«Ասֆալտին փռել» շոուի հերթական դրվագը
Քիչ առաջ Hraparak.am-ը տեսանյութ հրապարակեց, որտեղ երևում էր, թե ինչպես են ոստիկանները «ասֆալտին փռում» իշխանությունների սրտի խոշոր գործարար Սամվել Ալեքսանյանի եղբորորդուն` Մալաթիա-Սեբաստիայի նախկին թաղապետ Արտակ Ալեքսանյանին:
Դրան հաջորդեց ոստիկանության հաղորդագրությունը, ըստ որի` հունիսի լույս 8-ի գիշերը ոստիկանության ծառայողներն ուժեղացված ստուգայցեր են կատարել մայրաքաղաքում գործող ակումբներ, որոնց գործունեությունը, արտակարգ դրությամբ պայմանավորված, ժամանակավորապես արգելվում է: Նշված ծառայության ընթացքում Աբովյան փողոցի ակումբերից մեկի հաճախորդները, անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, խոչընդոտել են ոստիկանների աշխատանքին, հնչեցրել են հայհոյանքներ, չեն ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին և բռնություն են գործադրել ոստիկանության ծառայողների նկատմամբ։ Նրանք բերման են ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին։ Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։
168.am-ին մանրամասներ են հայտնի դարձել միջադեպից:
Արտակ Ալեքսանյանը և վերջինիս ընկերն իրենց կանանց հետ նշված վայրում ժամանակ են անցկացնելիս եղել, երբ մեծաքանակ կարմիր բերետավոր ոստիկաններ են մտել տարածք ու պահանջել լքել ակումբը, քանի որ պարետի որոշմամբ գիշերային ակումբների գործունեությունը թույլատրված չէ:
Հետաքրքիր է սակայն, որ սա ակումբ է համարվում, և եթե այդպես է, ուրեմն ինչպես է, որ ցերեկներն այն փակ չէ:
Ոստիկանները սակայն, ըստ ականատեսների, բավականին կոպիտ են խոսել, հայհոյել են, որից հետո սկսվել է վիճաբանություն ու քաշքշոց: Ապա կողմերը վիճակը հանդարտեցրել են, ու Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին ղեկավարն ու ընկերը իրենց կանանց հետ որոշել են, այնուամենայնիվ, չսրել իրավիճակն ու դուրս գալ «Կոնգ» ժամանցի կենտրոնից: Դուրս գալիս կրկին հնչում են հայհոյանքներ:
Դրսում եղած ականատեսների խոսքով` այդ ժամանակ արդեն ավելանում է ոստիկանների քանակը, նկատվում են տեսախցիկներ: Արտակ Ալեքսանյանի նկատմամբ բռնություն գործադրելով` «ասֆալտին են փռում»` այդ ընթացքում գլուխը բազմիցս խփելով գետնին: Ապա բոլորին տարել են ոստիկանական բաժին: Այնտեղ արդեն հրավիրվել է շտապ օգնության բրիգադ, Արտակ Ալեքսանյանին տեղափոխել են հիվանդանոց` «Աստղիկ» բ/կ, ուր և նա այսօր վիրահատվել է: