«Health Tone» հավելումը կորոնավիրուսի դեմ անցե՞լ է կլինիկական փորձարկում, որտե՞ղ են դրանք». Համաճարակաբանը՝ կորոնավիրուսի սննդային հավելման մասին
Որպեսզի կարողանանք հստակ ճիշտ հաշվարկել, թե մենք երբ կհասնենք կորոնավիրուսի վարակման պիկին, նախ՝ պետք է հասկանալ, թե վարակը որքանով է տարածված, պետք է հստակ լինի, թե աղբյուրները որոնք են, դրանք միանվա՞գ են, թե՞ անընդհատ գործող, իսկ քանի որ այս ամենը մենք չգիտենք, հետևաբար՝ չենք էլ կարող ասել, թե կորոնավիրուսի վարակի տարածումը Հայաստանում երբ կհասնի իր գագաթնակետին։ Այսօր 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց ԵՊԲՀ դասախոս, համաճարակաբան Արման Բադալյանը։
«Լավագույն սցենարը հետևյալն է. բնակչության մոտ 30-35 տոկոսը պետք է վարակվի. մեր դեպքում ստացվում է՝ 800 հազար մարդ, ինչը բավական մեծ թիվ է։ Ինչ վերաբերում է պիկին, ապա դա չենք կարող հաշվարկել, քանի որ մեր այսօրվա թիվը՝ 13 հազար, վարակակիր է, բայց չգիտենք, թե չգրանցված դեպքերն ինչ թիվ են կազմում։ Պրոգնոզ անելու համար հստակ թվեր են պետք՝ մաթեմատիկական հաշվարկ անելու համար, բայց դա չկա»,- ասաց Բադալյանը՝ նշելով, որ պիկին հասնելը նաև կախված է նրանից, թե որքանով են երկրում պահում հակահամաճարակային միջոցառումները։
Ըստ Բադալյանի՝ թեև վարակման պիկին հասնելու օրը կանխատեսել դեռ հնարավոր չէ, սակայն ակնհայտ է, որ առողջապահական համակարգն աստիճանաբար հայտնվում է գերծանրաբեռնված վիճակում։
«Վարակման դեպքերի աճի հետ աճում է վարակված և ծանր վիճակում գտնվողների թիվը, իսկ դա էլ ավելի է ծանրաբեռնում համակարգը»,- ասաց Բադալյանը։
Նրա խոսքով՝ թեև բժշկական հանրությունը շատ ավելի վաղ էր առաջարկում Covid-19 կենտրոններ ունենալ բոլոր մարզերում, սակայն դրան արձագանք եղավ շատ ավելի ուշ, ինչը բերեց Երևանում գտնվող որոշ հիվանդանոցների գերբեռնվածության։
Անդրադառնալով հակահամաճարակային միջոցառումներից պարտադիր դիմակներ կրելու մասին հնչող տարակարծություններին՝ Արման Բադալյանը նկատեց, որ հետազոտությունները ցույց են տալիս, որ դիմակներն ունեն բավականին մեծ արդյունավետություն՝ իհարկե, պայմանավորված դիմակների տեսակով։
«Դիմակների արդյունավետությունը կախված է մի շարք գործոններից՝ առողջը կրո՞ւմ է, թե՞ ոչ, քամու ուժգնություն և այլն, սակայն այլ պաշտպանիչ միջոց մարդկությունը չի ստեղծել։ Օդակաթիլային ճանապարհով տարածվող ցանկացած վիրուսի դեպքում պետք է դիմակ կրել՝ անկախ նրանից՝ մարդը բա՞ց տարածքում է, թե՞ փակ. Չէ՞ որ բաց տարածքում չեն մնում, անպայման մտնում են փակ տարածք, հո չե՞ն հանելու անընդհատ։ Սա ես համեմատում եմ ամրագոտիներ կապելու խնդրի հետ, և ինչպես ամրագոտիների պարտադիր լինելու դեպքում կար վեճ, նույնն էլ այստեղ է։ Դիմակները պետք է դնել, սովորել դրանք մի քանի ժամը մեկ փոխել, հակառակ պարագայում՝ հենց սկսեցինք սելեկտիվ դա կրել, սխալվելու ենք։ Պետք է ձևավորել դիմակ կրելու մշակույթ. սա պետք է մնա ցմահ։ Դիմակ կրելը պետք է մնա ցմահ, որովհետև, եթե կորոնավիրուսն անցնի, կգան մյուս տեսակ վիրուսները, գրիպ և այլն»,- ասաց։
Անդրադառնալով կորոնավիրուսի դեմ օգտագործվող դեղամիջոցներին՝ համաճարակաբանը նշեց, որ կան դեղեր, որոնցից ամենահայտնին Քլորոքինն է, որը, սակայն, դեռ փորձարկման շրջանում է։
«Ֆրանսիացիների մի մեծ խումբ հրապարակել է հետազոտություն այս և այլ միջոցներ կիրառելու մասին։ Բայց դեղի օգտագործման համար նախ պետք է ունենալ հսկողական խումբ, որպեսզի չստացվի այնպես, որ, եթե օգուտ է տվել այս կամ այն դեղը, պատահական է ստացվել այդ օգուտը։ Ամբողջ աշխարհը սպասում է հետազոտությունների արդյունքներին, ասում են, որ՝ այո, Քլորոքինը բավականին էֆեկտիվ է, սակայն պետք է սպասել և տեսնել, թե հսկողական խումբն ինչ է արձանագրում, որպեսզի հասկանանք՝ այդ դեղն իսկապե՞ս անվտանգ և արդյունավետ է։ Համաշխարհային հանրությունը դեռ այդ բուժական միջոցին վերջնականապես չի հանգել, իսկ ինչ վերաբերում է վարակված քաղաքացիների հիվանդությունները վարելուն, ապա կարծում եմ, որ Առողջապահական համաշխարհային կազմակերպությունը տալիս է միջազգային չափանիշեր, և բոլորը շարժվում են այդ մոտեցումներով։ Ինչ վերաբերում է կոնկրետ Հայաստանին, ապա մենք ունենք բավականին շատ դեղերի արսենալ, որոնք հարակից հիվանդությունների վրա ազդող դեղեր են, ունենք բարդությունները կանխարգելող դեղեր, և կարծում եմ՝ շարժվում ենք ԱՀԿ-ի սահմանած չափանիշերով»,- ասաց Բադալյանը։
Անդրադառնալով պրոֆեսոր Յոզեֆ Բաբիկյանի այն պնդումներին, որ կորոնավիրուսի դեմ պայքարում արդյունավետ միջոց է «Health Tone» սննդային հավելումը, Արման Բադալյանն ասաց.
«Հավելումները միջին տեղ են գրավում սննդի և դեղերի միջև, և թե ո՞ր կողմ դրանք կձգվեն, այդ հարցի պատասխանը ես չգիտեմ և կարծում եմ՝ այդ հարցը երբեք էլ պատասխան չի ստանա։ Կոնկրետ այս հիվանդության հետ կապված կամ որևէ այլ հիվանդության հետ կապված՝ կլինի դեղ, հավելում թե պատվաստանյութ, պետք է ենթարկվի գիտական բնույթ կրող կլինիկական փորձարկումների, որպեսզի ապացուցեն, որ դա անվտանգ և արդյունավետ է. դա չգրված օրենք է»։
Հարցին՝ տեղյա՞կ է արդյոք՝ «Health Tone» սննդային հավելումն անցե՞լ է կլինիկական փորձարկում, Բադալյանը պատասխանեց.
«Ոչ, բնականաբար, ես ծանոթ չեմ։ Եթե արվել են այդ փորձարկումները, ապա որտե՞ղ են դրանք։ Առանց այդ փորձարկման՝ որևէ մեկը չի տա լիցենզիա, ես ծանոթ չեմ փորձարկմանը»։
Հարցազրույցի մանրմասները՝ տեսանյութում