«Կրասնոդար քաղաքում ձերբակալված ծխախոտի ստուգողական գործողությունների շրջանակը որևէ կերպ չի առնչվել ինձ հետ». ՊԵԿ փոխնախագահ
Շուրջ տասն օր առաջ ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց, որ մայիսի 12-ին Միքայել Մինասյանի` «Կրասնոդար քաղաքում ձերբակալվել է 40 տոննա քաշով հայկական առանց ակցիզ ծխախոտ» հրապարակման վերաբերյալ քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում իրականացվել են ստուգողական գործողություններ։ Դրանց շրջանակում Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի միջոցով հարցում է ուղարկվել Ռուսաստանի Դաշնության ոստիկանություն՝ առգրավված ծխախոտի արտահանող, ստացող կազմակերպությունների, դրանց լիազորված անձանց, տրանսպորտային կազմակերպությունների, ինչպես և ծխախոտի խմբաքանակների և տեսականու վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն ստանալու նպատակով։
«Այսպիսով, ստուգումների արդյունքում պարզվել է, որ հրապարակման մեջ վկայակոչված ծխախոտի խմբաքանակի վաճառքը, մատակարարումը և արտահանումը իրականացվել են ՀՀ և միջազգային օրենսդրությունների պահանջների պահպանմամբ և գործարքի շրջանակներում ՀՀ քաղաքացիների, բարձրաստիճան պաշտոնյաների, ՀՀ ԱԺ պատգամավորների կամ նրանց հարազատների կողմից ծխախոտի տվյալ խմբաքանակի արտահանման գործընթացում չարաշահումներ կատարելու վերաբերյալ փաստական տվյալներ ձեռք չեն բերվել»,- մասնավորապես նշվում էր հաղորդագրության մեջ:
168.am–ը ՊԵԿ փոխնախագահ Շուշանիկ Ներսիսյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք այդ գործողությունների շրջանակում լսել են նաև իրեն՝ հաշվի առնելով, որ Միքայել Մինասյանի հայտնի հրապարակման մեջ հիշատակվում էր նաև նրա անունը:
Ի պատասխան՝ ՊԵԿ փոխնախագահը հայտնեց. «Ոստիկանությունում իրականացվող՝ Կրասնոդար քաղաքում ձերբակալված ծխախոտի ստուգողական գործողությունների շրջանակը որևէ կերպ չի առնչվել ինձ հետ»։
Հիշեցնենք՝ 168.am-ն ավելի վաղ հրապարակել էր թեմայի վերաբերյալ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սիփան Փաշինյանի և Հրաչյա Հակոբյանի մեկնաբանությունները:
Այն ժամանակ հարցում էինք ուղարկել նաև ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանին, ստացել «պատասխան», որտեղ, սակայն, չկային կոնկրետ հարցադրումների պատասխանները:
Հիշեցնենք՝ իր ուղիղ եթերներում հենց նրանց անուններն էր հիշատակել Վատիկանում ՀՀ նախկին դեսպանը:
««Սիփանը, երբ սկսում է դա կազմակերպել, հասկանում է, որ չի կարող շրջանցել «ամենայն հայոց աներձագին», որովհետև Աննա Հակոբյանն է այն մարդը, որը որոշում է՝ ով և ինչ պետք է անի մաքսային տեսչությունում, որովհետև նա այնտեղ ունի դրածո՝ Շուշաննա Ներսիսյանը, որն ավելի հայտնի է «Նակոլկա Շուշո» մականունով:
Եվ ուրեմն, դիմում են Հրաչյա Հակոբյանին, նա համաձայնեցնում է Աննայի հետ, նա զանգահարում է, և կանաչ լույսերը վառվում են․ կարանտինի պայմաններում մի ամբողջ ինքնաթիռ մաքսանենգ ապրանքով մեկնում է ՀՀ-ից»,- ասել էր նա:
Ի դեպ, «ծխախոտային սկանդալի վերաբերյալ» Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան էջում տարածել էր նաև երկրորդ տեսանյութը «Մաքսանենգ ծխախոտով երկրորդ ինքնաթիռը կալանավորվեց. սրանք իսկականից գիժ են» խորագրով:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը և նրա եղբայրը՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, քաղաքացիական հայց են ներկայացրել ընդդեմ Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի: Հայցվորները պահանջում են հրապարակայնորեն ներողություն խնդրել, հրապարակայնորեն հերքել զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները և փոխհատուցել պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառած վնասը: Դատական հայցը մակագրվել է Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմենուհի Բադիրյանին:
Հայցվորների ներկայացուցիչ Լիլիթ Ենոքյանը 168.am-ի հետ զրույցում ասել էր, որ ներկայացված հայցի հիմքը Միքայել Մինասյանի ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութն է, որտեղ Մինասյանը, խոսելով «ծխախոտային սկանդալի» մասին, նշել էր նաև Աննա Հակոբյանի, Հրաչյա Հակոբյանի, ինչպես նաև «Իմ քայլը» խմբակցության մեկ այլ պատգամավորի՝ Սիփան Փաշինյանի անունները: