Բաժիններ՝

Հայաստանում առաջին անգամ իրականացվել է պոզիտրոն-էմիսիոնային տոմոգրաֆիա․ Քաղցկեղ ունեցող հիվանդներն այլ երկիր մեկնելու փոխարեն՝ այսուհետ կարող են դիմել Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն

Հունիսի 10-ին ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնեց, որ 10-ամյա սպասումից հետո կատարվեց առաջին Պոզիտրոն-էմիսիոնային տոմոգրաֆիան (ՊԷՏ/ՀՏ)։

«Հավանաբար մյուս շաբաթվաից սկսած, մեր բոլոր քաղաքացիները, հատկապես քաղցկեղ ունեցող, ում ցուցված է ՊԷՏ/ՀՏ հետազոտություն ՖԴԳ-18 իզոտոպով, կկարողանան անցնել Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնում և ստիպված չեն լինի այդ ծառայությունը փնտրել այլուր թե՛ հիմա, թե՛ հետո:

Սա իրապես հաղթանակ է մեր երկրի համար: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ով նպաստել է այս կարևոր ծառայության հասանելիության ապահովմանը Հայաստանում` ֆիզիկոսներից մինչև բժիշկներ»,- գրել էր նա։

Նշենք, որ պետկատեն (պոզիտրոն-էմիսիոնային տոմոգրաֆիա) քաղցկեղի ախտորոշման ու բուժման ընթացքը հսկողության տակ պահելու համար խիստ անհրաժեշտ հետազոտություն է։ Նախկինում այս հետազոտության համար քաղցկեղ ունեցողները ստիպված էին մեկնել Վրաստան, Ռուսաստան, եվրոպական մի շարք երկրներ։

Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնի տնօրեն Հովհաննես Զոհրաբյանի փոխանցմամբ՝ ցիկլոտրոնը վաղուց էր գործարկված, այստեղ ամբողջական շղթայի գործարկման հարցն էր, այսինքն՝ վերածում պատրաստուկի, անվտանգ պատրաստուկի, որակի հսկողության պատրաստուկի, անվտանգ ներարկում և վերջնական արտադրանքի որակի գնահատում։

«Մեզ մոտ պատկերը երևում է ուռուցքաբանական տեսանկյունից, ինչը բարեհաջող ստացանք։ Այսինքն, որակը, բացի անվտանգ լինելուց՝ բարձր է եղել նաև պատկերը ցույց տալու առումով։ Երկուշաբթի օրվանից հերթագրված հիվանդների հետազոտությունները կսկսվեն։

Արժեքը 450․000 դրամ է, որը հետագայում փոփոխելու հնարավորություն, հուսով ենք՝ կլինի։ Գուցե հնարավոր լինի հայկական շուկայից ձեռք բերել որոշակի արտադրանք, որոնք օգտագործվում են պատրաստուկ ստանալու համար։ Ինչո՞ւ չէ՝ նաև իզոտոպներ ստանալու արդյունքում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնի տնօրենը՝ հավելելով, որ համագործակցում են Ալիխանյանի անվան ազգային լաբորատորիայի հետ։

«Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնի աշխատակիցները ցիկլոտրոնի միջոցով ստանում են իզոտոպ, որը ռադիոքիմիկների միջոցով վերածվում է պատրաստուկի, մեր որակի հսկողության լաբորատորիան ստացած պատրաստուկի առաջին նմուշը ստուգում է, տեսնում են՝ ցուցանիշները համապատասխանում են, անվտանգ է, եզրակացություն է գրվում, որ անվտանգ է ներարկման համար։ Բանաձև գոյություն ունի՝ քաշ, հասակ և այլն, որի հիման վրա բժիշկը գրում է, թե ում ինչքան չափաքանակ է անհրաժեշտ, և անվտանգ նյութը ներարկվում է հիվանդին։ Ձգձգման խնդիրը նաև այն էր, որ լաբորատորիային նյութեր էին անհրաժեշտ, որոնք ստանում ենք Բելգիայից։ Հիմա տեղական դեղարտադրողին ձեռնտու չէ այդ ամենն այստեղ արտադրել, քանի որ միայն մենք ենք իրացնողը լինելու։ Թանկարժեք սարքեր պետք է գնեն, բայց այս ճյուղը հետագայում կզարգանա, պահանջարկը շատ կլինի և ինքնարժեքը կիջնի։ Այսօրվանից սկսած, աշխատանքներն այնպես են տարվելու, որ գինն իջնի, ոչ մեկի համար էլ հաճելի չէ, որ բարձր է։ Ինչքան մարդկանց համար մատչելի լինի՝ այնքան ավելի լավ»,- մանրամասնեց Հովհաննես Զոհրաբյանը։

Անդրադառնալով մամուլում հրապարակված այն տեղեկությանը, թե Global Medical Solutions ընկերությունը դիմել է Լոնդոնում գտնվող արբիտրաժային դատարան` Ալիխանյանի անվան ազգային լաբորատորիայի տարածքում գտնվող ցիկլոտրոնի հետ կապված հայցով՝ ընդդեմ ՀՀ Կառավարության, Հովհաննես Զոհրաբյանն ասաց, որ իրենք այդ դատական գործի հետ կապ չունեն, բայց, իր տեղեկություններով, բանակցությունների փուլում է գործընթացը։

«2013թ․պայմանագիր է ունեցել Կառավարության հետ, կենտրոնի հետ կապված կառավարչի լիազորություններ ուներ»,- ասաց նա՝ հավելելով, որ հիվանդները կենտրոնի էլեկտրոնային փոստին ուղարկում են իրենց պատմությունները, հետազոտությունը, անընդհատ քննարկումներ են լինում, որ հրատապության կարգով հետազոտեն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս