Պետտուրքի նման չափով բարձրացումը հանգեցնելու է քաղաքացիների՝ դատարան դիմելու իրավունքի սահմանափակմանը. փաստաբան

Ավելի քան մեկ շաբաթ է՝ e-draft.am-ում ՀՀ արդարադատության նախարարությունը  շրջանառության մեջ է դրել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, Նախարարությունն ակնկալում է  դրանով համապատասխանեցնել դատարան տրվող հայցադիմումների, դիմումների, դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար վճարվող պետական տուրքի դրույքաչափերը ներկայում հաստատված սոցիալ-տնտեսական ցուցանիշներին: Նախագծի հակիրճ բնութագրում ասված է, որ կառավարվող փոփոխություններով ու լրացումներով ակնկալվում է բարձրացնել արդարադատության արդյունավետությունը:

Առաջարկված փոփոխությամբ քաղաքացիական գործերով առաջին ատյանի դատարան դրամական պահանջով դիմելու դեպքում պետական տուրքը ներկա՝ հայցագնի 2%-ի փոխարեն՝ կկազմի հայցագնի 3%-ը, ոչ դրամական պահանջի դեպքում ներկայում գործող՝ բազային տուրքի 4-ապատիկը (պետական տուրքի բազային միավորը 1000 դրամ է) կավելանա մի քանի անգամ, ու քաղաքացիները կպարտավորվեն վճարել բազային տուրքի 20-ապատիկը: Հատուկ վարույթի գործերով առաջին ատյանի դատարան դիմելու համար ներկա բազային տուրքի և տուրքի 3-ապատկի փոխարեն՝ նախագծի ընդունման արդյունքում կպարտավորվենք վճարել բազային տուրքի 20-ապատիկը:

Քաղաքացիական գործերով առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած ակտերի դեմ վերաքննիչ բողոք ներկայացնելու համար դրամական պահանջով գործերով ներկայում գործող  գումարի 3%-ի փոխարեն՝ կպարտավորվենք վճարել վիճարկվող գումարի 4%-ը: Ոչ դրամական պահանջի դեպքում ներկայում գործող բազային տուրքի 10-ապատիկի փոխարեն՝ կպարտավորվի վճարել բազային տուրքի 30-ապատիկը: Հատուկ վարույթի գործերով ներկա՝ բազային տուրքի 8-ապատիկի փոխարեն՝ անհրաժեշտ կլինի վճարել բազային տուրքի 25-ապատիկի չափով:

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի ակտերի դեմ վճռաբեկ բողոքների համար դրամական պահանջի գործերով այժմ գործող՝ հայցագնի 3%-ը կդառնա 5%, ոչ դրամական պահանջի դեպքում էլ պետական տուրքի ներկայում գործող՝ բազային տուրքի 20-ապատիկը կրկնակի կավելանա, ու քաղաքացիները կպարտավորվեն վճարել բազային տուրքի 40-ապատիկը: Հատուկ վարույթի գործերով այժմ գործող բազային տուրքի 10-ապատիկի չափով պետտուրքը կավելանա 3 անգամ, ու անհրաժեշտ կլինի վճարել բազային տուրքի 30-ապատիկի չափով:

Գործող օրենքով սահմանված չեն պետական տուրքի առավելագույն չափերը: Նախագծով առաջարկվում է տուրքի առավելագույն շեմ սահմանել նվազագույն սպառողական զամբյուղի մոտավորապես 407-ապատիկը՝ 25,000,000 դրամ` ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում: Վերաքննիչ քաղաքացիական դատարանում առաջարկվում է սահմանել տուրքի առավելագույն չափը՝ 15,000,000 դրամ, և վճռաբեկ դատարանում քաղաքացիական գործերով` 10,000,000 դրամ։

Հիմնավորումներում նշված է, թե իրականացված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում 1999 թվականի հոկտեմբերի 12-ից ի վեր փոփոխություններ չեն եղել: Մինչդեռ, ըստ հիմնավորման, քննարկվող ժամանակահատվածում Հայաստանում էական փոփոխության են ենթարկվել որոշ սոցիալ-տնտեսական ցուցանիշներ, ինչպես, օրինակ, ՀՆԱ-ի՝ 2000-2018 թթ.-ին 4.89 անգամ ավելանալը, 2000-2019թթ.-ին միջին ամսական աշխատավարձի 8.04 անգամ աճելը, 2004-2020թթ.-ին նվազագույն սպառողական զամբյուղի արժեքի 2.8 անգամ աճելը, նվազագույն աշխատավարձի՝ 2003-2020թթ.-ին 5.2 անգամ աճելը:

Նախագծի հիմնավորման մեջ նաև ներառված է Ֆինանսների նախարարության տրամադրած տեղեկությունը, որ նախորդ 2 տարում արդարադատության իրականացման ծախսերը գերազանցել են դատարանների  հավաքագրած պետական տուրքի գումարները մինչև 4 և ավելի անգամ:

Արդարադատության նախարարության ներկայացրած հիմնավորման մեջ բերված են նաև այլ երկրների օրինակներ: Նշված է, որ, օրինակ Չեխիայում, տուրքի նվազագույն արժեքը կազմում է նվազագույն սպառողական զամբյուղի շուրջ 17.5%-ը:  ՌԴ-ում Տուրքի նվազագույն դրույքաչափը (400 ռուբլի) կազմում է նվազագույն սպառողական զամբյուղի (11,200 ռուբլի) 3.5%-ը: ՀՀ-ում Տուրքի նվազագույն դրույքաչափը (1,500 դրամ) ներկայումս կազմում է նվազագույն սպառողական զամբյուղի (61,390.7 դրամ) շուրջ 2.4%-ը։

Կարելի է ենթադրել, որ օրենքի այս փոփոխությունը շատ քաղաքացիների համար սոցիալական վիճակով պայմանավորված՝ կարող է արգելք դառնալ դատարաններ դիմելու համար:

168.am-ի հետ զրույցում փաստաբան Քրիստինա Ղուկասյանն ասաց, որ պետտուրքի նման չափով բարձրացումն էական է լինելու քաղաքացիների համար, ինչն էլ հանգեցնելու է դատարան դիմելու իրավունքի սահմանափակմանը:

Հարցին, թե որքանո՞վ է հնարավոր, որ պետտուրքի դրույքաչափի բարձրացումը մեծացնի արդարադատության արդյունավետությունը, Քրիստինա Ղուկասյանը պատասխանեց.

«Պետական տուրքի դրույքաչափերի բարձրացման հետևանքով մի կողմից՝ դատական դեպարտամենտի ֆինանսավորումը աճ կունենա, և դատարանների հագեցվածության և ռեսուրսների ավելացման պայմաններում կհասնենք առավել արդյունավետ և որակյալ արդարադատության, մյուս կողմից՝ կպակասեն նվազ դրամական պահանջի վերաբերյալ գործերը, և քաղաքացիները նման հարցերով հակված կլինեն դիմել վեճի այլընտրանքային/արտադատական լուծման եղանակներին, ինչն էլ կհանգեցնի դատարանի բեռնաթափման և կրկին կնպաստի որակյալ և արդյունավետ արդարադատությանը:

Բայց դատարանների բեռնաթափումը և արդարադատության  արդյունավետության բարձրացումը, այդ թվում՝ ֆինանսական և այլ ռեսուրսների ավելացման ձևով, կարծում եմ, չպետք է իրականացվի ի հաշիվ պետտուրքի բարձրացման, քանի որ դրանով սահմանափակվում է անձի արդար դատաքաննության անբաժանելի տարր հանդիսացող՝ դատարան դիմելու կոնվենցիոն իրավունքը և խախտվում է դատարանի մատչելիության սկզբունքը։ Հատկապես հաշվի առնելով համավարակով պայմանավորված հետագա հնարավոր ֆինանսական ճգնաժամերը՝ պետական տուրքի դրույքաչափերի բարձրացումը հանգեցնելու է արդարադատության մատչելիության խախտմանը՝ քաղաքացու վրա դնելով անհամաչափ ֆինանսական լրացուցիչ բեռ»։

Փաստաբանի խոսքով՝ ցանկացած պետական վճարի բարձրացում միշտ դժգոհության ալիք է բարձրացնում, որովհետև լրացուցիչ բեռ է դրվում քաղաքացու վրա: Այդուհանդերձ, նախագծում, որպես դրական փոփոխություն, փաստաբանը մատնանշեց տուրքի առավելագույն շեմի սահմանումը:

«Դա այն ռիսկերից է ազատում, որ անհամաչափ ծախսեր չդրվեն ո՛չ հայցվորի, ո՛չ էլ այն անձի վրա, ում վրա հետագայում դրվելու է պետական տուրքի մարման պարտականությունը: Այնուհանդերձ, քանի որ այդ շեմը բավականին բարձր է, այս կարգավորումն ակտուալ կլինի շատ քիչ թվով գործերի համար»,- նշեց փաստաբանը:

Փաստաբան Կարեն Սարդարյանը, անդրադառնալով շրջանառության մեջ դրված նախագծին, ֆեյսբուքյան իր էջում գրել է, թե եթե նախագծի նպատակը դատարանների ծանրաբեռնվածությունը թեթևացնելն է, ապա խնդիրը կարևոր ու արդիական է, սակայն նշել է, որ պայմանավորված մեր ազգաբնակչության սոցիալական դրությամբ, անգամ  գործող սակագների պարագայում, մեր բնակչության զգալի հատվածն ի վիճակի չէ վճարել պետական տուրքը և փաստացի զրկված է դատական պաշտպանության իր սահմանադրական իրավունքի իրականացման հնարավորությունից:

«Սակագների նախատեսվելիք բարձրացման դեպքում իմ` որպես իրավաբան գիտնականի և պրակտիկ փաստաբանի կարծիքով, դատարաններն ամբողջությամբ անհասանելի կդառնան մեր բնակչության անապահով խավի համար: Անգամ միջին խավ համարվող մեր քաղաքացիների համար դա շատ դեպքերում կստեղծի դատական պաշտպանության իրավունքի իրացման անհաղթահարելի խոչընդոտներ: Կարծում եմ՝ դատարանների ծանրաբեռնվածության խնդիրը, եթե, իհարկե, ճիշտ եմ կռահել նախագծի նպատակը, կարելի է լուծել այլ՝ ոչ այդքան ցավալի և վտանգավոր եղանակով»,- գրել է փաստաբան Կարեն Սարդարյանը:

Տեսանյութեր

Լրահոս