Հրաչյա Հակոբյանը և Սիփան Փաշինյանը՝ Միքայել Մինասյանի հայտարարությունների մասին
Երեկ երեկոյան տեսաուղերձով հանդես եկավ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։ «Ստի վերջը-3» խորագրով այս տեսանյութում Մ. Մինասյանն ի թիվս այլ հարցերի՝ խոսեց «ծխախոտային սկանդալի» մասին՝ նշելով նաև «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սիփան Փաշինյանի և Հրաչյա Հակոբյանի անունները.
«Նիկոլ Փաշինյանն, ըստ օպերատիվ տվյալների, ունի ուղիղ կապ, որովհետև Սիփան Փաշինյանը կազմակերպում է ՀՀ-ում այդ բիզնեսը, գնում է այդ ծխախոտների քանակը և որոշում է արտահանել, որովհետև ունեն հնարավորություն ՌԴ-ում վաճառելու: Սիփանը երբ սկսում է դա կազմակերպել, հասկանում է, որ չի կարող շրջանցել «ամենայն հայոց աներձագին», որովհետև Աննա Հակոբյանն է այն մարդը, որը որոշում է՝ ով և ինչ պետք է անի մաքսային տեսչությունում, որովհետև նա այնտեղ ունի դրածո՝ Շուշաննա Ներսիսյանը, որն ավելի հայտնի է «Նակոլկա Շուշո» մականունով: Եվ ուրեմն, դիմում են Հրաչյա Հակոբյանին, նա համաձայնեցնում է Աննայի հետ, նա զանգահարում է, և կանաչ լույսերը վառվում են․ կարանտինի պայմաններում մի ամբողջ ինքնաթիռ մաքսանենգ ապրանքով մեկնում է ՀՀ-ից»:
168.am-ը պատգամավորներ Սիփան Փաշինյանից և Հրաչյա Հակոբյանից հետաքրքրվեց՝ «արդյո՞ք պատրաստվում են դիմել իրավապահ մարմիններին՝ հնչեցրած մեղադրանքի վերաբերյալ»:
Մեր հարցին Սիփան Փաշինյանը հակիրճ արձագանքեց. «Ներողություն եմ խնդրում՝ չեմ մեկնաբանում»:
Հրաչյա Հակոբյանն էլ նշեց, որ վաղուց հերքել է այդ տեղեկությունը, իրավապահներին դիմելու հարցով էլ հավելեց. «Մինչև երեկվա Միշիկի արած հայտարարությունները, արդեն 4 հոգու դատի եմ տվել: Հիմա Միշիկի արած հայտարարության վերաբերյալ էլ կխորհրդակցեմ իմ իրավաբանի հետ, կհասկանամ՝ ինչ պետք է անեմ, որովհետև նույն հայտարարությունը, որ արել են ինչ-որ մարդիկ, այդ նույն հայտարարությունն է անում: Ուղղակի ինքը Հայաստանում չի… չգիտեմ՝ դատի տամ… Պետք է քննարկեմ, համենայն դեպս»: