«Եթե Ադրբեջանն ընտրի «լուծման» ռազմական ճանապարհը», ապա արժանի հակահարվածը հաստատ չի ուշանալու». Տաթևիկ Հայրապետյան

Երեկ խորհրդարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով Արցախի հարցի լուծման հետ կապված Ադրբեջանի  ռազմատենչ հայտարություններին, ևս մեկ անգամ վերահաստատեց նախկինում իր հնչեցրած տեսակետը:

«Մենք՝ հայերը, վախերի պրիզմայով, առավել ևս՝ Արցախի հարցը ընկալելու սովորույթ, մշակույթ չունեն, և առհասարակ նման բան բացառվում է, քանի որ մենք ասել ենք, որ բացառվում է, որ մեզ բանակցությունների բովանդակություն պարտադրվի որևէ սպառնալիքի ներքո: Գիտեք, ես տպավորություն ունեմ, ու քանի որ այս հանգամանքների բերումով այդ ռազմաշունչ տրամաբանությունն արդյունավետ չէ, ինքը հայտնվում է տեղապտույտի մեջ, և Ադրբեջանի իշխանությունը խնդիր ունի սեփական ժողովրդին բացատրելու: Ինչո՞ւ մենք արդյունքի չենք հասնում, և այս օդում կախված հարցին պատասխանելու համար ևս մեկ աստիճանով բարձրացնում է իր ռազմաշունչ հռետորաբանությունը, որպեսզի ավելի մեծ տպավորություն գործի սեփական ժողովրդի համար: Իմ կոչը շարունակում է մնալ նույնը Ադրբեջանի նախագահին՝ ցուցաբերել կառուցողական մոտեցում: Ի վերջո, հրապարակային համաձայնել իմ առաջարկած բանաձևի հետ, որ Արցախի հարցի որևէ կարգավորում պետք է ընդունելի լինի Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների համար, այլ բանաձև չկա»,- իր խոսքում նշեց վարչապետը:

Այս թեմայի շուրջ 168.am-ը զրուցել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի հետ:

– Տիկին Հայրապետյան,  Ադրբեջանի կողմից Արցախի հարցի լուծման հետ կապված սպառնալից հայտարարություններ են հնչում՝ երկրի ղեկավարի, Պաշտպանության նախարարի մակարդակով: Համաճարակային այս պայմաններում ի՞նչ քայլեր կարող է ձեռնարկել Ադրբեջանը, ի՞նչ հնարավորություններ ունի, և առհասարակ մենք ի՞նչ ենք անում:

– Ընդհանուր առմամբ Ադրբեջանից հնչող սպառնալից հայտարարությունները, կարծում եմ՝ որևէ մեկի համար նորություն չեն: Մենք դրան ականատես ենք եղել տարիներ շարունակ, և՛ ռազմատենչ, և՛ սպառնալից ու քսենոֆոբիկ  բնույթ պարունակող հայտարարություններ: Այս անգամ «յուրահատուկ» է, որովհետև այդ հայտարարությունները հնչում են համաճարակի ժամանակ: Տարբեր միջազգային կառույցների կողմից կոչ է արվում պահպանել խաղաղություն, Ադրբեջանը հանդես է գալիս հայտարարություններով, թե՛ Արցախին, թե՛ Հայաստանին ուղղված սպառնալիքներով: Ի՞նչ ենք անում մենք ի պատասխան, նախ՝ այդ հայտարարություններին հետևեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավարի ելույթն ԱԺ-ում, որտեղ միջազգային հանրությանը կոչ արեց անտարբեր չմնալ այս երևույթների հանդեպ: Մենք նաև մեր կապերի միջոցով տեղյակ ենք պահել մեր տարբեր գործընկերներին, թե ինչ է տեղի ունենում, և նշել, որ Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիան կարող է շատ կործանարար հետևանքներ ունենալ: Եվ այս հարցում միջազգային հանրությունն անելիք ունի՝ առնվազն անտարբեր չլինելով այդ կոչերի հանդեպ, ավելին՝ դատապարտելով դրանք: Բացի այդ, երեկ ՀՀ վարչապետն անդրադարձավ դրան՝ կոչ անելով Ալիևին վերադառնալ կառուցողական դաշտ և ազնիվ լինել իր ժողովրդին հետ, չփորձել այդ ռազմատենչ հայտարարությունների տեղապտույտի մեջ շարունակ ոչ մի տեղ չտանող ուղին ընտրել:

– Երեկ վարչապետը ևս մեկ անգամ վերահաստատեց իր այն տեսակետը, որ Արցախի հարցի լուծման տարբերակը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար: Սրա հետ կապված՝ Ադրբեջանից որևէ տեսակետ չի հնչել: Ի՞նչ եք կարծում, հայկական կողմը պե՞տք է շարունակի պնդել այդ տեսակետը, թե՞ պետք է փոխի իր մարտավարությունը:

– Հենց այն, որ Ադրբեջանը չի կարողանում որևէ ձևով դրան պատասխանել, կարծում եմ՝ ցույց է տալիս, որ մենք ճիշտ ուղու վրա ենք, հակառակ դեպքում վաղուց դրա հետ կապված հայտարարություններ կլինեին: Ադրբեջանը շարունակում է հավատարիմ մնալ նախկինում իր որդեգրած սկզբունքներին և հանդես գալ ռազմատենչ հայտարարություններով: Դրան ի պատասխան, մենք, իհարկե, շատ ավելի կառուցողական և ընկալելի դիրքերից ենք հանդես գալիս: Այո, պետք է բոլորս հասկանանք, որ Արցախի հարցի լուծումը պետք է ընդունելի լինի ժողովուրդների կողմից, հակառակ դեպքում որևէ լուծում տարածաշրջանում չի աշխատելու: Իսկ եթե Ադրբեջանն ընտրի  «լուծման ռազմական ճանապարհը», ապա արժանի հակահարվածը հաստատ չի ուշանալու:

– Իրատեսակա՞ն եք համարում, որ կա հարցի լուծման  այնպիսի  տարբերակ, որն ընդունելի կլինի երեք ժողովուրդների կողմից, մասնավորապես՝ հաշվի առնելով Ադրբեջանի դիրքորոշումը, նրանց հայատյաց քաղաքականությունը:

– Այսօրվա դրությամբ հաշվի առնելով հայատյաց քաղաքականության տարածումն Ադրբեջանում, որն արդեն մի քանի տասնամյակ է, իրականում նման բան պատկերացնելը դժվար է: Սակայն հակառակը ուղղակի չի աշխատելու, այսինքն, եթե ժողովուրդները չգան այն ընկալման, որ միասին խաղաղ ձևով ապրեն և գտնեն այն բանաձևը, որը կօգնի ապրել: Ըստ այդմ, ունենալու ենք այն իրավիճակը, ինչ ունենք այսօր, կարծում եմ՝ թեկուզ դա տևի մի քանի տասնամյակ, նույնիսկ հարյուր տարի, առանց դրա՝ որևէ լուծում չի աշխատելու: Այն, որ այսօր ադրբեջանական ժողովուրդը պատրաստ չէ խաղաղության, ակնհայտ փաստ է, բայց եթե ցանկանում են, որ հասնեն խաղաղության, ապա պետք է սկսեն պատրաստվել դրան:

–  Ադրեջանի դեպքում Ձեզ համար տարօրինա՞կ չէ, որ սահմանին հարաբերական անդորր է:

– Այս օրերին իրենք էլ իրենց խնդիրներն ունեն, և դրանք շատ լուրջ են: Եթե հետևեք Ռուսաստանի հետ սահմանին միջադեպ տեղի ունեցավ, որի ընթացքում ադրբեջանցիներ սպանվեցին, կորոնավիրուսի հետ կապված վիճակն է գնալով բարդանում: Բնակչության մեջ բավականին սուր դժգոհություններ կան և, բնականաբար, այդ համատեքստը հաշվի առնելով, կարծում եմ՝ Ադրբեջանը, չնայած  հնչող ռազմատենչ հայտարարություններին, զերծ կմնա լայնամասշտաբ ռազմական գործողություններ սանձազերծելուց՝ հաշվի առնելով բոլոր ռիսկերը: Ըստ իս, իրենց խնդիրներից ելնելով են փորձում համեմատաբար քիչ խախտել սահմանային հրադադարը, որոնց թիվը համեմատաբար նվազել է:

– Վերջերս Գեղարքունիքի մարզի Արեգունի համայնքում Ադրբեջանի քաղաքացի էր հայտնվել, փորձե՞լ եք  ճշտել, թե նա ի՞նչ ճանապարհով է հայտնվել այնտեղ: Արդյո՞ք վտանգ չեք տեսնում, որ Ադրբեջանի ցանկացած քաղաքացի կարող է հայտնվել մեզ մոտ:

– Անկեղծ, դրա հետ կապված տեղեկություններ չունեմ, բայց ընդհանուր առմամբ վստահ եմ, որ իրավիճակը վերահսկվում է: Չեմ կարծում՝ ցանկացած ադրբեջանցի կարող է հայտնվել մեզ մոտ, նման դեպքեր լինում են, մենք էլ ենք ունեցել դեպքեր, երբ մեր հայրենակիցը, ցավոք, մոլորվել է և հայտնվել  Ադրբեջանի սահմանին, որից հետո ստեղծվել է շատ բարդ իրավիճակ: Վստահեցնում եմ՝ Ադրբեջանի պարագայում մենք այդ խնդիրը չունենք և վայրի գործելաոճ չունենք: Համապատասխան մարմինները դեպքը կուսումնասիրեն և կպարզեն խնդիրը:

Տեսանյութեր

Լրահոս