«Չմոռանաք պետական բյուջե ՀՀ հպարտ քաղաքացիներից գանձված տուգանքները ներկայացնել 100 փաստ Նոր Հայաստանի մասին հաջորդ բուկլետի մեջ․․․»

Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նամակ քաղաքացուն, ով իմ համար Պողոս չի

Ես չեմ անվանելու ձեզ Պողոս, որովհետև դուք իմ համար Պողոս չեք։ Չնայած ձեր մեջ կան շերտեր, որոնց հետ ես մշտական կռիվ ունեմ ու հրաժարվում եմ հասկանալ նրանց իռացիոնալ ու քրոնիկ ատելության դինամիկան։
Ես ձեզ չեմ անվանելու Պողոս, բայց ես հրաժարվում եմ հասկանալ այն մտավորականներին, ովքեր հազար տակ շպագատ են իջնում բոլոր իշխանությունների առաջ ու ընդվզման պստլիկ ճիչիկներ են հայտնում միայն այն ժամանակ, երբ գույքահարկի թեման մտնում է ուղիղ իրենց հայաթ։

Ես ձեզ Պողոս չեմ անվանելու, չնայած ես ֆիզիկական նողկանք եմ զգում այն, այսպես կոչված, մտավորականության աջաբսանդալից, ովքեր տարբեր սրճարաններում իմ ներկայությամբ Չե Գեվարա են դառնում ու բոլոր հնարավոր ռակուրսներով թաղում իշխանությանը, բայց կես ժամ անց որեւէ կայքի հարցազրույց են տալիս ու ասում են՝ «respect սահմանադրական կարգի տապալմանը կողմ քվեարկած պատգամավորներին»։

Ի դեպ, բոլոր նման չեգեվարաներին դեզինֆեկցիա եմ արել էջիցս։

Քաղաքացու հետ զրույցս այլ բանի մասին է՝ կորոնավիրուսի, որը դարձել է այլեւս գրեթե յուրաքանչյուր ընտանիքի դժբախտությունը։ Ինչո՞ւ Հայաստանը դարձավ աշխարհում կորոնավիրուսի դժոխքներից մեկը, ու բոլորս ենք հասկանում, որ այլեւս ոչ մի լոքդաուն, ոչ մի դիմակ, ոչ մի ալկոգել ու սոցիալական հեռավորություն ի զորու չեն կասեցնելու անվերահսկելի վարակը։

Առողջապահության նախարարը նախօրեին խոստովանեց, թե ինքը վստահ չի, որ մեր կյանքի ընթացքում մենք կկարողանանք զրոյացնել վարակակիրների թիվը։ Ուշադրություն դարձրեք, չի ասում՝ առաջիկա տարիներին։ Ասում է՝ մեր մնացած ողջ կյանքի ընթացքում։ Ու էլի հայհոյանքների տարափ Արսեն Թորոսյանի հասցեին։ Ես Արսենի փաստաբանը չեմ, բայց իզուր եք իրեն, կամ միայն իրեն էդպես ջերմեռանդ հայհոյում։ Նա գոնե ազնվորեն խոստովարնում է այն, ինչը երկրի մյուս պատասխանատուները փորձում են խլացնել ճղճղան լայվերի, անիմաստ հոխորտանքների ու դիմակ բաժանելու անկապ ակցիաների տակ։

Ես չեմ վկայակոչելու բրիտանացի եւ եվրոպացի բազմաթիվ փորձագետների, ովքեր միաբերան պնդում են, որ բաց տարածքներում դիմակ կրելը, էն էլ մեր անորակ ու անիմաստ դիմակները, ոչ միայն չեն պաշտպանելու քաղաքացուն վարակից, այլեւ վնասելու են նրա իմունիտետն ու նվազեցնելու են արյան մեջ թթվածնի տոկոսը։

Չէ, չեմ ասելու, որպեսզի եւս մեկ մեղավոր ցցի չհանեք ու ձեր ձախողումների համար մեղավորների ցուցակը, որտեղ առաջին հորիզոնականով գնում է ՀՀ հպարտ քաղաքացին, եւս մեկով չավելացնեք։

Մի՛ հայհոյեք Արսեն Թորոսյանին։ Նա ասում է այն, ինչը մյուսները չեն համարձակվում ասել, որովհետեւ էդքան դեռ պոպուլիստ ու դեմագոգ չի, ու երեւի հասկանում է շատ մոտ ապագայի պատասխանատվության աններելի չափը։

Կորոնավիրուսի վարակման տեմպերով Հայաստանն աշխահի լիդերներից է։

Եվրոպական միությունը հուլիսի 1-ից բացում է ԵՄ անդամ չհանդիսացող մի շարք երկրների հետ օդային սահմանն ու Հայաստանն այդ ցուցակում չկա` որպես վարակի առումով անկառավարելի երկիր։ Հիվանդանոցներում կատարյալ քաոս է՝ հարցրեք նրանց, ովքեր բախտավոր լոտո են շահել, ու ոչ թե տանն են ինքնաբուժվում, այլ հիվանդանոցում կարողացել են ծանոթով կոյկա ճարել։ Տնային պայմաներում բուժվողները գետտոյացված են ու ծանոթ բժիշկներից «սպռավոչկա» են ստանում՝ ինչպե՞ս բուժվել տանն ու ով ինչ գիտի՝ դեմ է տալիս ինքնաբուժվողներին՝ ռամաշկայով ողողումներից մինչեւ Plaqueոil դեղամիցոջը, որը, ըստ Առողջապահության համաշխարհային կազմակեպության, դեռեւս փորձարկման փուլում է եւ քաղաքացին պետք է ստորագրություն տա, որ տեղեկացված է իր վրա իրականացվող փորձարկումից։

Փոխարենը, մեր քաջարի ոստիկանները դրուժիննիկների պես փողոց առ փողոց մարդ են տուգանում՝ քթի ողջ դիապազոնով դիմակը լավ չծեփելու համար։ Մինչ օրս, ըստ պաշտոնական տեղեկության, տուգանվել է 57031 մարդ։ Միայն երեկ տուգանվել է 2698 քաղաքացի։ Բազմապատկենք այս թիվը 10 հազար դրամով ու կստատանք 570.310.000 դրամ պետական բյուջե մուտք արված, կամ արվելիք գումար։

Վատ չի։ Վատ չի։ Առաջարկում եմ տուգանք սահմանել նաեւ դիմակի գույնի, ռազմերի եւ արտադրող երկրի համար։ Թույլատրել միայն մերձարեւադարձայն երկրներից ներմուծված դիմակները, մնացածի համար սահմանել քրեական պատասխանատվություն ու տուգանք։

Իսկ ամենավերջում չմոռանաք պետական բյուջե ՀՀ հպարտ քաղաքացիներից գանձված տուգանքները ներկայացնել 100 փաստ Նոր Հայաստանի մասին հաջորդ բուկլետի մեջ, որպես ՀՀ քաղաքացիների կողմից արված կամավոր եւ անշահախնդիր ներդրում՝ հանուն հեղափոխության վիլյուրի»։

Նամակ քաղաքացուն, ով իմ համար Պողոս չի Ես չեմ անվանելու ձեզ Պողոս, որովհետև դուք իմ համար Պողոս չեք։ Չնայած ձեր մեջ…

Gepostet von Naira Zohrabyan am Mittwoch, 1. Juli 2020

 

Տեսանյութեր

Լրահոս