«Ռուսաստանը կանգնած է շատ լուրջ երկընտրանքի առջև. նրանք տարանջատում են Հայաստանը և գործող իշխանությունը». Ստեփան Դանիելյան

Երեկվանից համացանցում քննարկվում է հուլիսի 1-ին Հանրային հեռուստաընկերության լուրերի թողարկման ժամանակ հեռարձակված ռեպորտաժը՝ կապված Ռուսաստանի Դաշնությունում սահմանադրական փոփոխություններին։ Ռեպորտաժում տեսաուղերձով հանդես է եկել ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին։ Նա իր խոսքում մասնավորապես ասել է.

«Այն, ինչ հիմա տեղի է ունենում, մեծ հորինվածք է, որը ծածկում է գլխավորը՝ Պուտինի ժամկետի զրոյացումը։ Փոփոխությունների շրջանակում ամեն ինչի մասին գովազդում են, նույնիսկ՝ կատուների իրավունքների, բայց ոչ՝ Պուտինի ժամկետի զրոյացման։ Եթե ուզում եք ձեր քաղաքացիական քայլով օգտակար բան անել, ոչ թե գնացեք քվեարկության, այլ պատմեք մարդկանց ճշմարտությունը, թե իրականում ինչ է տեղի ունենում»։

Ի պատասխան Հանրայինի եթերում հեռարձակված ռեպորտաժի, ռուս հայտնի լրագրող Վլադիմիր Սոլովյովը «Соловьёв LIVE» յութուբյան ալիքի եթերում ասել է, թե իրենք այդքան սիրում են Հայաստանը, որը բարեկամ երկիր է, բայց տեսեք՝ ում են ցույց տալիս բարեկամ Հայաստանում։

«Տեսեք՝ ում են ցույց տալիս մեր բարեկամ Հայաստանում՝ քվեարկության մասին մեկնաբանություններով։ Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ սահմանադրական փոփոխությունների մասին ռեպորտաժի շրջանակում ցույց են տալիս նացիստ Նավալնիին, որը հայերին անվանել է Хач-եր, որը ատում է հայերին, ատում է Հայաստանը, արհամարհում է նրանց։ Եվ դուք Հայաստանի հանրային հեռուստաընկերություն եք հանում այդ մարդուն և ցույց եք տալիս ձեր եթերո՞ւմ, «ну вы даете»»,- ասել էր Վլադիմիր Սոլովյովը։

168.am-ի հետ զրույցում քաղաքագետ Ստեփան Դանիելյանն անդրադառնալով այս ամենի ազդեցությանը հայ-ռուսական հարաբերությունների վրա, նկատեց, որ նախ  պետք է հասկանալ, թե ինչո՞ւ է այս ամենն արվում։

«Կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանը քաղաքականությունը վարում է ոչ թե Հայաստանի շահերի վրա հիմնված, մասնավորապես՝ Ռուսաստանի իշխանությունների հետ, այլ վարում է զուտ իր անձնական շահի վրա հիմնված։ Թե ո՞րն է այս ամենի պատճառը, կարելի է մի քանի ենթադրություն անել։ Պատճառներից մեկն այն է, որ գուցե Նիկոլ Փաշինյանի հարաբերությունները չի ստացվում ՌԴ նախագահի հետ, և մենք տեսնում ենք, որ նրանք վաղուց հանդիպումներ չեն ունենում։ Բացի այդ, Ռուսաստանի իշխանությունները ցույց են տալիս, որ իրենց համար Հայաստանում այլ քաղաքական ուժեր կան, թեկուզ հիշենք Ծառուկյանի հետ կապված ՌԴ-ի արձագանքը՝ Նիկոլ Փաշինյանը փոխհարված է ուղղում և ցույց է տալիս, որ, եթե ՌԴ-ում իր ընդդիմախոսներին հատուկ վերաբերմունք են ցույց տալիս, ապա ինքն էլ ՌԴ նախագահի ընդդիմախոսներին համապատասխան վերաբերմունք ցույց կտա, նաև ինչ-որ առումով կասկածի տակ կդնեն ՌԴ-ում անցկացվող քվեարկությունը։ Այսինքն՝ սա զուտ անձնական իշխանության խնդրի լուծման հարց է»,- նշեց Ստեփան Դանիելյանը։

Քաղաքագետի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է Հայստանում այնպիսի հակառուսական տրամադրություններ ստեղծել, այն խրախուսել, թեկուզ «սեղանի տակից», որպեսզի Ռուսաստանին ցույց տա, որ միակ մարդը, ում հետ կարող են խոսել՝ ինքն է, իսկ մյուսները՝ հակառուսական տրամադրություններ ունեն։ Այս ամենը, ըստ քաղաքագետի, վարչապետի համար անձնական խնդիրը լուծելու քայլեր են, սակայն դրանք կարող են վտանգավոր լինել Հայաստանի համար։

«Ռուսաստանը տարածաշրջանում կարևոր խաղացող է, և նրա դերը մեծանում է Սիրիայում, Մերձավոր Արևելքում և այլ կետերում։ Հաշվի առնելով Հայաստանի հնարավորությունները և մարտահրավերները՝ Արցախի հարցի, Թուրքիայի հետ հարաբերությունների, նույնիսկ Իրանի հետ հարաբերությունների հետ կապված, որովհետև մենք տեսնում ենք, որ աշխարհաքաղաքական խմբեր են ստեղծվում, և հաշվի առնելով այդ երկրի հետ մեր հարևան լինելը, Նիկոլ Փաշինյանն իր անձնական շահերի համար վտանգի տակ է դնում Հայաստանը»,- հավելեց Ստեփան Դանիելյանը։

Նա նաև ընդգծեց՝ միանշանակ գործող իշխանությունը շատ լավ հասկանում է իր այդ քայլերի հնարավոր վտանգները, սակայն այստեղ խնդիրն այն է, որ գործող իշխանության գլխավորի՝ Նիկոլ Փաշինյանի համար առաջնայինը անձնական շահն է։

«Նիկոլ Փաշինյանը հետդարձ չունի, նա խախտել է Հայաստանի շահերը, և սա վտանգավոր է՝ նա կարող է մտնել աշխարհաքաղաքական ավանտյուրաների մեջ։ Հաշվի առնելով, թե աշխարհում կամ տարածաշրջանում ինչ է կատարվում, այս ամենը կարող է լուրջ սպառնալիք դառնալ մեր երկրի անվտանգության համար»,- շեշտեց նա։

Թե այս ամենին հետագայում Ռուսաստանն ի՞նչ պատասխան կարող է տալ, Ստեփան Դանիելյանը դժվարացավ պատասխանել։

«Սա դժվար հարց է՝ Ռուսաստանը կանգնած է շատ լուրջ երկընտրանքի առջև, նրանք տարանջատում են Հայաստանը և գործող իշխանությունը։ Նրանք անվստահությամբ են վերաբերվում Հայաստանի իշխանությանը, սակայն ունեն աշխարհաքաղաքական շահեր, և դրանք  արդեն կապված են Հայաստանի և հայ ժողովրդի հետ։ Այսինքն՝ իշխանության պատճառով թշնամանալ ժողովրդի հետ՝ շատ վտանգավոր է և բացասական ազդեցություններ կարող է ունենալ երկրի համար»,- եզրափակեց քաղաքագետը։

Տեսանյութեր

Լրահոս