ժամաքանակը, բայց նաև նեղացվում հնարավորություններն այդ ժամաքանակում այդ ծավալի ինֆորմացիան ընկալելու: Եվ մենք ունենում ենք իրավիճակ, երբ երեխաները շատ հաճախ ստիպված են տեքստեր անգիր անել, որոնք մի քանի օր հետո նրանց մոտ մնացորդային որևէ գիտելիք և յուրացման աստիճան չեն ունենում»,- մանրամասնել է փոխնախարարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս