Գողությունից մինչև նվիրական հարգանք․ Չարենցի ու Տերյանի միակ հանդիպումը

Եղիշե Չարենցի մասին խոսելիս կողք կողքի պետք է դնենք գեղեցիկը, ողբերգականն ու խենթությունը։ Թերթելով նրա մասին գրված գրքերն ու հուշերը՝ հասկանալի է դառնում, որ գործ ունենք բացառիկ հանճարեղ մի մարդու հետ, ում կյանքից անհնար է մի կողմ դնել խենթությունը։ Չարենցը բացառիկ էր նաև մարդկանց հետ իր ունեցած անուղղակի կապով։ Նա կարող էր չտեսնել մարդուն, սակայն նրա մասին յուրահատուկ վերաբերմունք և ակնածանք ունենալ։ Այս առումով նրա կյանքում բացառիկ էին Պուշկինը, Մայակովսկին, Կոմիտասն ու Վահան Տերյանը։

Վերջինիս հետ Չարենցն ունի դրամատիկ անուղղակի կապ։ Չարենցը սնվեց Տերյանով, հետո նրան հերքեց, ապա նորից վերադարձավ Տերյանի մոտ։ Թերևս, այս ձևակերպմամբ կարող ենք ցույց տալ Չարենց-Տերյան զուգահեռները։ Հատկանշական է, որ դեռ պատանի հասակից Չարենցի համար Տերյանն այն մեծությունն էր, ում համար կարելի էր անգամ հոր գրպանից գումար գողանալ և գնել նրա գրքերը․

«Չարենցը ինձ պատմել է, որ դեռևս աշակերտ Կարսի ռեալական դպրոցում, 1912 թվին, մի ռուբլի է թռցրել Աբգար-աղայից (այդպես էր անվանում հորը) ու գնել Վահան Տերյանի «Բանաստեղծություններ» գիրքը, որ նոր երևացել էր Կարսի գրախանութի ցուցափեղկում։ -Ասես անհուն մի գանձ նվիրեցին ինձ․ զարմանալի հայտնություն եղավ ինձ համար այդ գիրքը, ու էլ ձեռքիցս վայր չդրի։ Առանձնանում էի ու շարունակ կարդում։ Այնպիսի կախարդական ազդեցություն ունեցավ վրաս, որ մինչև օրս էլ չեմ կարող առանց հուզմունքի հիշել այդ»։ («Հիշողություններ Եղիշե Չարենցի մասին», Երևան, 1961, էջ 60)։

Միքայել Մազմանյանի այս հուշն արդեն իսկ փաստում է, որ դեռ պատանի տարիքից Չարենցը Տերյանի նկատմամբ սիրուց ու հարգանքից դրդված կարող էր համարձակվել հոր գրպանից գումար թռցնել ու գնել Տերյանի գիրքը։

Չարենցի հայրը ցանկանում էր, որ տղան արհեստ սովորի, իսկ Կարսի փողոցներում թափառող տղան իրեն ցանկանում էր նվիրել արվեստին։ Հոր-որդու գաղափարական բախումն, ի վերջո, ավարտվեց Չարենցի հանճարի հաղթանակով։ Սակայն վերոնշյալ անկեղծ խոստովանանքը կարդալուց հետո, երբ կարդում ենք ֆուտուրիստ Չարենցի այս տողերը, հստակ տեսնում ենք գաղափարական կերպարանափոխություն․

Հաճելի՞ է, չէ՞,
էլի ձեզ
Տերյանի երգը թքոտ:
Բայց
Էսօր
Հոգիս թող ձեզ լիզի
երկաթե,
թեժ արդուկով:

Դա մի էտապ էր, որ քամու նման եկավ-անցավ, սակայն Չարենցի պոեզիայի հիմքում ամուր ու հաստատուն մնաց Տերյանն այնպես, ինչպես Պուշկինը։ Ինչպես Չարենց-Կոմիտաս կապի, այնպես էլ Չարենց-Տերյան կապի դեպքում տեսնում ենք, որ Չարենցը Տերյանին հանդիպել է միայն մեկ անգամ, սակայն պատանին չի համարձակվել մոտենալ ու խոսել Տերյանի հետ։ Չարենցը Տերյանին տեսել է հեռվից՝ 1917 թվականին, Գոլովինսկի պողոտայի վրա, «Մի բաժակ թեյ» սրճարանում․

«Իմ տպավորության մեջ անջինջ մնաց նրա թուխ, մի փոքր դեղնավուն, խիստ հայկական դեմքը և սև աչքերի խոնավ նայվածքը․ նրա դեմքին կարծես մշուշ կար, և նրա աչքերն այդ մշուշի միջից նայում էին խոնավ նայվածքով․․․ Դեմքը թեկուզև հայկական էր, մի փոքր կոպիտ դիմագծերով, սակայն թողնում էր ծայր աստիճան կրթված, մտավոր աշխատանքով ապրող մարդու տպավորություն։ Դեմքի վրա կար հիվանդագին հոգնածության կնիք- և նրա կերպարանքն ամբողջովին համապատասխանում էր նրա պոեզիային․․․»։

Չարենցի աչքերում այսպես էր տպավորվել իր ու Տերյանի միակ հանդիպումը։ Նա բազմիցս մտավորականներին հարցնում էր, թե ինչպիսի՞ն է Տերյանի ձայնը, դիմագիծն ու արտաքինը։ Նա ոչ մի այլ գրողի նկատմամբ այնքան մեծ հետաքրքրություն չուներ, որքան Տերյանի։ Եվ տրամաբանորեն հասկանալի էր, թե 1917 թվականին ինչո՞ւ նա չմոտեցավ Տերյանին, քանի որ մեծ համարձակություն էր պետք երիտասարդ տղային մոտենալու համար մի մարդու, ում պոեզիայով նա ապրում էր, սնվում, զարգանում և նրան համարում գրականության ասպարեզում իր իդեալը։ Տեսականորեն նա իր սերն ու պայքարը Տերյանի նկատմամբ ունեցավ տարածության առկայությամբ։ Միգուցե հենց այդպես էլ պետք է լիներ, որ այս երկու մեծությունները լինեին միմյանց շատ մոտ և հեռու։ Այնպես, ինչպես Կոմիտասն էր Չարենցի համար, որոնց միակ հանդիպումը եղավ վարդապետի հուղարկավորության ժամանակ։ Տերյանը եղավ Չարենցի ուսուցիչը, ուղեցույցն ու ոգին։ Նա կարողացավ իր մեծ ու ահռելի ուժով նոր ճանապարհ հարթել Չարենցի համար, ով սնվելով ու զարգանալով Տերյանով՝ կարողացավ նոր նշաձող ու ուղղություն սահմանել։ Չարենցն իրեն հաճախ էր տալիս այս հարցը․ «Ի՞նչ կաներ Տերյանը, եթե կենդանի մնար․․․»։

Չարենցի մահից հետո, նաև հիմա, գրքի ու արվեստի մարդիկ ևս այդ հարցը տալիս են Չարենցին։ Իրականում մեծ հայ լինելու համար պետք չէ երկար ապրել, քանի որ Չարենցը, Տերյանը, Թումանյանն ու Կոմիտասն ապրեցին քիչ, սակայն կարողացան իրենց ժողովրդին ու հայրենիքին ծառայել։ Նրանք իրենց մահով կերտեցին հայրենիք ու ցույց տվեցին ազգին ծառայելու ճանապարհը։ Իսկ մենք հիմա լոկ բավարարվում ենք նրանց անունը տեղի ու անտեղի հիշելով, սակայն երբեք չենք տեսնում նրանց գծած ճանապարհն ու ուղեցույցը։ Հիմա եսասիրության դարաշրջան է։ Եվ հայրենիքն ու ազգային գաղափարախոսությունն ընկել են ետին պլան։ Առաջնայինը նյութականն է, լավ կյանքն ու ավելի տգետ հասարակություն ունենալու մեծ ցանկությունը․․․

Զ․ Շուշեցի

Տեսանյութեր

Լրահոս