Շուշանիկ Ներսիսյանը ոչ հերքում, ոչ էլ հաստատում է Միքայել Մինասյանի կողմից իրեն հասցեագրված մեղադրանքները

Տևական ժամանակ է՝ հասարակական տարբեր շրջանակներում քննարկվում է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի տեսաուղերձում հիշատակված «ծխախոտային սկանդալը»: 168.am-ն արդեն հրապարակել է թեմայի վերաբերյալ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սիփան Փաշինյանի և Հրաչյա Հակոբյանի մեկնաբանությունները:

Աննա Հակոբյանի գրասենյակից մեր կողմից ուղղված գրավոր հարցերին պատասխանել էին. «Թեմայի հետ կապված ամեն ինչ հիշեցնում է զառանցանք, իսկ մենք զառանցանքները չենք մեկնաբանում»:

Այսինքն՝ Աննա Հակոբյանը հստակ չէր պատասխանել մեր հարցադրումներին: Նա գնահատել է Մ. Մինասյանի կողմից իրեն հասցեագրված մեղադրանքները՝ այդպես էլ չպատասխանելով մեր կոնկրետ հարցադրմանը՝ պատրաստվո՞ւմ է արդյոք դիմել համապատասխան մարմիններին՝ իրեն հասցեագրված շատ կոնկրետ մեղադրանքների վերաբերյալ:

Հարցում էինք ուղարկել նաև ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանին, և այսօր  ստացել ենք «պատասխանը», որտեղ, սակայն, չկան կոնկրետ հարցադրումների պատասխանները:

Հիշեցնենք, որ իր ուղիղ եթերներում հենց նրանց անուններն էր հիշատակել Վատիկանում ՀՀ նախկին դեսպանը:

168.amՇուշանիկ Ներսիսյանից, մասնավորապես, հետաքրքրվել էր.

«Երեկ (հարցումն ուղարկել էինք 13.05.2020թ., Մ. Մինասյանի եթերի հաջորդ օրը:- Զ.Դ.) երեկոյան տեսաուղերձով հանդես եկավ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։

Ի թիվս այլ հարցերի՝ Մինասյանը խոսեց «ծխախոտային սկանդալի» մասին՝ նշելով նաև Ձեր անունը, մեջբերում.

«Սիփանը, երբ սկսում է դա կազմակերպել, հասկանում է, որ չի կարող շրջանցել «ամենայն հայոց աներձագին», որովհետև Աննա Հակոբյանն է այն մարդը, որը որոշում է՝ ով և ինչ պետք է անի մաքսային տեսչությունում, որովհետև նա այնտեղ ունի դրածո՝ Շուշաննա Ներսիսյանը, որն ավելի հայտնի է «Նակոլկա Շուշո» մականունով:

Եվ ուրեմն, դիմում են Հրաչյա Հակոբյանին, նա համաձայնեցնում է Աննայի հետ, նա զանգահարում է, և կանաչ լույսերը վառվում են․ կարանտինի պայմաններում մի ամբողջ ինքնաթիռ մաքսանենգ ապրանքով մեկնում է ՀՀ-ից»:

  1. Դուք ինչպե՞ս կարձագանքեք այս հայտարարություններին, Աննա Հակոբյանի հետ ի՞նչ խոսակցություն եք ունեցել:
  2. Ինչպիսի՞ մասնակցություն եք ունեցել այս գործում:
  3. Ինչպե՞ս է տեղի ունեցել բեռնափոխադրումը:
  4. Ո՞ր երկրի կամ պետության համար էր նախատեսված ծխախոտը, ինչպե՞ս է այն հայտնվել Կրասնոդարում
  5. Արդյո՞ք պատրաստվում եք դիմել իրավապահ մարմիններին Միքայել Մինասյանի ուղիղ եթերում Ձեր հասցեին հնչեցրած մեղադրանքների վերաբերյալ»:

ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը մեր այս հարցադրումներին պատասխանել է.

«Հայտնում ենք, որ Երևանից մաքսանենգ ճանապարհով ծխախոտի արտահանման վերաբերյալ տեղեկատվության ՀՀ ՊԵԿ-ը չի տիրապետում, քանի որ ՀՀ ՊԵԿ-ում տվյալ պահին ՀՀ-ից ծխախոտի արտադրանքի արտահանման մաքսային ձևակերպումների հետ կապված մաքսային կանոնների խախտման դեպքերով վարույթներ չեն իրականացվում:

Տեղեկացնում ենք, որ ՀՀ-ից ծխախոտի «անօրինական» արտահանման վերաբերյալ որոշ լրատվամիջոցներում շրջանառվող լուրերին ՀՀ ՊԵԿ-ը անդրադարձել է պաշտոնական կայքում տեղակայված պարզաբանմամբ, որտեղ կարող եք գտնել Ձեր կողմից բարձրացված՝ ապրանքի արտահանմանը և մաքսային ձևակերպումներին վերաբերող հարցերի պատասխանները»:

Նշենք, սակայն, որ ո՛չ մեզ հասցեագրված գրության մեջ, ո՛չ սույն գրառմամբ նշված պարզաբանման մեջ չկար որևէ տող այն մասին, թե արդյոք նա այդ թեմայով հեռախոսազրույց ունեցե՞լ է Աննա Հակոբյանի հետ, պատրաստվո՞ւմ է արդյոք ՊԵԿ նախագահի տեղակալը դիմել իրավապահ մարմիններին՝ իրեն հասցեագրված մեղադրանքների վերաբերյալ:

Գրառման մեջ հիշատակվող ՊԵԿ կայքէջում հրապարակված պարզաբանման մեջ նշված էր. «Զանգվածային որոշ լրատվամիջոցներում այսօր հրապարակված՝ ՀՀ-ից ծխախոտի արտադրանքի «անօրինական» արտահանման փաստի վերաբերյալ Պետական եկամուտների կոմիտեն անհրաժեշտ է համարում տեղեկացնել, որ խնդրո առարկա ծխախոտի արտադրանքը Հայաստանի Հանրապետությունից արտահանվել է «արտահանում» (այլ ոչ թե «տարանցիկ») մաքսային ընթացակարգով՝ էլեկտրոնային ապրանքային հայտարարագրի կիրառմամբ։ Հայտարարագիրը գրանցվել է մաքսային մարմինների էլեկտրոնային համակարգում։ Հայտարարագիրը ներկայացնելիս կցվել են նաև ապրանքն ուղեկցող փաստաթղթերը (հաշիվ-ապրանքագիր, բեռնագիր, պայմանագիր, ծագման հավաստագիր և այլն)։ Հայտարարագրի՝ համակարգում գրանցված լինելը նշանակում է, որ այն հնարավոր չէ կեղծել, իսկ դրանում առկա տվյալները՝ ՀՀ և ԵԱՏՄ անդամ (այդ թվում՝ ՌԴ) մաքսային մարմինների միջև գործող փոխգործակցության շրջանակում հասանելի են ՌԴ մաքսային մարմինների համար։

Հայտարարագրում և համապատասխան ուղեկցող փաստաթղթերում, որպես բեռի նշանակման երկիր՝ նշված է Աֆղանստանի Իսլամական Հանրապետությունը։ Ընդ որում, թե հայտարարագրում, և թե բեռնագրում, որպես ԵԱՏՄ տարածքը լքելու ելքի մաքսային մարմին՝ նշված է Ղազախստանի Հանրապետության «Տաժեն» մաքսակետը։

Կոմիտեն տեղեկացնում է նաև, որ խնդրո առարկա ապրանքների մի մասն առայժմ չի արտահանվել: Այն առ այսօր գտնվում է պահեստում՝ մաքսային հսկողության ներքո, և վերջինիս նկատմամբ իրականացված հսկողության արդյունքում պարզվել է, որ դրանք դրոշմավորված չեն ՀՀ ակցիզային դրոշմանիշներով, ինչը համապատասխանում է ՀՀ Հարկային օրենսգրքի 392-րդ հոդվածի պահանջներին։

ՊԵԿ-ը հայտնում է նաև, որ նշված ծխախոտի արտադրանքն ունի հայկական ծագում։ Դրանց մաքսային ձևակերպումները և հսկողությունը ՀՀ մաքսային մարմինների կողմից իրականացվել են օրենքի տառին համապատասխան, իսկ այլ երկրի տարածքում դրանց հետ կապված գործողությունների մասով ՀՀ մաքսային մարմինները որևէ իրավասություն չունեն և, բնականաբար, որևէ պատասխանատվություն չեն կարող կրել։

Հետևապես, նաև անհեթեթություն է մամուլի այն վարկածը, որ որևէ տնտեսավարողի կողմից այլ երկրի տարածքում առերևույթ թույլ տված որևէ խախտման կամ կեղծիքի մեջ պետք է փնտրել ՀՀ ՊԵԿ մաքսային մարմինների մասնակցությունը»:

Ի դեպ, մինչ կստանայինք ՊԵԿ նախագահի տեղակալին ուղղված մեր գրության պատասխանը՝ Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան էջում նոր տեսանյութ տարածեց՝ «Մաքսանենգ ծխախոտով երկրորդ ինքնաթիռը կալանավորվեց. սրանք իսկականից գիժ են» խորագրով:

Տեսանյութեր

Լրահոս