ՀՀ-ում կարտադրվի նանոմանրաթել և դրանից՝ ուժայինների համար հատուկ հանդերձանք
«Նեյտրոն ԳԱՄ» ՓԲԸ ռազմարդյունաբերական ընկերության տարածքում իրականացվում է հատուկ հանդերձանքի արտադրության ծրագիր: Ծրագրի իրականացնողն է «ՆԱՆՈ ՄԵԴԻՔԼ ԷՅ ԷՄ» ՓԲԸ-ն (Nano Medical AM)։ Նախատեսվում է ներկրել նոր տեխնոլոգիաներ, ինչպիսին, օրինակ, նանոմանրաթելի արտադրությունն է, որը կիրառում կստանա թե՛ թեթև, թե՛ ծանր արդյունաբերությունում:
«ՆԱՆՈ ՄԵԴԻՔԼ ԷՅ ԷՄ» ՓԲԸ բարձր տեխնոլոգիական ձեռնարկություն է, որը «Նեյտրոն ԳԱՄ» ՓԲԸ-ի հետ հանդիսանում է ընկերությունների նույն խմբի անդամ և պայմանագրային հարաբերություններ ունի նրա հետ։
«ՆԱՆՈ ՄԵԴԻՔԼ ԷՅ ԷՄ»-ն իրականացնելու է ստերիլ և ոչ ստերիլ «նանո» մանրաթելի արտադրության և այդ մանրաթելից տարբեր նշանակության հատուկ հանդերձանք արտադրելու ծրագիրը։
Առաջին անգամ տարածաշրջանում կարտադրվի նանոմանրաթել՝ 100 նմ-ից պակաս տրամագծով, որը ստացվելու է պոլիմերացման միջոցով՝ NanoSpider պատենտավորված տեխնոլոգիայով։ Տեխնոլոգիան պատենտավորված է սարքավորումները արտադրող Եվրոպական ELMARCO ընկերության կողմից, որն էլ իրականացնելու է արտադրամասի մոնտաժումը և համապատասխան մասնագետների վերապատրաստումը։ Սարքավորումն ունի 20 մլն մ2 արտադրողականություն, և աշխատում է 24/7 ռեժիմով։
«Նանո» մանրաթելերից արտադրված նյութերը պաշտպանում են ցրտից, խոնավությունից, հրկիզումից, ինչպես նաև մանրէներից, վիրուսներից և սնկից, ըստ այդմ, մասնավորապես, ուժային կառույցների համար նախատեսվում է արտադրել հանդերձանքի հետևյալ տեսականին՝
-Հատուկ պայմաններում ծառայողների համար
-Հատուկ ջոկատների համար նախատեսված
-Անբարենպաստ բնական պայմաններում աշխատող անձնակազմի համար:
«Նախատեսում ենք 3-4 ամսվա ընթացքում արդեն արտադրությունը սկսել: Դա հատուկ հանդերձանք է, նախատեսված է մեր զինուժի համար, այնպիսի հատուկ մանրաթելերով է կարված, որ չի թողնում ջուրը կլանվի»,- 168.am-ի հետ զրույցում նշեց «Նեյտրոն ԳԱՄ» ընկերության
մամլո խոսնակ Շուշան Ավագյանը:
Հավելենք, որ Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցների համար էլ կարտադրվի հատուկ արտահագուստ՝ չհրկիզվող, քիմիական և կենսաբանական պայմանների համար, թեթև և շնչող, ինչպես նաև՝ ծուխը չկլանող դիմակներ: