«Գնում-տեսնում ենք՝ Քանաքեռ-Զեյթունի Կանաչապատման բաժնի տնօրենը մեքենան բերել-մտցրել է Մոնումենտի այգու տարածք, խորոված է անում». վարչական շրջանի ղեկավար
««Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ն ունի մոտ 760 աշխատակից, որոնցից 18-ը վերջին մեկ ամսվա ընթացքում սեփական դիմումի համաձայն ազատվել են աշխատանքից»,- ավագանու նիստի ժամանակ ասաց ՀՈԱԿ-ի նորանշանակ տնօրեն Արա Աղայանը՝ ի պատասխան «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանի հարցադրումներին, որոնք վերաբերում էին երեկ ՀՈԱԿ-ի աշխատակիցների կազմակերպած ակցիային: Ակցիայի մասնակիցները պնդում էին, որ նոր տնօրենն արհամարհական վերաբերմունք է ցուցաբերում իրենց նկատմամբ և կադրային ջարդ է սկսել:
«Իմ պաշտոնի նշանակվելու պահից՝ մեկ ամսվա ընթացքում, 120 աշխատակից հրամանագրվել է: Վերջին մեկ ամսվա ընթացքում 50 հոգի եղել են փորձաշրջանի մեջ, պայմանագրերն այդպես են կնքված եղել, նրանցից ընդամենը 3 հոգու է առաջարկ արվել խզել աշխատանքային պայմանագիրը, քանի որ չեն համապատասխանում ՀՈԱԿ-ի պահանջներին: Երկու հոգի էլ դրա հետ կապված աշխատանքից ազատման դիմում են ներկայացրել և մասնակցել երեկվա բողոքի ակցիային: Ակնհայտ է, որ 700 հոգանոց կոլեկտիվից 3 հոգու հեռանալը չի կարող համարվել կադրային ջարդ, 18 հոգու վրա մեր կողմից որևէ ազդեցություն չի եղել»,- ասաց Աղայանը:
Երեկ ակցիայի մասնակիցները նշում էին նաև, որ աշխատանքից ազատվել է հղի կին: Քաղաքապետ Հայկ Մարությանն առաջարկեց Աղայանին մեկնաբանել սա ևս:
«Դա ակնհայտ հերյուրանք է: ՀՈԱԿ-ում մեկ հղի կին կա, ինքը շարունակում է աշխատել, որևէ մեկը որևէ բան չի ասել իրեն, ավագանու անդամները կարող են զանգել, զրուցել, դա չի համապատասխանում իրականությանը, դա արվել է ֆոն ստեղծելու համար»,- ասաց Աղայանը:
Ի դեպ, այսօր «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի Հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արթուր Աղաբեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ ինքը ևս պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել:
«Ինձ պատիվ չէ աշխատել բարոյական և մասնագիտական որակներից զուրկ մարդկանց հետ: Անընդունելի եմ համարում քաղաքապետարանին առընթեր տարբեր կառույցներում վարվող քաղաքականությունն ու անպատժելիությունը: Այդ պատճառով չեմ ցանկանում մասնակցել կեղտոտ գործընթացներին և հեռանում եմ: Միշտ լինելու եմ քաղաքամայր Երևանիս կողքին և շարունակելու եմ աջակցել նրա շենացմանը»,- գրել է Աղաբեկյանը:
Թեհմինա Վարդանյանը տեղեկություն էր ստացել, թե երեկվա բողոքի ակցիայից հետո Քանաքեռ-Զեյթունի Կանաչապատման բաժնի պետին առաջարկվել է դիմում գրել և ազատել պաշտոնը, սակայն վերջինը հրաժարվել է, քանի որ հիմքեր չի տեսել: Իսկ այսօր վարչական շրջանի ղեկավարն ու ՀՈԱԿ-ի տնօրենը նրան գույքով դուրս են արել թաղապետարանի շենքից: «Լույս» խմբակցության անդամի պնդումներին արձագանքեց Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Կարեն Հակոբյանը: Պատմությունը երկար էր:
««Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի նախկին տնօրեն Արմեն Բեգոյանին ես անձամբ եմ խնդրել, որ պահի մեր բաժնի պետին, քանի որ նա վաղուց է ղեկավարում մեր ՀՈԱԿ-ը, իրեն ճանաչել եմ՝ որպես դրական անձնավորություն: Ինչ վերաբերում է հեռացնելուն, մենք իրեն չենք հեռացնելու, ուղղակի ես զեկուցագիր եմ գրել, որտեղ ներկայացրել եմ իր կատարած անցանկալի արարքները: Շաբաթ օրը շրջայց էինք կատարում Մոնումենտում, որտեղ ոչինչ չպետք է աշխատի, լսում ենք բարձր ռաբիս երաժշտություն, տղաներին ասում եմ՝ գտեք՝ որտեղի՞ց է, գնում-գնում, ծուխ ենք տեսնում, մարդիկ խորոված են անում, մանղալ, շշեր, մոտենում տեսնում եմ՝ կողքն էլ խաշլամա է դրված: Ասում եմ՝ մի հատ շրջապատեք, որ ոչ մեկը չփախնի, մոտիկանում ենք, ինչքան մոտենում ենք՝ ծանոթ դեմքեր եմ տեսնում, մեր Կանաչապատման բաժնի տնօրենը մեքենան բերել-մտցրել է Մոնումենտի այգու, անտառի մեջ՝ թքած ունենալով պարետի որոշումների վրա, ձեռքերը բարձրացրած քեֆ են անում աշխատակիցների հետ»,- ասաց Հակոբյանը:
Վարչական շրջանի ղեկավարի պնդմամբ՝ հաջորդ օրը նույն տարածքում հրդեհ է բռնկվել, որը ստիպված են եղել մարել ամբողջ օրը: Պատմությունը ծիծաղի մեծ ալիք բարձրացրեց ավագանիի նիստի ժամանակ: Քաղաքապետը, հազիվ զսպելով ծիծաղը, ավագանու անդամին հարցրեց՝ նորմա՞լ է, որ այդ մարդը շարունակի իր գործունեությունը: Թեհմինա Վարդանյանը ևս ժպիտը դեմքին պատասխանեց.
«Այս պատմությունն ինձ «Կաշչեյ անմահ»-ի հեքիաթը հիշեցրեց: Գնում-գնում, տեսնում է ծառ, ծառի վրա՝ ասեղ, և այլն: Կարելի՞ էր ամեն դեպքում նկատողություն տալ, զգուշացնել, մարդուն խորոված ուտելու համար…, հերիք չի՝ գնացել-շրջապատել եք»:
Քաղաքապետ Հայկ Մարությանն ասաց՝ նման դեպքում վարչական շրջանի ղեկավարը կարող է որոշել, որ նման վարք դրսևորած մարդն առհասարակ իրավունք չունի շարունակել պաշտոն զբաղեցնել։