Մարդիկ սկսել են ծախսե՞լ խնայողությունները, թե՞ փողը փախչում է

Բանկային համակարգում տեղի են ունենում իրադարձություններ, որոնք լրջորեն մտորելու տեղիք են տալիս։ 2 ամիս անընդմեջ ավանդները կրճատվում են։ Այն էլ՝ ոչ պակաս մեծ տեմպերով։

Սա ահազանգ է, ինչից արժեր անհանգստանալ։ Հատկապես որ, դրա համար պատճառներ կան։

Տնտեսությունը Հայաստանում լավ օրեր չի ապրում։ Բոլոր ոլորտներում տեղի է ունենում ակտիվության անկումը։ Դա հանգեցրել է՝ ինչպես բազմաթիվ աշխատատեղերի փակման, այնպես էլ՝ հասարակության եկամուտների կրճատման։

Զրկվելով եկամուտներից՝ մարդիկ, ըստ էության, սկսել են ծախսել հետ գցած գումարները։ Խոսքը բանկային խնայողությունների մասին է, որոնք 2 ամիս անընդմեջ կրճատվել են։

Բնակչության բանկային խնայողությունների նվազում արձանագրվեց նախ մարտին, երբ տնտեսությունը նոր-նոր սկսում էր կրել համավարակի ազդեցությունը։ Բայց այդ փուլում անկումը դեռ մեծ չէր։ Հատկապես որ, այն ավելի շատ կապված էր արժութային շուկայի դրսևորումների, մասնավորապես՝ դրամի թուլացման հետ։ Կարճ ժամանակահատվածում դոլարի փոխարժեքը 480-ից մոտեցավ 510 դրամի սահմանին։ Դրա հետևանքով ավանդատուների շրջանում ձևավորվեցին որոշակի սպասումներ։ Նրանց մի մասը շտապեց բանկերից հանել իր դրամային խնայողությունները՝ հնարավոր կորուստներից զերծ մնալու համար։

Այդ գումարների մի մասը վերածվեցին դոլարի և վերադարձվեցին, իսկ մյուս մասը մարդիկ այնուհանդերձ գերադասեցին պահել տանը՝ հավանաբար սպասվող սոցիալական խնդիրները լուծելու համար։

Բարեբախտաբար, Կենտրոնական բանկին հաջողվեց արագ կայունացնել արժութային շուկան, թեև ստիպված էր դրա համար բավական մեծ քանակությամբ տարադրամային միջոցներ ծախսել։ Արդեն մարտի վերջին արժութային շուկայի սպասումներն աստիճանաբար թուլացան, դոլարի գինը կրկին նվազեց և կայունացավ հիմնականում նախկին փոխարժեքների տիրույթում։

Թվում է, թե դրանից հետո բանկային համակարգից սկսված ավանդների դուրսբերման պրոցեսը պիտի կանգներ։ Բայց ապրիլին բնակչության բանկային խնայողությունները շարունակել են նվազել։ Այն էլ՝ բավական մեծ տեմպով։

Դրանում, անշուշտ, կա ազգային արժույթի, այս անգամ՝ արժևորման ազդեցությունը, բայց այդ ազդեցությունն այնպիսին չէր, որ կարող էր նման մեծ տեղաշարժ առաջացնել ավանդների ցուցանիշներում։

Պաշտոնական տվյալներով՝ ապրիլին բնակչության բանկային ավանդները մարտի համեմատ նվազել են ավելի քան 44 մլրդ դրամով։ Այն համարժեք է 90 մլն դոլարի։ Այս փոփոխությունը տեղի է ունեցել ընդամենը 1 ամսվա ընթացքում։ Եթե հաշվի առնենք, որ ապրիլին ընդհանրապես նոր ավանդներ չեն դրվել, ինչը, իհարկե, այդպես չէ, ապա ստացվում է, որ առնվազն այդքան գումար դուրս է բերվել բանկային համակարգից։

Մարտին ևս ավանդները նվազել էին, բայց ոչ այն տեմպերով, ինչ տեմպերով՝ ապրիլին։ Մարտին բնակչության բանկային խնայողությունները կրճատվել էին ընդամենը 5,6 մլրդ դրամով։ Ապրիլին տեմպը գրեթե 8 անգամ ավելին է եղել։ Մինչ այդ, բնակչության բանկային խնայողությունները Հայաստանում կանոնավոր ավելանում էին։ Ամեն ինչ փոխվեց այն բանից հետո, երբ տնտեսությունն ու հասարակությունը բախվեցին համավարակի ալիքի հետ։ Համավարակ, որին իշխանությունները սկզբում ծաղր ու ծանակով էին վերաբերվում։ Հետևանքները տեսնում ենք՝ ինչպես տնտեսության և հասարակության առողջության, այնպես էլ՝ ֆինանսական համակարգի վրա։

Արտաքուստ ֆինանսական համակարգում հանգիստ է, թեև կարծես տեղի են ունենում պրոցեսներ, որոնք ոչ միշտ են տեսանելի։ Ապրիլին բանկային խնայողությունների ոլորտում արձանագրված միտումները վկայում են, որ, ինչպես տնտեսության մեջ, այնպես էլ հասարակական կյանքում տեղի են ունենում որոշակի փոփոխություններ։

Կրճատվել են մարդկանց եկամուտները, այդ թվում՝ ինչպես ներսից, այնպես էլ՝ դրսից։

Ներսի եկամուտների առումով ամեն ինչ կարծես պարզ է՝ տնտեսական պրոցեսները շարժվում են անկման ուղղությամբ։ Արտաքին եկամուտների կրճատումը կապված է տրանսֆերտների հետ։ Հայաստանում մեծ թիվ են կազմում այն քաղաքացիները, որոնք նստած են արտաքին ֆինանսական փոխանցումների վրա։ Հատկապես գյուղական բնակավայրերում մարդկանց եկամտի հիմնական աղբյուրն արտագնա աշխատանքն է, որն այս տարի շատերին կանգնեցրել է փաստի առաջ։

Պաշտոնական տվյալներով՝ տարեսկզբի 4 ամիսներին արտաքին տրանսֆերտները 17 տոկոսով նվազել են։ Միայն ապրիլին կրճատումը հասնում է 37 տոկոսի։

Պետք է ենթադրել, որ հասարակության եկամուտների նվազումը բերել է նրան, որ ավանդատուների մի մասը ստիպված է եղել ծախսել բանկային խնայողությունները։

Սա լավ երևույթ չէ։ Թեև մյուս կողմից՝ ուզած թե չուզած, պետք է ընդունենք, որ տնտեսական ճգնաժամը խնդիրներ է ստեղծել տասնյակ-հազարավոր քաղաքացիների համար։ Վատացել է նրանց սոցիալական վիճակը։

Պաշտոնական տվյալներով՝ ապրիլին Հայաստանում փակվել է շուրջ 12 հազար աշխատատեղ։ Ավելի քան 59 հազար մարդ աշխատավարձ չի ստացել։ Առնվազն այդքան մարդ ապրիլին կորցրել է իր եկամտի հիմնական աղբյուրը ու ստիպված է եղել ինչ-որ կերպ հացի խնդիր լուծել։ Նրանց մի մասն էլ, հավանաբար, դա արել է նախկինում կատարած բանկային խնայողությունների հաշվին։ Տեղի է ունենում հասարակության աղքատացման պրոցեսը, որը միշտ էլ ուղեկցվում է բանկային խնայողությունների նվազմամբ կամ առնվազն աճի դանդաղումով։

Թեև ավանդների արտահոսքը կարող էր ունենալ նաև այլ պատճառներ։ Խոսքն այն ռիսկերի մասին է, որոնք վերջին շրջանում ի հայտ են եկել բանկային գաղտնիքի, ինչպես նաև՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հետ կապված։ Թե՛ մեկը, և թե՛ մյուսը կարևոր գործոններ են բանկային խնայողությունների համար։ Ու չի բացառվում, որ դրանք ևս իրենց ազդեցությունն են ունեցել ֆինանսական միջոցների արտահոսքի վրա։

Տարօրինակ չէ, որ ապրիլին նվազել են բացառապես տարադրամային ավանդները։ Պաշտոնական տվյալներով՝ մարտին բնակչությունը բանկերում ունեցել է շուրջ 907 մլրդ դրամի արտարժութային խնայողություն։ Արդեն ապրիլին դրանք կազմել են 849 միլիարդ կամ կրճատվել են 58 մլրդ դրամով։ Խոսքը շուրջ 120 մլն դոլարի մասին է։

Ո՞ւր են գնացել այս գումարները։

Ցանկացած պարագայում գործ ունենք երևույթի հետ, որը մտահոգվելու առիթ է տալիս։ Հաճախ չի լինում, որ բանկային համակարգում ավանդները 2 ամիս անընդմեջ նվազեն։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս