Քննական կենտրոնների մոտ պետք է բացառել ծնողների կուտակումները, որ համաճարակի իրավիճակն ավելի չվատացնենք. վարչապետ
Վաղը հանրապետությունում սկսվում են ընդունելության միասնական քննությունները: Այս հարցին այսօր պարետատան նիստի ավարտից հետո հրավիրված ճեպազրույցում անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը հորդորեց ծնողներին քննությունների հանձնման վայրերում, քննական կենտրոնների շուրջ զերծ մնալ կուտակումներից, բացառել դրանք՝ համաճարակային իրավիճակի բերումով, որպեսզի իրավիճակն ավելի չվատանա:
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն էլ տեղեկացրեց, որ այսօր արդեն իրականացվել են ներբուհական քննություններ: Նախարարի փոխանցմամբ՝ ՀՀ 47 քննական կենտրոններում, որոնցից 17-ը գտնվում են Երևանում, հուլիսի 2-ին, հուլիսի 4-ին, հուլիսի 6-ին և հուլիսի 8-ին տեղի կունենան միասնական քննություններ: Արայիկ Հարությունյանի փոխանցմամբ՝ ամենահագեցած օրը լինելու է հուլիսի 6-ը, երբ քննություններին մասնակցելու են ամենամեծ թվով դիմորդները:
«Այս ճեպազրույցին իմ մասնակցության հիմնական նպատակն այն է, որ մենք դիմենք ծնողներին և խնդրենք, ոչ միայն ծնողներին, այլև դիմորդների բոլոր ուղեկցողներին, որ հնարավորինս զերծ մնան ավանդական այդ հավաքներից քննական կենտրոնի մոտ: Ես վստահ եմ, որ Ձեր երեխաները կարող են ինքնուրույն հասնել քննական կենտրոններ: Եթե դա հնարավոր չէ, այսինքն՝ նրանք պետք է այլ համայնքներից էստեղ գան, 1 հոգի ուղեկցի նրանց և նրանց քննական կենտրոն ուղեկցելուց հետո էլ լքի այդ տարածքը:
Մենք շատ սերտ համագործակցում ենք ոստիկանության հետ և մարզային իշխանությունների հետ, և ես ուզում եմ շնորհակալություն հայտնել նրանց այս ընթացքում քննական կենտրոնները քննություններին պատշաճ կերպով նախապատրաստելու համար: ԱԻՆ-ը նույնպես մեզ հետ ներգրավված է էս գործընթացում, և քննություններից առաջ տարածքները ախտահանվում են: Մենք ապահովել ենք սոցիալական հեռավորության պարտադիր պահանջը»,- ասաց Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ երեխաները նաև ջերմաչափվելու են քննական կենտրոններ մուտք գործելիս:
Քննական կենտրոններում, ըստ նախարարի, ներկա են լինելու նաև Առողջապահության նախարարության և բուժանձնակազմի ներկայացուցիչներ: