Շարունակվում է Արտակ Ալեքսանյանի գործով նախաքննությունը. տուժող է ճանաչվել ՊՊԾ գնդի ջոկի հրամանատարը
Հունիսի 8-ին 168.am-ը մանրամասներ էր հայտնել ավելի վաղ Hraparak.am-ի հրապարակած այն տեսանյութի առնչությամբ, որտեղ երևում էր, թե ինչպես են ոստիկաններն «ասֆալտին փռում» իշխանությունների սրտի խոշոր գործարար Սամվել Ալեքսանյանի եղբորորդուն` Մալաթիա-Սեբաստիայի նախկին թաղապետ Արտակ Ալեքսանյանին:
Դրան հաջորդեց ոստիկանության հաղորդագրությունը, ըստ որի` հունիսի լույս 8-ի գիշերը ոստիկանության ծառայողներն ուժեղացված ստուգայցեր են կատարել մայրաքաղաքում գործող ակումբներ, որոնց գործունեությունը, արտակարգ դրությամբ պայմանավորված, ժամանակավորապես արգելվում է: Նշված ծառայության ընթացքում Աբովյան փողոցի ակումբներից մեկի հաճախորդները, անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, խոչընդոտել են ոստիկանների աշխատանքին, հնչեցրել են հայհոյանքներ, չեն ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին և բռնություն են գործադրել ոստիկանության ծառայողների նկատմամբ։ Նրանք բերման են ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին։ Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։
Քննչական կոմիտեից մեզ տեղեկացրին, որ Սամվել Ալեքսանյանի եղբորորդու՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին ղեկավար Արտակ Ալեքսանյանի և ոստիկանների մասնակցությամբ տեղի ունեցած դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ՊՊԾ գնդի ջոկի հրամանատարը ճանաչվել է տուժող:
«ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է Երևան քաղաքի Աբովյան փողոցում գործող ակումբում մի շարք հաճախորդների կողմից հասարակության նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու, հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու, ՀՀ պարետի ցուցումով Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների հետ ստուգայց կատարած ոստիկանության ծառայողների աշխատանքը խոչընդոտելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 1-ին մասով և 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու) 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննությունը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՔԿ մամլո խոսնակ Ռիմա Եգանյանը:
Նա նշեց նաև, որ նախաքննության ընթացքում իրականացվել են անհետաձգելի քննչական գործողություններ, այդ թվում՝ տուժողի և մեկ տասնյակից ավելի ոստիկանության ծառայողների հարցաքննություններ, առգրավվել են դեպքի վայրում՝ ակումբում առկա տեսանկարահանող սարքերի տեսաձայնագրությունները և ենթարկվել զննության, ուսումնասիրվել են նաև ոստիկանության կողմից տրամադրված տեսանյութերը:
«Այս պահի դրությամբ կասկածյալի, մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունեցող անձ կամ անձինք չկան: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ միջադեպին մասնակցած անձանց ամբողջական շրջանակը և ինքնությունը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու և քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ»,- եզրափակեց ՔԿ մամլո խոսնակը: