Իշխանության հոգևոր սովը
Հաճախ հանդիպում ենք իշխանության կողմից դրսևորվող այնպիսի վարքագծային նորմերի, որոնք որևէ կերպ ընկալելի չեն, և անկախ քաղաքական հայացքների նկատմամբ ունեցած վերաբերմունքի և կուսակցական պատկանելության, մարդիկ սկսում են տվյալ երևույթի վերաբերյալ հնչեցնել գնահատականներ, որոնք, որպես կանոն, կոշտ ու ցավոտ են լինում։
Հարցն ավելի է սրվում, երբ այն սկսում է առնչվել մարդկանց զգացմունքներին ու կրոնական հույզերին․ իսկ Հայաստանում վերջին երկու տարիներ ընթացքում, գրեթե ամենօրյա ռեժիմով ականատես ենք լինում եկեղեցու և կրոնական արժեքների տոտալ ոտնահարման գործընթացի։
Քաղաքակրթության զարգացմանը զուգահեռ՝ հետզհետե շատանում ու շեշտվում են ժողովուրդների տարբերությունները, թեքումները, ճյուղավորումները, ամեն մեկի մասնավոր հակումներն ու մասնավոր զարգացումը. իր ձևի լեզու, այլ ձևի արվեստ, նոր ձևի ըմբռնում, իր տեսակի կրոն, այլ տեսակի պետական կազմ, նոր տեսակի ժողովուրդ: Համայնական «ես»-ի զգացումը մի՛շտ կա ժողովուրդների մեջ: Բայց այս բոլորը ստեղծագործական աշխատանքի ու արդյունքի ազդեցության տակ հասունանում է ու վերածվում ազգային գիտակցության:
Որպես հոգևոր առաջընթացի յուրօրինակ արտացոլում ու վավերացում՝ կրոնն իր ուրույն տեղն ու դերն է ունեցել մշակույթի համակարգում: Մշակութային արժեքների համակարգում կրոնական տարրի տեղի ու դերի որոշումը բարդ է թե’ ծագումնաբանական, և թե՛ հոգևոր գործունեության մյուս ձևերի հետ ունեցած փոխազդեցությունների առումով: Իսկ այն դերն ու յուրահատուկ նշանակությունը, որ ունեցել են հայ ազգի կյանքում քրիստոնեական արժեքները, չի կարելի մեկ վերլուծության մեջ ամփոփել։
Օրերս հայտնի դարձավ, որ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարությունը հասավ իր նպատակին և կրթական ծրագրերից հանեց Հայ եկեղեցու պատմություն առարկան, որն արդեն տևական ժամանակ ներառված է մեր կրթական ծրագրում։
Այն, ինչ ներկայումս իրականացվում է Հայ Առաքելական եկեղեցու հանդեպ, դա նոր մշակված քաղաքականություն չէ, հստակ մշակված ռազմավարական այդ պլանն իրականացվում է շուրջ երկու տարի։ Այնպես չէ, որ օրվա իշխանությունը միանգամից հանպատրաստից որոշեց «նալյոտներ» կատարել հոգևոր իշխանության նկատմամբ․ դրա տարբեր դրսևորումների մենք ականատես ենք լինում Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմակիցների կողմից ՀՀ-ում իշխանազավթման օպերացիան իրականացցնելուց անմիջապես հետո։
Միանշանակ ցավալի ու անընդունելի է այն փաստը, որ այսօրվա իշխանությունը Հայ Առաքելական եկեղեցին դիտարկել է պարզապես՝ որպես շարքային կրոնական կազմակերպություն։ Սա կոպտագույն սխալ է, ինչը պետք է ուղղվի՝ Առաքելական եկեղեցին՝ որպես հանրային իրավունքի իրավաբանական անձ ճանաչելով։ Անժխտելի է նաև այն պնդումը, որ եկեղեցու և պետության փոխհարաբերությունները չպետք է կառուցվեն պարզապես պետության միակողմանի օրենքով, ինչպես այսօր է, երբ պետությունը երբ ուզի, այդ օրենքում կարող է փոփոխություն մտցնել, դրանք պետք է ունենան «երկաթյա» կարգավորումներ, որոնք ուղղակի չքննվող են։
Հարց է առաջանում՝ արդյո՞ք իշխանություններն այս ողջ գործընթացն անում են գիտակցաբար ու հասկանալով, թե ինչ ռիսկեր ու անդառնալի հետևանքներ են դրանք պարունակում իրենց մեջ։ Մասնավորապես, ՀՀ-ի նման փոքր պետության համար լուրջ ռիսկային է այս տուրբուլենտ փուլում խաղալ նման առանցքային հարցի հետ, ինչպիսին կրոնական արժեհամակարգերն են, որոնք հայ ազգի համար մշտապես եղել են այլ կատեգորիայում քննվող հարցերի շարքում։ Իրականում մենք այսօր ապրում ենք բավական հախուռն, տարերային, երբեմն՝ տեղատվություն հիշեցնող ժամանակներում, որոնցում, ի թիվս այլ արժեքների, վտանգվում, երբեմն՝ ոտնձգության են ենթարկվում մեր ազգային արժեքներն ու ինքնության հենասյուները: Աներկբա է, որ կայացված որոշման հետևանքները լինելու են անդառնալի՝ էապես ազդելու են պերմանենտ փոփոխվող աշխարհում մեր սերունդների ինքնության ողնաշարի ամրության վրա։
Արմեն Հովասափյան