Նիկոլ Փաշինյանը կոչ է անում Ալիևին հրապարակային համաձայնել իր առաջարկած բանաձևին

Այսօր խորհրդարանում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը հարց ուղղեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ անդրադառնալով համաշխարհային խաղաղության ինդեքսի հրապարակմանը, որտեղ Հայաստանը զբաղեցրել է երկրորդ տեղը՝ խաղաղության մակարդակի բարելավման ցուցանիշներով:

«Ի դեպ, Հայաստանը ներառվել էր խաղաղասիրության բարելավման առաջընթաց գրանցած հինգ պետությունների ցանկում՝ զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը, իսկ առաջինում գտնվում էր Ադրբեջանը: Կարծում եմ՝ վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո շատ կարևոր է վերջին շրջանում այն տեսլականը, որը Դուք ներկայացրել եք Արցախի հարցի լուծման համատեքստում: Այն հարաբերական անդորրը, որը մենք ձեռք ենք բերել սահմանին, այդուհանդերձ, կորոնավիրուսի այս բարդ պայմաններում  Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից հնչել են բազմաթիվ ռազմատենչ և սպառնալից հայտարարություններ: Ես կցանկանայի Ձեր վերաբերմունքն իմանալ, որովհետև շատ կարևոր են այս արձանագրումները, այդուհանդերձ, մենք ունենք այլ իրավիճակ, հատկապես՝ Ադրբեջանի կողմից հնչող հայտարարությունների համատեքստում»,- նշեց պատգամավորը:

Պատասխանելով հարցին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց՝ կարող են արձանագրել, որ այն բովանդակությունը, որը 2018  թվականից հետո Կառավարությունը դրել է Արցախի հարցի և առհասարակ տարածաշրջանային քաղաքականության հիմքում, հիմնված է խաղաղության բովանդակության վրա:

«Կարծում եմ՝ սա տեսանելի է միջազգային հանրության համար, իսկ այն քաղաքականությունը, որն Ադրբեջանը վարում է արդեն շատ երկար ժամանակ, հենված է ռազմաշունչ հայտարարությունների տրամաբանության վրա: Կարծում եմ՝ այդ ռազմատենչ հայտարարությունների հիմնական նպատակն այն է, որ Արցախի ու Հայաստանի ժողովուրդը և ընդհանրապես Արցախն ու Հայաստանը  Արցախի հարցի կարգավորման ամբողջ գործընթացն ընկալեն վախերի պրիզմայով: Միայն այդ պարագայում կարող էին այդ ռազմաշունչ հայտարարությունների վրա հիմնված քաղաքականությունը, պայմանական, լինել արդյունավետ: Բայց քանի որ մենք, հայերը վախերի պրիզմայով, առավել ևս՝ Արցախի հարցը ընկալելու սովորույթ, մշակույթ չունեն, և առհասարակ նման բան բացառվում է, քանի որ մենք ասել ենք, որ բացառվում է, որ մեզ բանակցությունների բովանդակություն պարտադրվի որևէ սպառնալիքի ներքո: Գիտեք, ես տպավորություն ունեմ, ու քանի որ այս հանգամանքների բերումով այդ ռազմաշունչ տրամաբանությունն արդյունավետ չէ, ինքը հայտնվում է տեղապտույտի մեջ, և Ադրբեջանի իշխանությունը խնդիր ունի սեփական ժողովրդին բացատրելու: Ինչո՞ ւ մենք արդյունքի չենք հասնում, և այս օդում կախված հարցին պատասխանելու համար ևս մեկ աստիճանով բարձրացնում է իր ռազմաշունչ հռետորաբանությունը, որպեսզի ավելի մեծ տպավորություն գործի սեփական ժողովրդի համար: Իմ կոչը շարունակում է մնալ նույնը Ադրբեջանի նախագահին՝ ցուցաբերել կառուցողական մոտեցում: Ի վերջո, հրապարակային համաձայնել իմ առաջարկած բանաձևի հետ, որ Արցախի հարցի որևէ կարգավորում պետք է ընդունելի լինի Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների համար, այլ բանաձև չկա»,- եզրափակեց վարչապետ Փաշինյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս