Արմեն Սարգսյանը, Արման Բաբաջանյանը, Ինդոնեզիայում ՀՀ դեսպանը, անհայտ ծագման Health Tone-ի քարոզիչները և վարակված լրագրողները
Ապրիլի 1-ին ԶԼՄ-ներում պաշտոնական հաղորդագրություն տարածվեց. «ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել հայտնի գիտնական, գենետիկայի ոլորտում ուսումնասիրություններով զբաղվող պրոֆեսոր Յոզեֆ Բաբիկյանի հետ»:
Ըստ հաղորդագրության՝ զրուցակիցներն անդրադարձել են Բաբիկյանի՝ մարդու իմունային համակարգի բարձրացմանն ու վերականգնմանն ուղղված բնական և օրգանական նյութերին վերաբերող ուսումնասիրություններին, նրա կողմից Հայաստանում հիմնադրված «Ռեա ֆարմասյութիքլ» (Rhea Pharmaceutical) լաբորատորիայում հայ գիտնականների հետ համատեղ իրականացվող աշխատանքներին: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը և Բաբիկյանը քննարկել են կորոնավիրուսի գլոբալ համավարակի խնդիրները և Հայաստանում դրա դեմ պայքարի հարցում համագործակցության հնարավորությունները:
Այնուհետև նշվում էր, որ Բաբիկյանը ներկայումս «Չարոեն Պոկպհանդ Ինդոնեզիա» (Charoen Pokphand Indonesia) ընկերության գլխավոր գիտնականն է: «Չարոեն Պոկպհանդը» խոշորագույն բազմաֆունկցիոնալ ընկերություն է, որը գործում է Թաիլանդում, Չինաստանում և Ինդոնեզիայում: Ամբողջ աշխարհով մեկ նրանց կողմից իրականացվող գործունեության արդյունքում ընկերության շրջանառությունը կազմում է ավելի քան 60 մլրդ ԱՄՆ դոլար:
Ի դեպ, նկատենք, որ նախագահ Արմեն Սարգսյանը բազմաթիվ հեռախոսազանգեր և հանդիպումներ է ունենում, բայց ոչ բոլորն են արժանանում պաշտոնական, ավելին՝ մանրամասն պրեզենտացիոն հաղորդագրությամբ հիշատակման:
Արմեն Սարգսյանը, Արման Բաբաջանյանը և Health Tone-ը
Նախագահի աշխատակազմից տարածված այս հաղորդագրությունից հետո 168.am-ն ահազանգ ստացավ, որ շատ կասկածելի մի դեղամիջոց՝ Health Tone անվանումով, պարտադրվում է բուժհաստատություններին՝ որպես կորոնավիրուսը բուժող միջոց: Ավելին, մեր աղբյուրների տեղեկացմամբ՝ դրա պրոպագանդման գործընթացում ներգրավված են ոչ միայն նախագահ Արմեն Սարգսյանը, այլև ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը և սրճարանային բիզնեսով զբաղվող մի գործարար, որի գրասենյակ հաճախակի է այցելում Բաբաջանյանը, և որի անունը դեռ չենք հրապարակում:
Այդ ընթացքում փորձում էինք մասնագիտական տեղեկատվություն ստանալ Health Tone կոչվող միջոցի և Յոզեֆ (Հովսեփ) Բաբիկյանի մասին: Համացանցում և մասնագիտական լուրջ աղբյուրներում տեղեկատվություն չկար, կասկածելի աղբյուրներում շատ սահմանափակ մեկ-երկու անդրադարձ կար: Այդ ընթացքում տեղեկություն ստացանք, որ ՀՀ ՊՆ կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալում այն կիրառվում է, և ՀՀ Առողջապահության նախարարությունը շրջաբերական է իջեցրել դրա վերաբերյալ:
Ահազանգ՝ կասկածելի դեղամիջոց-հավելումը բուժհաստատություններում
Այն դեպքում, երբ աշխարհի գիտականները, խոշորագույն գիտական, առողջապահական հաստատությունները փորձում են գտնել կորոնավիրուսը բուժող միջոցը կամ պատվաստանյութը, Հայաստանում անհայտ ծագման հավելում-միջոց են կիրառում՝ այն ներկայացնելով որպես բուժման միջոց:
«168 Ժամ» թերթի խմբագիր Սաթիկ Սեյրանյանը Health Tone հավելման մասին 168.am-ի «Պրեսսինգ» հաղորդաշարի ընթացքում, (26:30 րոպեից) մայիսի 16-ին առաջին անգամ ահազանգ հնչեցրեց կենսաբանական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտաշխատող Հովակիմ Զաքարյանի հետ զրույցի ժամանակ:
«Ես բացարձակ ոչ այս դեղամիջոցի մասին որևէ ինֆորմացիա ունեմ, առավել ևս ոչինչ չգիտեմ այն ընկերության մասին, որը զբաղվում է այս միջոցի արտադրությամբ, ես ծանոթ չեմ նաև Յոզեֆ Բաբիկյան գիտնականին: Կան հայտնի հայ գիտնականներ, որոնք Հայաստանից դուրս են: Ես իր մասին որևէ ինֆորմացիա չեմ ունեցել, բայց չեմ էլ բացառում, որ միգուցե ինչ-որ հետազոտություններով տվյալ անձը զբաղվել է»,- ասել էր Հովակիմ Զաքարյանը:
Ս. Սեյրանյանը նաև նշել էր, որ այդ հավելումը տրվում է նաև բանակում՝ ներկայացնելով սոցցանցերում և համացանցում՝ ինդոնեզական աղբյուրներում տարածված-հաստատող տեղեկատվությունը, ինչին Ֆեյսբուքում արձագանքել էր ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:
««Pressing» հաղորդման շրջանակներում, անդրադառնալով Covid-19-ի բուժմանն աջակցող «ՀելթՏոն» ակտիվ հավելման լուծույթին, հղում անելով անհայտ աղբյուրի, նշվել է, թե «մեր բանակում էլ են ինչ-որ փորձարկումներ լինում»:
Պարզաբանելով վերոնշյալը՝ ընդգծում եմ, որ տվյալ լուծույթը 2019թ. սահմանված կարգով պաշտոնապես գրանցվել է, և կլինիկական փորձարկման մասին խոսք լինել չի կարող, ավելին՝ բանակում տվյալ միջոցի փորձարկման մասին օգտագործված տեղեկատվությունը մանիպուլյացիա է»,- գրել էր նա:
Անդրադառնալով պրոֆեսոր Յոզեֆ Բաբիկյանի այն պնդումներին, որ կորոնավիրուսի դեմ պայքարում արդյունավետ միջոց է «Health Tone» սննդային հավելումը, հունիսի 10-ին 168.am-ի եթերում ԵՊԲՀ դասախոս, համաճարակաբան Արման Բադալյանն ասաց. «Հավելումները միջին տեղ են գրավում սննդի և դեղերի միջև, և թե ո՞ր կողմ դրանք կձգվեն, այդ հարցի պատասխանը ես չգիտեմ և կարծում եմ՝ այդ հարցը երբեք էլ պատասխան չի ստանա։ Կոնկրետ այս հիվանդության հետ կապված կամ որևէ այլ հիվանդության հետ կապված՝ կլինի դեղ, հավելում թե պատվաստանյութ, պետք է ենթարկվի գիտական բնույթ կրող կլինիկական փորձարկումների, որպեսզի ապացուցեն, որ դա անվտանգ և արդյունավետ է. դա չգրված օրենք է»։
Հարցին՝ տեղյա՞կ է արդյոք՝ Health Tone սննդային հավելումն անցե՞լ է կլինիկական փորձարկում, Բադալյանը պատասխանեց. «Ոչ, բնականաբար, ես ծանոթ չեմ։ Եթե արվել են այդ փորձարկումները, ապա որտե՞ղ են դրանք։ Առանց այդ փորձարկման՝ որևէ մեկը չի տա լիցենզիա, ես ծանոթ չեմ փորձարկմանը»։
Եվ սա՝ այն դեպքում, երբ Health Tone կոչվող, մասնագետներին անհայտ դեղամիջոց-սննդային հավելումը լայնորեն պրոպագանդվում է, և քաղաքացիներն այն որոշ դեղատներից ձեռք են բերում 1 տուփը 7000 դրամով:
Ինդոնեզիայում ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանի զանգը
Մայիսի 17-ին Ինդոնեզիայում ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանը կապ է հաստատում Սաթիկ Սեյրանյանի հետ՝ «մի կարևոր հարցով խոսելու» նպատակով: Այդ կարևոր հարցը Յոզեֆ Բաբիկյանն էր և Health Tone հավելումը: Նա ջանասիրաբար ներկայացնում էր Բաբիկյանի անձը, ֆինանսական կարողությունները՝ հորդորելով լուրջ վերաբերվել նրա ստեղծած դեղամիջոցին, որը, ըստ դեսպանի, բուժում է կորոնավիրուսը: Իհարկե, Ձյունիկ Աղաջանյանի և Սաթիկ Սեյրանյանի հեռախոսազրույցը շատ կոշտ ավարտ ունեցավ: Վերջինիս հետաքրքրում էր, թե տիկին դեսպանի շահագրգռվածությունն ինչո՞ւմ է, և արդյո՞ք նա բոլոր գործարարների, գիտնականների դեպքում է զանգահարում հայաստանյան լրատվամիջոցներին՝ բարենպաստ ֆոն ապահովելով ֆինանսական լայն հնարավորություններով Բաբիկյանի գործունեության համար:
Պաշտոնական հարցումներ նախարարություններին և Բաբիկյանին
168.am-ը գրավոր հարցումներ էր ուղարկել և ՀՀ Պաշտպանություն, և թե՛ Առողջապահության նախարարություններ: Ինչպես նաև Ինդոնեզիայից այն անձանց, ովքեր համացանցում այդ մասին տեղեկատվություն էին տարածել, այդ թվում՝ ՀՀ առողջապահության նախարարության շրջաբերականը:
Առողջապահության նախարարությանը հետևյալ հարցերն էինք ուղղել՝
1. Պրոֆեսոր Հովսեփ Բաբիկյանի մշակած բանաձևով «Ռհեա ֆարմասյութիքլ» (Rhea Pharmaceutical) ընկերության կողմից արտադրած կենսաբանական ակտիվ հավելման կիրառման նպատալահարմարության վերաբերյալ ԱՆ գլխավոր քարտուղար Լուսինե Քոչարյանը ընկերության տնօրեն Եվգենիա Մելքոնյանին հայտնել է, որ դրա կիրառումը կարող է դիտարկվել՝ որպես կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտների բուժմանն աջակցող միջոց:
Ի՞նչ լաբորատոր փորձարկումներ են արվել ակտիվ հավելման հետ կապված, որ ԱՆ-ն եկել է նման եզրահանգման: Ովքե՞ր են ստորագրել այդ եզրակացությունը, ի՞նչ հիմնավորումներ են ներկայացված:
2. Ակտիվ հավելման ի՞նչ խմբաքանակ է ձեռք բերված ԱՆ կողմից, ո՞ր բժշկական կենտրոնի պացիենտներին են դրանք տրվում, ի՞նչ արդյունքներ կան գրանցված, տարվո՞ւմ է արդյոք վիճակագրություն, թե որքանով է օգտակար ակտիվ հավելումը COVID-19-ով հիվանդների բուժման համար:
3. Պրոֆեսոր Բաբիկյանը ներկայումս «Չարոեն Պոկպհանդ Ինդոնեզիա» (Charoen Pokphand Indonesia) ընկերության գլխավոր գիտնականն է: «Չարոեն Պոկպհանդ»-ն խոշորագույն բազմաֆունկցիոնալ ընկերություն է, որը գործում է Թաիլանդում, Չինաստանում և Ինդոնեզիայում:
Ինդոնեզական աղբյուրները նշում են, որ դեռևս ապրիլ ամսի դրությամբ այդ ակտիվ հավելումը փորձարկման փուլ էր անցնում Ինդոնեզիայում: Արդյո՞ք Ինդոնեզիայում փորձարկումից հետո է որոշվել այն կիրառել նաև Հայաստանում, թե՞ հակառակը:
Առողջապահության նախարարությունից 168.am-ին պատասխանել են, որ ԱՆ-ն կենսաբանական ակտիվ հավելումների փորձաքննություն չի իրականացնում, քանի որ նշված գործառույթը նախարարության իրավասությունից դուրս է: Rhea Pharmaceutical ընկերության ակտիվ հավելումը գրանցված է Հայաստանում AM.01.48.01.003.8.000024.03.19 համարի տակ՝ 2019թ. մարտի 12-ին, ինչպես նաև ունի ԵԱՏՄ գրանցում:
Միաժամանակ ԱՆ-ից հայտնել են, որ Արտաքին գործերի նախարարության 2020թ. մարտի 17-ի թիվ 1105/6032-20 գրությամբ ներկայացված պրոֆեսոր Հովսեփ Բաբիկյանի մշակած բանաձևով Rhea Pharmaceutical ընկերության արտադրած կենսաբանական ակտիվ հավելման կիրառման նպատակահարմարությունը քննարկվել է Առողջապահության նախարարությունում (ԱՆ) ոլորտային խորհրդատուների և առաջատար մասնագետների հետ համատեղ:
Թե ովքեր են ոլորտային խորհրդատուներն ու առաջատար մասնագետները՝ հայտնի չէ, չի նշվում:
Քննարկման արդյունքում, ինչպես տեղեկացնում են ԱՆ-ից, ընդամենը փաստվել է, որ Rhea Pharmaceutical ընկերության արտադրած կենսաբանական ակտիվ հավելման կիրառումը կարող է դիտարկվել միայն որպես կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պացիենտների բուժմանն աջակցող միջոց:
Նշվում է նաև, որ ԱՆ կողմից կենսաբանական ակտիվ հավելման խմբաքանակ ձեռք չի բերվել և համապատասխան բժշկական կազմակերպություններին չի տրամադրվել:
Նկատենք, որ ԱՆ-ում համարել են, որ պատասխանել են մեր 3-րդ հարցին, ու այլևս դրան չեն անդրադարձել:
Հարցմամբ դիմել էինք նաև ՀՀ Պաշտպանության նախարարություն՝ խնդրելով պատասխանել, թե արդյո՞ք Հովսեփ Բաբիկյանի բանաձևով մշակված ինդոնեզիական RHEA Pharmaceutical ընկերության արտադրած կենսաբանական ակտիվ հավելումը բանակում կիրառվում է՝ որպես կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պացիենտների բուժմանն աջակցող կամ կանխարգելող միջոց: Եթե այո՝ երբվանի՞ց, և ի՞նչ խմբաքանակ է տրվել Պաշտպանության նախարարությանը, բանակին, ի՞նչ որոշման հիման վրա և ի՞նչ պայմաններով, ի՞նչ միջոցներով է այն ձեռք բերվել:
ՊՆ-ից էլ մեզ պատասխանել էին, որ Առողջապահության նախարարության ոլորտային խորհրդատուների և առաջատար մասնագետների կարծիքների, ինչպես նաև ՀՀ ԱՆ գլխավոր քարտուղարի «ՌԻԱ ֆարմասյուիթիքլ» ՍՊԸ-ին հասցեագրված գրությունը, նույն ընկերության արտադրած ակտիվ հավելումը կիրառվում է կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պացիենտների բուժմանն աջակցող միջոց:
Մնացած հարցադրումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը ՊՆ-ն մերժել էր՝ հղում կատարելով որոշ օրենքների:
Այսինքն՝ Պաշտպանության նախարարությունը չի հերքել, որ այն կիրառվում է:
Մոլորեցնող քարոզչության նպատակը
Հունիսի 1-ին արդեն 1in.am կայքի հաղորդավար Գոհար Հայրապետյանը ֆեյսբուքյան ծավալուն գրառմամբ անդրադարձ էր կատարել Յոզեֆ Բաբիկյանի հայտնագործությանը՝ նախ բարձրագոչ հայտարարություն անելով այն մասին, որ գտնվել է կորոնավիրուսի դեմ էֆեկտիվ միջոցը, ապա քարոզելով ընդունել այն, վերջում էլ գովազդելով գինն ու այն դեղատները, որտեղից կարելի էր այն ձեռք բերել:
«Կորոնավիրուսի դեմ պայքարող էֆեկտիվ միջոցը գտել են Հայաստանում:
Որքան էլ, որ անհավանական դա թվա, բայց այդպես է: Դեռևս 2016 թվականին Ինդոնեզիայում ապրող մեր հայրենակից, գիտնական պրոֆեսոր Յոզեֆ Բաբիկյանը 5 տարբեր բուսական յուղերից ստեղծել է հակաբորբոքային հավելուկ, որը կանխարգելում է տարբեր տիպի վիրուսային պրոցեսներ, իսկ 2020թ. պարզվեց, որ նաև կորոնավիրուսը: Այն ոչ միայն կանխարգելում է կոնորավիրուսը, այլև վարակվելու դեպքում օգնում է շատ թեթև տանել հիվանդությունը:
Պրոֆեսոր Բաբիկյանը դիմել էր Արման Բաբաջանյանին՝ խնդրանքով ներկայացնել այն համապատասխան մարմինների, քանի որ ուզում էր, որ այն անպայման մնա Հայաստանում: Այժմ Health Tone-ն ընդունվել է իբրև օժանդակ միջոց նախարարության կողմից կորոնավիրուսի դեմ պայքարում:
Ես հասկանում եմ, որ սա քաղաքական և միջազգային համատեքստ ունեցող թեմա է, և իշխանությունները չեն կարող բուսական հավելուկի մասին բարձրաձայնել, քանի որ այն ավանդական դեղ չէ: Բայց պահը հասունացել է: Մեր ողջ խմբագրությունն արդեն մի քանի շաբաթ է խմում է Health Tone հավելուկը: Եվ դեռևս ոչ մի դեպք չի գրանցվել, թեև լրագրողները ռիսկի բարձր գոտիում են: Եվ այն բժիշկները, որոնք խմում են դեղը, ևս խուսափել են վարակից: Իբրև լրագրող՝ պարտքս եմ համարում լայն շերտերին իրազեկել սրա մասին, թող հանրությունն ինքը որոշի՝ ուզո՞ւմ է այն օգտագործել, թե՞ ոչ: Health Tone հավելուկը վաճառվում է մեկ կամ երկու դեղատներում դեռևս 2019 թվականից՝ իր գրանցման օրից: Մաշտոցի պողոտայի Medicus Pharmacy դեղատանը կա: Գինը 7 հազար դրամ է»,- գովազդել էր Արման Բաբաջանյանին պատկանող լրատվամիջոցի հաղորդավարը:
Ավելի վաղ՝ մայիսի 25-ին, նույն 1in.am կայք-ում հարցազրույցի ժամանակ իմունաբան Տիգրան Դավթյանը հայտարարել էր, որ Health Tone սննդային հավելումը Հայաստանում ստեղծված բացառիկ բուսական միջոց է, որն ունի բազմաթիրախային ազդեցության առանձնահատկություն, կարող է օգտագործվել նաև կորոնավիրուսի կանխարգելման և բուժման նպատակով:
Հարցազրույցի վերնագիրը՝ «Հայաստանում ստեղծվել է կորոնավիրուսի կանխարգելման և բուժման բացառիկ բուսական միջոցը․ Իմունաբան Տիգրան Դավթյան», ըստ էության, ամբողջովին կեղծիք էր պարունակում, որը մոլորեցնում էր հանրությանը: Քաղաքացիները, վարակի հետևանքներից սարսափած, բնականաբար, գնում էին այդ թանկարժեք հավելումը, որը ներկայացվում-գովազդվում էր՝ որպես կանխարգելող և բուժող միջոց:
«Տղամարդկանց մոտ այս նյութի տևական օգտագործումը կարող է առաջացնել տեստոստերոնի մակարդակի նվազում»
Միայն մամուլում և սոցցանցային տիրույթում բարձրացված աղմուկից հետո, ի վերջո, Առողջապահության նախարարությունը հաղորդագրություն տարածեց առ այն, որ Health Tone-ը Հայաստանում գրանցված է՝ որպես սննդային հավելում, ոչ թե դեղամիջոց, ուստի չի կարող հանդիսանալ բուժական դեղամիջոց` կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում:
«Առողջապահության նախարարությունը սննդային հավելումները գրանցելու գործառույթ չունի: Ինչպես ցանկացած սննդային հավելում, այնպես էլ սա պացիենտին կարող է տրվել՝ որպես աջակցող միջոց: Հավելենք, որ որևէ պաշտոնական ուղեցույց բուժման գործընթացում չի ներառում այս սննդային հավելումը»,- նշված էր ԱՆ պարզաբանման մեջ: Եվ սա՝ այն դեպքում, երբ ՀՀ նախագահի, ԱԺ պատգամավորի, դեսպանի և իմունաբանի կողմից այն պրոպագանդվում է հասարակության շրջանում: Ավելին, կիրառվում է որոշ բուժհաստատություններում, այդ թվում՝ ՀՀ ՊՆ կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալում:
Ավելի ուշ՝ բարձրացված աղմուկից հետո, հավելանյութի քարոզչությամբ զբաղվող հաղորդավար Գոհար Հայրապետյանը գրել էր, որ իր նպատակը ոչ թե օգուտ քաղելն է, հավելուկի գովազդից տոկոս ստանալը, այլ հանրության լայն շերտերին իրազեկելը: Քանի որ պրոֆեսոր Բաբիկյանը պատրաստ է ԱՆՎՃԱՐ տրամադրել հավելուկը մեր հայրենակիցներին, մարդկանց շահադիտական մեղադրանքները, մեղմ ասած, տգեղ են: «Կրկնում եմ` քաղաքական որոշումից հետո Անվճար տրամադրելը»,- գրել էր նա:
Թե ինչո՞ւ պետք է Յոզեֆ Բաբիկյանն անվճար տրամադրի հավելուկը՝ պարզ չէ, նաև այն, թե ինչու էր դիմել պատգամավոր Արման Բաբաջանյանին, որ այն ներկայացնի ՀՀ համապատասխան մարմիններին, երբ աշխարհի գիտնականները բառացիորեն գլուխ են կոտրում՝ գտնելու աշխարհը ծնկի բերած վարակի բուժման և կանխարգելման միջոցը, պատվաստանյութը:
Նաև անհասկանալի է, իհարկե, թե ինչ ասել է՝ քաղաքական որոշում, որովհետև եթե չլիներ քաղաքական որոշումը, չէր վաճառվի նշված սննդային հավելումը դեղատներում, իսկ եթե պատրաստ է անվճար տրամադրել, ինչո՞ւ է հիմա այդքան թանկ գնով վաճառվում:
Հունիսի 2-ին այս սննդային հավելման վերաբերյալ իր մտահոգություններն էր հայտնել նաև «Նաիրյան կոսմետիկս» ընկերության հիմնադիր Անահիտ Մարկոսյանը, ով իր ֆեյսբուքյան էջում իր մտահոգությունն էր արտահայտել.
«Ապրիլի 20-ին ԱՆ-ի նախաձեռնությամբ ինֆեկցիոնիստների, վիրուսոլոգների, ռեանիմատոլոգների, ինչպեսև «Ռիա Ֆարմասյութիքլ» ընկերության ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացվել է քննարկում։ Քանի որ այս բուսական հավելումը պատշաճ կերպով գրանցված է եղել, հակավիրուսային ազդեցությունը՝ ապացուցված, քննարկման արդյունքում որոշվել է, որ այն կարող է օգտագործվել՝ որպես բուժմանն աջակցող միջոց»: Հիմա նայենք ձախից գտնվող նկարին. առաջին հարցը ООО Стандарт Диалог ընկերությանը: Ինչպե՞ս եք կարողացել նման բաղադրության հայտարարագրությունը պատշաճ համարել և նյութին տալ «պատշաճ կերպով գրանցված»- ստատուս: Ինչո՞ւ չեք պահանջել կողմնական էֆեկտների մասին նշում կամ նրանց բացակայության ապացույցը:
ՀՀ ԱՆ, որպես ՀՀ քաղաքացի՝ ես պահանջում եմ ներկայացնել «հակավիրուսային ազդեցությունը՝ ապացուցված»-ի գիտական հիմքերը և փաստաթղթերը»:
Նույն գրառման մեկնաբանությունների մեջ Անահիտ Մարկոսյանը գրել էր նաև.
«Մի խոսքով, զգուշացնում եմ. այս նյութը պարունակում է եթերային յուղեր, Foeniculum vulgarae և Gardenia jasminoides, որոնք հակացուցված են այն մարդկանց, որոնք ունեն վերարտադրական օրգանների քաղցկեղներ, հղի կանանց և երեխաներին: Տղամարդկանց մոտ այս նյութի տևական օգտագործումը կարող է առաջացնել տեստոստերոնի մակարդակի նվազում: Կորոնավիրուսի բուժման աջակցության համար կարելի է կիրառել շատ ավելի անվտանգ և փորձված հակաօքսիդանտներ, որոնք են vitmin E, vitamin C, quercitin, EGCG, և այլն, և իհարկե ուրցի, դաղձի և պատրինջի թեյ: Մնացածը ինքներդ որոշեք»:
1in.am կայքի հաղորդավար Գոհար Հայրապետյանը շտապել էր փարատել «Նաիրյան կոսմետիկս» ընկերության հիմնադիր Անահիտ Մարկոսյանի մտահոգությունները՝ նրան հրավիրելով տեսակապով քննարկման Յոզեֆ Բաբիկյանի հետ: Որոշ ժամանակ անց հաղորդավարը լուսանկարներ հրապարակեց այդ քննարկումից, բայց այն աննկատ անցավ:
Երբ հավելուկի քարոզիչները վարակվում են
Ի դեպ, հիշեցնենք, Գոհար Հայրապետյանն իր գրառման մեջ նշել էր. «Մեր ողջ խմբագրությունն արդեն մի քանի շաբաթ է խմում է Health Tone հավելուկը: Եվ դեռևս ոչ մի դեպք չի գրանցվել, թեև լրագրողները ռիսկի բարձր գոտիում են: Եվ այն բժիշկները, որոնք խմում են դեղը, ևս խուսափել են վարակից: Իբրև լրագրող՝ պարտքս եմ համարում լայն շերտերին իրազեկել սրա մասին, թող հանրությունն ինքը որոշի՝ ուզո՞ւմ է այն օգտագործել, թե՞ ոչ»:
Բայց ցավալիորեն, փաստորեն, այնքան գովազդված «սպեղանին» սովորական փուչիկ դուրս եկավ: Այսօր վարակված են սննդային հավելումը ողջ խմբագրակազմով խմող լրատվամիջոցի լրագրողներ Նվեր Մնացականյանը, Աստղիկ Սափեյանը, Մարիամ Գրիգորյանը, մեր տեղեկություններով՝ այլ աշխատակիցներ ևս:
Իսկ թե ինչպես ստացվեց, որ նրանք, օգտագործելով Health Tone սննդային հավելումը, որի մասին մինչ այդ նշված լրատվամիջոցում լեգենդներ էին պատմվում, վարակվեցին կորոնավիրուսով, նրանք, թերևս, չեն մեկնաբանում: