536 քաղաքացի գտնվում է ծանր վիճակում, 117 քաղաքացի՝ ծայրահեղ ծանր վիճակում. Նիկոլ Փաշինյան
«Ցավոք, մեզ դեռևս չի հաջողվում լուծել կորոնավիրուսի համաճարակի համատեքստում մեր հիմնական ռազմավարական խնդիրը: Եվ մեր հիմնական ռազմավարական խնդիրն է՝ սովորել ապրել կորոնավիրուսին զուգահեռ: Ի՞նչ է սա նշանակում գործնականում: Սա նշանակում է, որ մեզնից յուրաքանչյուրը պետք է աշխատի իր կյանքը դասավորել, առօրյան դասավորել, որ չվարակվի կորոնավիրուսով և չվարակի ուրիշներին: Այս խնդիրը մեզ չի հաջողվում լուծել, և մենք ամենօրյա ռեժիմով շարունակում ենք հարյուրավոր նոր դեպքեր ունենալ»,- պարետատան նիստից հետո հրավիրված ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Անդրադառնալով երկրում կորոնավիրուսային վարակակիրների թվերին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանրությանը տեղեկացրեց, թե երեկվա ու այսօրվա վիճակագրության բերումով անխուսափելիորեն ունենալու ենք 10 մահ:
Վարչապետը փոխանցեց, որ 2106 կորոնավիրուսով վարակակիր բուժումը ստանում է հիվանդանոցներում, 536 քաղաքացի գտնվում է՝ ծանր, 117 քաղաքացի՝ ծայրահեղ ծանր վիճակում:
«Հունիսին մենք նախորդ տարվա հունիսի համեմատ ունեցել ենք մոտավորապես 30%-ով ավելի շատ մահացություն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի խոսքով՝ կառավարությունը շարունակում է հիմնական շեշտը դնել յուրաքանչյուր քաղաքացու անհատական վարքագծի փոփոխության վրա, քանի որ, ըստ Ն. Փաշինյանի, դա է նվազագույն տնտեսական կորուստներով կորոնավիրուսի համաճարակը հաղթահարելու ճանապարհը:
Գործադիրի ղեկավարը նաև նշեց, որ սրան զուգահեռ՝ կիրառվում են նաև վարչական միջոցներ, ինչի արդյունքում երեկ 2697 քաղաքացի տուգանվել է հակահամաճարակային կանոնները չպահպանելու համար: Դրանցից 2166-ը եղել են դիմակներ չկրող հետիոտներ, իսկ 431 վարչական արձանագրություն կազմվել է հասարակական տրանսպորտում:
«Ամեն օր մեզնից յուրաքանչյուրը պետք է հարց տա իրեն, թե ինքն այսօր ինչ է արել կորոնավիրուսի հետագա տարածումը կանխելու համար: Առնվազն 3 հակահամաճարակային կանոնները պահպանելը պիտի լինի մեր ամենօրյա պարտականությունը և մեր ամենօրյա հանձնառությունը: Այդ կանոններն են՝ կրել դիմակ, պահպանել սոցիալական հեռավորություն և պարբերաբար ախտահանել ձեռքերը»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը: