Բաժիններ՝

«Իտալիայում արգելված է իրար ձեռք բռնել, գրկել, համբուրվել, իսկ դիմակ ու ձեռնոց  պետք է կրենք, թե չէ` կտուգանվենք 400-3000 եվրոյի չափով»․ Կամիլլո Բիանկոֆիորե

Ֆրանսիացի հայագետ, Սուրբ Ղազարի ճեմարանի անդամ Ֆրեդերիկ Ֆեյդին ասել է․ «…Իմ իմացած լեզուների մեջ հայերենը բացառիկ է, նախ` որպես զարմանալի տրամաբանական լեզու, ապա նաև՝ իր ճկունությամբ, նոր բառեր կազմելու դյուրություններով»:

Այսպես է մտածում նաև 30-ամյա իտալացի երիտասարդ Կամիլլո Բիանկոֆիորեն, ում հետ զրուցել ենք հայերեն սովորելու իր որոշման, հայ-իտալական հարաբերությունների ու առկա խնդիրների, Հայաստանում մշտական բնակություն հաստատելու, կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակի և այլ հարցերի շուրջ։

 – Կամիլլո, գիտեմ, որ հայերեն որոշել ես սովորել քո կյանքի դժվար մի փուլի ժամանակ։ Մի փոքր կպատմե՞ս, թե երբ ու ինչու որոշեցիր սովորել, ու հայերենն ինչպե՞ս օգնեց քեզ հաղթահարել դժվարությունը։

– Հայերեն սկսել եմ սովորել 2011 թվականի նոյեմբերին։ Այդ ժամանակ 21 տարեկան էի և դեպրեսիայի մեջ էի։ Կորցրել էի իմ բոլոր ընկերներին, և դժվար ժամանակահատված էր ինձ համար։ Ֆեյսբուքում ընկերներիցս մեկը, տեսնելով իմ այդ վիճակը, ինձ առաջարկեց ծանոթանալ հայերի հետ։ Այդպես էլ արեցի։ Սկզբում անգլերեն, իսպաներեն, ռուսերեն էինք խոսում, հետո անցում էինք կատարում հայերենին։ Ես այդպես իմ մտքերը հենց հայերենով էի զբաղեցնում, որ հանկարծ ինքնասպանության մասին չմտածեմ։

– Ինչքա՞ն ժամանակ պահանջվեց, որպեսզի սովորես հայերեն կարդալ, գրել ու խոսել։

– Նախադասություններ սկսեցի կազմել մոտավորապես 6 ամիս հետո։ Իմ ուսման ձևը այսպես էր․ սոցիալական կայքում տեսանյութեր էի հրապարակում, որտեղ խոսում էի հայերեն։ Իհարկե, սկզբում շատ սխալներ էի անում։ Այբուբենն անգիր սովորեցի երկու շաբաթվա ընթացքում, բայց չէի գրում, քանի որ այն ժամանակ մոդայիկ էր լատինատառ գրելը։ Հա, ես նույնիսկ իտալերեն լավ չեմ գրում, ուր մնաց՝ հայերեն։ Տգեղ է ստացվում, մարդիկ ոչինչ չեն հասկանում։ Հետո հայերի հետ սկսեցի անմիջական կապ հաստատել Skype-ով ու խոսել։ Իհարկե, դժվարություններ եղել են, բայց խոսակցական լեզուն արագ էի սովորում։

– Քանի՞ անգամ ես եղել Հայաստանում, ինչպիսի՞ տպավորություններով ես վերադարձել։

– Հայաստանում եղել եմ 2013թ․ հուլիսի 4-ից մինչև օգոստոսի 28-ը։ Ցավոք, մեկ անգամ, որովհետև այդ ժամանակ ոչ փող ունեի, ոչ էլ աշխատում էի, դրա համար չեմ վերադարձել, բայց վստահ եմ, որ 100 տոկոս հետ եմ գալու ու այս անգամ՝ վերջնական։ Երբ վերադառնում էի Իտալիա՝ լաց էի լինում, ես չէի ուզում Հայաստանը լքել։ Չէի կարոտում ո՛չ Իտալիան, ո՛չ Լեհաստանը՝ հաշվի առնելով, որ մայրիկիս հայրենիքը Լեհաստանն է։ Հայաստանում ինձ ՀՀ քաղաքացու պես եմ զգացել, ոնց որ  տունս լիներ։ Ես զբոսաշրջիկի նման չէի ապրում հյուրանոցում, գիդի հետ այս կամ այն վայրը չէի գնում, ընկերոջս տանն էի ապրում, և մենակ, հայի պես՝ ուր ասես գնում էի։ Երթուղայինով Առաջին Մասիվից իջնում էի կենտրոն։ Կիլիկիա, Սասունցի Դավիթ կայարաններից գնում էի Վանաձոր, Արարատ։ Շատ եմ կարոտում ամբողջ երկիրը։

– Ունե՞ս սիրելի վայրեր։

– Իհարկե, բնակվել եմ Նոր Նորքի առաջին զանգվածում ու շատ եմ կարոտում այն։ Կուզեի նորից վերադառնալ։ Շատ եմ սիրում Հանրապետության հրապարակը, Մաշտոցի պողոտան, Աբովյան, Թումանյան փողոցները, Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանը։ Միայն Երևանից ենք խոսում, բայց ես Վանաձորում էլ եմ եղել ու ունեմ մի սիրելի վայր, կարծեմ կոչվում էր՝ Արհեստական լճեր։ Խոր Վիրապը, Սուրբ Հովհաննեսի եկեղեցին՝ Աբովյանում, Էջմիածինը․․․։ Շատ վայրեր կան, որ սիրում եմ ու կուզեի նորից վերադառնալ։

– Փաստորեն, Հայաստան գալու և այստեղ ապրելու ցանկություն ունես։

– Այո, կուզեի Երևանում ապրել, բայց եթե, ասենք, Դիլիջանում մատչելի բնակարան լինի, նաև այնտեղ կապրեմ։ Եթե առաջին Մասիվում ստացվի բնակարան գտնել, ապա այնտեղ սիրով կապրեի։ Շատ եմ կարոտում ու սիրում։ Ես կինեմատոգրաֆիայի ակադեմիա եմ հաճախում ու կուզեի որպես դուբլյոր՝ կրկնօրինակող աշխատել։ Սերտիֆիկատ ստանալուց հետո կուզեի գալ Հայաստան ու հենց  այդ մասնագիտությամբ աշխատել ռադիոյում, հեռուստատեսությունում։ Ընթացքում կարող եմ աշխատել նաև ռեստորաններում՝ որպես մատուցող, ինչո՞ւ ոչ։

– Հայկակա՞ն, թե՞ իտալական խոհանոցն ես նախընտրում։

– Իտալական։ Այստեղ եմ մեծացել ու սովորել եմ իտալական կյանքին, բայց շատ եմ սիրում հայկական խորովածը, տոլման, լավաշը․․. ամեն օր կուտեի։ Բայց եթե իտալական խոհանոցից որևէ բան երկու ամիս չուտեմ՝ կգժվեմ։ Իմ սպագետիին, ռավիոլլիին, ֆուզիլլին ահավոր կկարոտեի։ Օրը մեկ անգամ պետք է պաստա ուտեմ։

– Ըստ քեզ՝ հայերն ինչո՞վ են տարբերվում մյուս ազգերից։

– Հյուրասիրությամբ և ընկերասիրությամբ։ Հայերը չափազանց ընկերասեր են, ընդունում են բոլորին։ Նրանք շատ են զարմանում նաև, երբ տեսնում են օտարերկրացու, ով հայերեն է խոսում։ Ես շատ էի զարմանում, երբ փողոցում  մարդիկ մոտենում էին ինձ ու ընկերոջ պես խոսում էին, ինչ-որ հարցեր էին տալիս։ Դա զարմանալի բան է, որովհետև Իտալիայում նման բան ընդհանրապես չի լինի։ Տեսնելով, որ սլավոնական արտաքին ունեմ՝ ռուսերեն լեզվով հարցնում էին՝ բարև ձեզ, որտեղի՞ց եք, լա՞վ եք։ Ես սկզբում մտածում էի, թե ձեռք են առնում։

– Հաստատ հայերեն գրքեր կարդում ես։ Ունե՞ս սիրելի բանաստեղծ։

– Հայ բանաստեղծներին շատ լավ ճանաչում եմ․Պարույր Սևակին, Ավետիք Իսահակյանին, Համո Սահյանին, Վահան Տերյանին, Հովհաննես Թումանյանին․․․ Իմ ամենասիրելի բանաստեղծը Պարույր Սևակն է։ Նրա
«Հայաստան» բանաստեղծությունն անգիր կարող եմ ասել (սկսեց արտասանել.- Ա.Կ.):

Պ․ Սևակը հասկանալի բառապաշարով է գրում, դրա համար սիրում եմ։ Այնքան եմ սիրում, որ նրա մի քանի բանաստեղծություն իտալերեն եմ թարգմանել։ Նույնը՝ Համո Սահյանի և Վահան Տերյանի դեպքում։

Լսում եմ նաև հայկական երաժշտություն։ Սիրում եմ «Բամբիռ» ու «Ռեինկարնացիա» խմբերի երգերը։  «Ռաբիս»-ի մասին չեմ խոսի, Թաթուլ, Արմենչիկ, դա ուրիշ աշխարհ է, չեմ լսում, չեմ սիրում։

Շատ լավն են նաև Ռուբեն Հախվերդյանի երգերը։

– Հայ-իտալական հարաբերություններն էլ ավելի լավացնելու համար ի՞նչ է պետք։

– Հայերն իտալացիներին շատ լավ ճանաչում են․ նրանց պատմությունը, լեզուն, բայց իտալացիները՝ ոչ։  Մեկ անգամ ամենամոտ ընկերոջս հարցրեցի, թե գիտի՞ Հայաստանն ինչ է, լսում էր Արմենիա, մտածում էր՝ Ալբանիա է կամ Ռումինիա։ Իտալացիները հայերի մասին ոչինչ չգիտեն, այն փաստը, որ Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա»-ում է խաղում, ֆուտբոլասերները երևի իմանան, թե ով է, բայց մշակույթն ու պատմությունը չեն իմանա։ Դպրոցներում Հայոց ցեղասպանության մասին ոչինչ չենք անցնում, ինչը ցավալի է։ Ընդհանրապես հայերից չեն խոսում դպրոցում, կուզեի սա փոխվեր։ Այստեղ լավ կլիներ, որ հայերից, մշակույթից, հայտնի մարդկանց մասին շատ խոսեին։ Հատկապես հայտնի մարդիկ պետք է այնպես անեն, որ իտալացիները սկսեն ճանաչել հայերին․ ոչ մի հայկական կինո չկա, որ հայերենից իտալերեն թարգմանված լինի։

– Ինչպե՞ս են ձեր երկրում հաղթահարում կորոնավիրուսի ճգնաժամը։ Ի՞նչ սահմանափակումներ կան, մարդիկ ենթարկվո՞ւմ են դրանց։

– Կորոնավիրուսն Իտալիայում 100 տոկոս ողբերգություն է։ Այն վերջին երեք ամիսներին շատ մեծ վնասներ տվեց։ Կարանտինը մեզ մոտ սկսվել է մարտի 10-ից։ Հայրս խոհարար էր ռեստորաններից մեկում, ու երեք ամսից ավելի  է՝ չի աշխատում։ Ապրիլի վերջին  լուրերով ասացին, որ վարակվածները, զոհերը քիչ են, բայց ոչ բոլորն են դրան հավատում։ Չէի ասի, որ հաղթահարում ենք ճգնաժամը, ժողովուրդը մի կերպ յոլա է գնում։ Մարդիկ, այո,  ենթարկվում են սահմանափակումներին։ Օրինակ՝ մայիսի 18-ից նոր կանոններ կան․ ռեստորաններում, սրճարաններում բոլոր սեղանները  բաժանված են լինելու ապակիով, որ չվարակվեն մարդիկ։ Ցուցակ կա, երբ մարդն ուզում է նստի, օրինակ, սրճարանում, պետք է իր անուն-ազգանունը գրի, տարիքը, աշխատավայրը, հեռախոսահամարը ու ժամը՝ քանիսին է եկել կամ դուրս եկել։ Սոցիալական հեռավորություն պետք է անպայման պահել․ արգելված է իրար ձեռք բռնել, գրկել, համբուրվել։ Դիմակ ու ձեռնոց  պետք է կրենք, արգելված է հանել դրանք, թե չէ՝ ոստիկանությունը կտուգանի 400-3000 եվրոյի չափով։ Մեզ մոտ ռեստորանների բացվելու համար բողոքի ակցիաներ չկան, ինչպես եղավ այդտեղ։ Հակառակը, դերասանները կոչ են անում հետևել կառավարության հորդորներին, չգնալ աշխատանքի։ Եթե չլսող զանգվածը հիմար պատճառներով դուրս է գալիս, ասում են՝ էլ չեն դիմանում տանը նստել, ուզում են իրենց ընկերներին տեսնել, բռնում են ոստիկանները ու տուգանում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս