ՍԴ դատավորների լիազորությունների դադարեցմանն առնչվող սահմանադրության փոփոխությունների ամբողջ ընթացքը

1. Ինչպես գիտենք, Սահմանադրական դատարանի (ՍԴ) նոր մոդելի կյանքի կոչման համար հարցում էր ուղարկվել Վենետիկի հանձնաժողով (ՎՀ)։

2. ՎՀ-ի կողմից սթ. հունիսի 22-ին հրապարակվում է կարծիքը (CDL-AD(2020)016), որում արվում են մի քանի վերապահումներ, մասնավորապես՝ ՍԴ դատավորների լիազորությունների աստիճանական դադարեցման, այդ հարցով ՍԴ դիմելու վերաբերյալ։

3. Կարծիքի հաստատման նույն օրը, սակայն, շրջանառության մեջ է դրվում օրենքի նախագիծ, որով նախատեսվում է միանգամից դադարեցնել ՍԴ երեք դատավորների (ովքեր պաշտոնավարել են տասներկու տարի) ու նախագահի լիազորությունները (ՍԴ նախագահն ընտրվել է 2018 թվականին)։ Նշվածին արձագանքում է ՎՀ-ն՝ նշելով, որ ափսոսում է, որ իր կարծիքի հրապարակման օրը շրջանառվել է իր կարծիքին հակասող նախագիծ։

4. 22.06.2020 թ. ՀՀ ազգային ժողովի նստաշրջանի օրակարգ է ընդգրկվում նշված նախագիծը և ընդունվում նույն օրը։

5. Նախագիծը չի ուղարկվում ՍԴ՝ նախնական վերահսկողության, ինչը, սակայն, ՀՀ սահմանադրության պահանջ է:

6. Գործընթացին չեն մասնակցում երկու ընդդիմադիր խմբակցությունները, պնդելով գործընթացի հակասահմանադրական լինելու մասին։

7. Այնուհետև ընդունվում և Նախագահի կողմից անհապաղ, գիշերը ժամը մեկին ստորագրվում է մեկ այլ օրենք, որով վերացվում է Սահմանադրական փոփոխությունները նախագահի ստորագրմանն ուղարկելու պահանջը [1]։ Արդյունքում՝ Սահմանադրության փոփոխությունները ստորագրվում են ԱԺ նախագահի կողմից (ըստ մասնագետների՝ դա Սահմանադրական լիազորություն է, որից նախագահը չէր կարող հրաժարվել)։

8. Ընդդիմադիր ԲՀԿ խմբակցությունը 25.06.2020թ. դիմում է ՍԴ ընդունված օրենքի սահմանադրականության հարցով։ ԼՀԿ խմբակցությունը, հաստատելով գործընթացի հակասահմանադրականությունը, նշում է, որ հետագայում կդիմի ՍԴ։

9. Ի պատասխան Արդ. նախարարության հայտարարության, երեք դատավորի և ՍԴ նախագահի լիազորությունների դադարեցման վերաբերյալ, ՍԴ նշված դատավորները 24.06.2020թ. հանդես են գալիս հայտարարությամբ, առ այն, որ իրենց լիազորությունները չեն կարող դադարել, քանի որ ՍԴ մասին օրենքում առկա է դրույթ այն մասին, որ նրանք շարունակում են պաշտոնավարել։ Նախքան դա էլ, դատ. Գյուլումյանը նշել էր, որ նշված փոփոխություններն իր վրա չեն տարածվում, քանի որ նա երկրորդ անգամ դատավոր նշանակվելուց ի վեր չի պաշտոնավարել տասներկու տարի, իսկ նախկին պաշտոնավարումը չի տեղավորվում «ընդհանուր առմամբ պաշտոնավարել է» ձևակերպման մեջ։

10. 25.06.2020թ. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարում Facebook-յան իր էջում` նշելով, որ մի քանի ժամից ուժի մեջ կմտնեն Սահմանադրության փոփոխությունները, ՍԴ գործող նախագահը պաշտոնանկ կլինի, իսկ ՍԴ անդամներ Ֆելիքս Թոխյանի, Ալվինա Գյուլումյանի և Հրանտ Նազարյանի լիազորությունները կդադարեն։ Մի քանի ժամ անց վարչապետը կրկին գրառում է անում Facebook-յան իր էջում` նշելով, որ Սահմանադրական փոփոխությունները մտել են ուժի մեջ իր նշած դատավորների մասով, և բոլոր պետական մարմինները պարտավոր են ի գիտություն ընդունել այդ իրողությունը և առաջնորդվել ըստ այդմ։ Համանման հայտարարություն-արձանագրումներ արվում են ԱԺ նախագահի Facebook-յան էջում, Արդարադատության նախարարի կողմից։

11. Հաջորդ օրը Արարատ Միրզոյանը հանդիպում է ՍԴ տարիքով ավագ դատավորի հետ, հրապարակվում է համատեղ լուսանկար, երկկողմանի ստորագրված հաղորդագրություն, որում նշվում է, որ Միրզոյանը տեղեկացնում է համապատասխան դատավորների պաշտոնավարման դադարեցման, Խաչատրյանի կողմից ՍԴ նախագահի պարտականությունները կատարելու մասին՝ 25.06.2020թ-ից, հնչում է շնորհավորանք։ Ն. Փաշինյանը քիչ անց Facebook-յան էջում անում է հրապարակում առ այն, որ մաղթում է Խաչատրյանին հաջողություններ և իմաստնություն՝ այս պատասխանատու կարգավիճակում: Կառավարությունն իր հնարավորությունների սահմաններում կաջակցի, որ անցումային այդ շրջանում ՍԴ գործունեության համար որևէ խոչընդոտ չառաջանա։ Նշված ջերմ շնորհավորանքները և օժանդակելու պատրաստակամությունը ջերմեռանդորեն հայտնվում է մի դատավորի, ով, ի տարբերություն Թովմասյանի, մասնակցել է ընտրական վեճերին, որի պատճառով է հենց ՍԴ-ն հիմնականում հայտնվել իշխանությունների թիրախում։

12. Նույն օրը դատավոր Խաչատրյանը հանդես է գալիս հարցազրույցով՝ նշելով, ներկայացրել է ԱԺ նախագահին այն խնդիրները կամ խոչընդոտները, որոնք անհրաժեշտ է լուծել կամ հաղթահարել ՍԴ նախագահի պարտականությունները ստանձնելու համար: Անհրաժեշտ է Ազգային ժողովում օրենսդրական գործընթացներ նախաձեռնել, այդ թվում՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում համապատասխան գործողություններ անել։ Պարտադիր խնդիրներից մեկը նաև այն է, որ ՍԴ դատավորի լիազորությունների դադարման համար անհրաժեշտ է ընդունել համապատասխան անհատական իրավական ակտեր: Պարոն Միրզոյանը հավաստիացրել է, որ առաջիկա երկուշաբթի կամ երեքշաբթի օրն այդ խնդիրներին համապատասխան լուծում կտրվի։ Անշուշտ, ինքը չի համարվում ՍԴ նախագահի պարտականությունները կատարող, որովհետև դրա համար անհրաժեշտ է, որ համապատասխան իրավական խնդիրները լուծվեն կամ հաղթահարվեն։

13. Տպավորություն է ստեղծվում, որ այդ երկկողմանի ստորագրված հաղորդագրության տարածմամբ, շնորհավորանքներով (որը, անկախ երկկողմանի ստորագրված լինելուց, ոչ ավելին էր, քան հաղորդագրությունը), դատավորների լիազորությունների դադարեցմանը նվիրված ստատուսներով փորձ էր կատարվում շտկելու օրենքում առկա այլ դրույթի հետ հակասությունը, կանխարգելելու ընդդիմադիր խմբակցության դիմումի քննությունը, որում առկա էր նաև տվյալ նորմի կասեցման միջնորդություն, ինչո՞ւ ոչ, կանխելու որոշ գործերի քննությունը։ Նշված գործընթացը զուգորդվում էր ՍԴ այն դատավորներին քրեական պատասխանատվության ենթարկելու նյութերով (ներառյալ՝ վարչապետի լրատվամիջոցով), որոնք կհամարձակվեն իրականացնել իրենց լիազորությունները նախքան օրենքի փոփոխությունը։ Գործընթացը զուգորդվում էր ոչ միայն իրավունքի, այլ նաև մարդկային արժանապատվության ոտնահարմամբ (ԱԺ փոխխոսնակը նշում է, որ հարցազրույց տալու փոխարեն՝ լավ կանեն՝ իրերը հավաքեն ՍԴ-ից, Սահմանադրության փոփոխությունը ուժի մեջ մտնելու նույն րոպեին փոփոխվում է Թովմասյանի կենսագրությունը Վիկիպեդիայում, տեղադրվում է ԱԺ նիստից նկարներ՝ համապատասխան դեմքի արտահայտությամբ, կոնյակի բաժակների ուղեկցությամբ, ՍԴ շենքի նկարը՝ արված ԱԺ-ից, կրկին անգամ քրքրում են հեռացող ՍԴ դատավորների և նրանց ընտանիքի անդամների կյանքի դրվագները՝ փորձ կատարելով անել ինչ-որ բացահայտումներ)։

14. 30.06.2020 թվականին, անկախ նրանից, որ առկա էին բազմաթիվ վարակակիր պատգամավորներ և կոնտակտավորներ [2] (կարծիք կա, որ ոմանք իմացել են իրենց վարակակիր լինելու մասին դեռևս Սահմանադրական փոփոխությունների օրը, սակայն ներկայացել են՝ գիտակցելով մեկ ձայնի կարևորությունը), անց է կացվում արտահերթ նիստ, Սահմանադրական դատարանի մասին օրենքում կատարվում է համապատասխան փոփոխություն՝ փորձելով նաև վերացնել հակասությունները Սահմանադրության հետ։

15. Նախագահը հայտարարում է, որ չի ստորագրելու այդ օրենքը։ Թեև, Սահմանադրության համաձայն, եթե օրենքը նախագահի կողմից չի ստորագրվում քսանմեկօրյա ժամկետում, ապա նոր ԱԺ նախագահը ստորագրում է այն, իշխանական պատգամավորների կողմից փորձ է արվում հայտարարությունը ներկայացնել՝ որպես ԱԺ նախագահի կողմից օրենքը Նախագահի փոխարեն մինչ քսանմեկօրյա ժամկետի ավարտը ստորագրելու հիմք, ինչը, սակայն, հակասում է Սահմանադրությանը։

16. Թեև նախագծի իրավական փաթեթավորմանը, որ դա արվում է ՍԴ նոր մոդելի կյանքի կոչման և լավ ՍԴ ունենալու համար, այդուհանդերձ իրականությունը հակառակի մասին էր։ Օրինակ, փոփոխությամբ դատավորների ընդհանուր ժողովի կողմից դատավոր առաջադրելու հերթը վերջում է թողնվում, ի հակառակ Սահմանադրության։ Շրջանառվում է ՍԴ այնպիսի դատավորների թեկնածուներ, որոնք ունեն սուր քաղաքական հայացքներ։ Նրանցից մեկը՝ Գագիկ Ջհանգիրյանը, հանդիսանում է Լ. Տեր-Պետրոսյանի համակիրը, ում անվանում են ընտրակեղծիքների կնքահայր (ասում են՝ ԿԸՀ նախագահի վրա ատրճանակ է պահել՝ ընտրությունների արդյունքը ի հօգուտ Լևոն Տեր-Պետրոսյանի ներկայացնելու համար), բազմաթիվ հանցագործությունների կոծկող է համարվում։ Եվ առհասարակ, ակնհայտ էր, որ, ի թիվս այլնի, նույնիսկ անցումային ժամանակի չտրամադրումը ՍԴ դատավորներին, Գյուլումյանի լիազորությունների դադարեցումը, ով չէր պաշտոնավարել տասներկու տարի, խոսում է մեկ օր առաջ ՍԴ-ում մեծամասնություն ունենալու մասին։

17. Եվ վերջում, այս և նախորդող ապօրինի գործընթացները զուգորդվել են Եվրոպայի՝ լռությամբ զուգորդված աջակցությամբ, սեփական արժեքների ոտնահարմամբ, որից հետո հարց է առաջանում, թե ինչ է ակնկալվում այդ լռության դիմաց։

ՌՈԲԵՐՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Իրավագիտության մագիստրոս

Տեսանյութեր

Լրահոս