Գույքահարկի նոր համակարգը չի ծառայում արդար հարկման սկզբունքին
Գույքահարկի դրույքաչափերի բարձրացման շուրջ առկա կրքերը դեռ չեն հանդարտվում։ Փոխարենը՝ ավելի են բորբոքվում․ դժգոհության նոր ալիք բարձրացրեց օրենքի ընդունումից օրեր անց Կադաստրային կոմիտեի կողմից ներկայացված նոր՝ շուկայական արժեքին մոտարկված գույքահարկի հաշվարկման առցանց հաշվիչը, որի միջոցով քաղաքացիներն առավել ակներև կարողացան տեսնել, թե որքանով է աճում հարկի գումարն ընդունված օրինագծի արդյունքում։
Ինչպես հայտնի է, նախկին իշխանությունները չէին շտապել գնալ գույքահարկի դրույքաչափերի բարձրացմանը՝ գիտակցելով, որ նման որոշումը հղի է բազմաթիվ նրբություններով, որոնցում պետք է հաշվի առնել յուրաքանչյուր, անգամ առաջին հայացքից աննշան թվացող դրվագ՝ այն պետության և քաղաքացու համար առավել արդյունավետ և արդար գործարկելու համար։
Այսինքն՝ ի հակադրումն նախորդ իշխանության, ներկայիս Կառավարությունն առանց նախագծի բոլոր խութերն ու բացթողումները հաշվի առնելու, արագ, առանց հանրային քննարկումների, ամբողջությամբ ընդունեց օրենդրական նախագիծը։
Հապշտապության լույսի ներքո Կառավարությունն անտեսել է այնպիսի կարևոր գործոններ, ինչպիսիք են՝ բարձրարժեք անշարժ գույք ունեցող, սակայն ցածր եկամուտ ունեցող բնակչության համար հարկային բեռի բարձրացումը, սոցիալապես անապահով խավի համար գույքահարկի բեռի կտրուկ աճը մեղմող հստակ կարգավորումների բացակայությունը, գույքի շուկայական գնահատման մեխանիզմի բացակայությունը, գույքահարկի վարչարարության գծով խնդիրների առկայությունը։
Թերի աշխատանքի արդյունքում գույքահարկի բարեփոխումների օրենսդրական փաթեթում բացակայում է բարեփոխման առանցքային կետը, այն է՝ հարկման նպատակով գույքի շուկայական գնահատման մեխանիզմի առկայությունը։
Նախկինում նախագծով նախատեսվում էր հարկման նպատակով ունենալ գույքի գնահատման ճկուն համակարգ, որի պայմաններում շուկայական գնի փոփոխության դեպքում, ավտոմատ կերպով կփոխվեր գույքահարկի բազան, և գույքի սեփականատերը մշտապես կմուծեր գույքի շուկայական գնի համապատասխան գույքահարկ:
Մինչդեռ, ինչպես տեսնում ենք ընդունված նախագծով, այնպես էլ Կադաստրի կոմիտեի կողմից ներկայացված հաշվիչով, նախընտրել են չբարդացնել իրենց աշխատանքը և ընդունել են շուկայական գների վրա հիմնված գույքահարկի համակարգ: Սա վկայում է ներկայիս իշխանությունների ոչ միայն ալարկոտության, այլև պետական համակարգում բարձր մասնագիտական ունակություններ և փորձ ունեցող կադրերի պակասի մասին։
Գույքահարկի բարեփոխումների օրենսդրական փաթեթում նախատեսված չեն գույքահարկի բարձրացման սոցիալական բացասական ազդեցությունները մեղմող միջոցառումներ և կարգավորումներ, իսկ չհարկվող շեմի բացակայության արդյունքում սոցիալական բեռն աճում է անհավասար, և կրկին ակներև է դառնում նախագծի անարդյունավետությունը։
Կառավարության ներկայացուցիչների խոսքով, գույքահարկի հաշվարկման նոր համակարգը միտված պետք է լիներ, այսպես կոչված, դղյակներն առավել համարժեք հարկելուն, սակայն, ըստ էության, գույքահարկի միջին բեռն առավել մեծ չափով աճում է այն քաղաքներում և մարզերում, որտեղ գույքի արժեքը ցածր է, սակայն բացարձակ արժեքով հարկային բեռն ավելի շատ աճում է բարձրարժեք գույքի համար:
Օրինակ՝ Գավառում, Կապանում, Գորիսում, Արարատում բնակարանների գույքահարկի գործող միջին արժեքները գրեթե զրոյական են, քանի որ դրանց գերակշիռ մասի արժեքը ցածր է եղել չհարկվող շեմից: Հետևաբար՝ այդ քաղաքներում բնակարանների գույքահարկի բեռն աճում է ամենաբարձր տեմպերով: Իսկ Կենտրոն համայնքում կա մոտ 400 բնակարան, որի գույքահարկը բացարձակ արժեքով աճելու է ավելի քան 500 հազար դրամով, այդ թվում՝ մոտ 100 բնակարան, որի գույքահարկը բարձրանալու է ավելի քան 1 միլիոն դրամով:
Սա, բնականաբար, չափազանց բարձր կարող է լինել հավելյալ եկամուտ չունեցող քաղաքացիների համար, ովքեր, թեև ապրում են Կենտրոնում, բայց հարուստ չեն կամ թոշակառու են։ Երևանի ծայրամասային շրջաններում, որտեղ վերջին տարիներին զգալի բարձրացել են բնակարանների շուկայական գները, նույնպես սպասվում է հարկային բեռի զգալի աճ (օրինակ՝ Նոր Նորքում՝ միջինում մոտ 29.9 անգամ, Դավթաշենում՝ 25.9 անգամ, և այլն), որի հիմնական պատճառը չհարկվող շեմի վերացումն է:
Ճիշտ է, որոշում է ընդունվել քաղաքացիների համար սահմանել 6 տարվա անցումային ժամանակահատված հարկային բեռը նվազեցնելու նպատակով, սակայն փաստը մնում է փաստ, որ հարկային բեռն աճում է, այն էլ՝ բավական անհամաչափ կերպով:
Պարզից էլ պարզ է, որ քաղաքացին 6 տարի անց, միևնույն է, մուծելու է այդ գումարն ամբողջությամբ, և դժվար թե Կառավարությունը կարողանա այդ 6 տարիների ընթացքում ապահովել աշխատավարձերի կամ թոշակների համապատասխան բարձրացում։ Եվ, չգիտես, թե ինչու, ոչ ոք չի անդրադառնում այն փաստին, որ այս անցումային ժամանակահատվածի արտոնությունից օգտվելու են նաև գերթանկարժեք առանձնատների սեփականատերերը, մինչդեռ, բարձրարժեք գույքի արդարացի հարկման սկզբունքից ելնելով, առավել արդար կլիներ նրանց պարագայում բացառել այդ անցումային ժամանակահատվածի կիրառումը։
Ի թիվս այլ բացթողումների՝ վտանգի տակ է դրված նաև համայնքների բյուջեների եկամուտների ակնկալվող ավելացումը, քանի որ գույքահարկի օրենսդրական փաթեթում նախատեսված չեն վարչարարության բարելավմանն ուղղված միջոցառումներ, ինչի արդյունքում հնարավոր է գույքահարկի և հողի հարկի հավաքագրման թերակատարում։
Արդյունքում արձանագրում ենք, որ փոփոխությունները, բացի նրանից, որ ուժի մեջ են դրվել այն պայմաններում, երբ աշխատանք չի տարվել բացթողումների բացահայտման և վերացման ուղղությամբ, իսկ առկա խնդիրներին համապատասխան լուծումներ գտնված չեն, նաև նախագիծն ինքնին հեռու է գույքի արդար հարկելու սկզբունքից, քանի որ չի ծառայում այն բուն նպատակին, որն ի սկզբանե առաջադրել էր Կառավարությունը․ հարկային բեռը զգալի աճում է սոցիալապես անապահով և միջին խավի քաղաքացիների համար, իսկ դղյակների սեփականատերերին տրվում են նույն արտոնությունները, ինչ սոցիալապես անապահովներին։