Երբ իշխանությունը սուտասան է կամ վարկաբեկող, դա դրսևորվում է թե ներսում, թե դրսում, ինչո՞ւ ոչ՝ Վենետիկի հանձնաժողովի նկատմամբ

Արդյոք սուտ խոսելը, խաբելը կամ վարկաբեկելը բնավորությո՞ւն է, թե՞ էպիզոդիկ մի բան: Կարծում ենք՝ այն ախտանիշ է, ՀՀ նոր իշխանություններին շատ բնորոշ մի բան, ինչը դրսևորվում է թե ներսում, թե դրսում, այդ թվում՝ Վենետիկի հանձնաժողովի նկատմամբ:

Շատերը գիտեն, որ վերջերս ՀՀ իշխանությունները դիմել են Վենետիկի հանձնաժողով՝ ՍԴ առնչությամբ ուղղելով երեք հարց։ Կարելի էր կարծել, թե խելքի են եկել, հասկացել են, որ առանց Վենետիկի հանձնաժողովի կարծիքի՝ սահմանադրական փափախություններ կատարելը կարող է ոչ ցանկալի հետևանքներ, արձագանքներ ունենալ։

Բայց արի ու տես, որ էլի խաբում են, մի ձեռքով որոշել են դիմել, մյուսով՝ իրենց ուզածն արդեն սղացնում են՝ ներքաշելով այս մարմնին իրենց բեմադրած ներկայացման մեջ:

Այսպես. Ազգային ժողովի Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը՝ հարցին, թե ԱԺ-ում ե՞րբ շրջանառության մեջ կդրվի ՍԴ դատավորների պաշտոնավարումը դադարեցնելու մասին, պատասխանել է՝ շատ շուտով։

Հարցին՝ արդյոք սպասո՞ւմ են Վենետիկի հանձնաժողովի կարծիքին, որպեսզի շրջանառեն, նա պատասխանել է, որ ամեն ինչ պետք չէ պայմանավորել Վենետիկի հանձնաժողովով, սակայն մասնագիտական առումով նրանց կարծիքը հետաքրքիր կլինի։

Այլ կերպ ասած՝ այնպիսի տպավորություն է, որ կառույցի փորձագետները պարապ նստած սպասում են, թե երբ են ՀՀ իշխանություններն իրենց հարց տալու՝ զուտ մասնագիտական հետաքրքրությունը բավարարելու համար։

Պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը նշում է, որ անկախ նրանից՝ Վենետիկի հանձնաժողովն ի՞նչ կարծիք կտա, ԱԺ-ն հանդես էր գալու այդ նախաձեռնությամբ։ Նա նշում է, որ փոքր հարցերում, ինչպես, օրինակ՝ տերմինների ճիշտ կիրառության, իրենք կարող են լսել Վենետիկի հանձնաժողովին։ Իսկ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի աջակիցները (օրինակ՝ Լուսինե Հակոբյանը) նշում են, որ Վենետիկի հանձնաժողովին դիմելը սխալ որոշում էր, քանի որ այդ մարմնում որոշումները կայացնելիս կապերը մեծ նշանակություն ունեն:

Արդյոք նո՞ր է միջազգային գործընկերների նկատմամբ նման անհարգալից վերաբերմունքը: Պարզվում է՝ ոչ։

Նիկոլ Փաշինյանը նախկինում նշել էր, որ Գերմանիա այցի ժամանակ եվրոպացի գործընկերների ուշադրությունը հրավիրել է այն հանգամանքի վրա, որ այդ ողջ պրոցեսը, որի դեպքում իրավունքի չարաշահման հետ գործ ունեն, տեղի է ունեցել Վենետիկի հանձնաժողովի ուշադրության ներքո:

Կարծում է՝ Վենետիկի հանձնաժողովը պետք է պատասխանի որոշ հարցերի, այդ թվում` եվրոպացի իրենց գործընկերներին։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը նշել էր, որ Վենետիկի հանձնաժողովի նախագահի անձնական հայտարարությունները չպետք է նույնացնել Վենետիկի հանձնաժողովի հետ։

Ջիաննի Բուքիքիոն Սերժ Սարգսյանի կողմից շատ թանկարժեք նվեր է ստացել՝ թանկարժեք ադամանդներով հատուկ շքանշան։ Ինքն իր կարծիքն ասում է հայտարարություններով, իրենք նրա հայտարարություններն ի գիտություն ընդունում են, բայց կարևորը պետության զարգացումն է։ ՍԴ դատավոր Վ. Գրիգորյանը նախկինում Վենետիկի հանձնաժողովի կարծիքը որակել էր՝ որպես բարոյագիտական դատարկախոսություն, որը չունի իրավաբանական և քաղաքական արժեք, երրորդական նշանակություն ունեցող։

Նշել էր, որ իր համար միանշանակ չի Վենետիկի հանձնաժողովի որոշ պաշտոնյաների անկողմնակալությունը։ Վենետիկի հանձնաժողովը ձևախեղել է Հայաստանում ընտրական իրավունքը, ընտրակեղծարարության դեմ պայքարի էֆեկտիվ միջոցը փակ է պահել, նպաստել ընտրակեղծարարության ջերմոցին։ Վենետիկի հանձնաժողովն իր բացթողումների համար ոչ մի պատասխանատվություն չի կրում, ու այդ դեպքում քանի՞ գրոշ արժի նրա խորհրդատվությունը։ Հրայր Թովմասյանի դիրքորոշումն ու կարծիքը շատ ավելի ծանրակշիռ է։ ՍԴ ճգնաժամն ու դրա լուծումը բացարձակապես Հայաստանի ինքնիշխանությանը վերաբերող խնդիրներ են: Վենետիկի հանձնաժողովը միջամտում է ներքաղաքական գործերին։ Իրենց հետաքրքիր են միջազգային գործընկերների կարծիքներն այն ժամանակ, երբ կխնդրեն այդ մասին:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ն. Բաղդասարյան.– Բուքիքիոն այն սուբյեկտը չէ, որի կարծիքը պետք է հաշվի առնել, նրա խոսքը միջամտություն է, և իրենց խմբակցությունը պետք է պարզաբանի նրա հետ այդ հարցը: Բուքիքիոն որոշակի շահագրգռվածություն ունի, ուղղորդված է և կապ ունի նախկին իշխանությունների հետ:

Հարկ ենք համարում նշել, որ Վենետիկի հանձնաժողովի հանդեպ նման վերաբերմունք արտահայտվել է նաև այն ժամանակ, երբ հանձնաժողովի հայտարարությունները ձևախեղվել և մեկնաբանվել են շատ յուրովի, ականջալուր չլինելով այդ մարմնի հորդորներին: Սա է պատկերը, ներքին լսարանին, դրսի գործընկերներին խաբել, ինչո՞ւ չէ՝ վարկաբեկել:

Այս ամենի լույսի ներքո միջազգային կառույցներն այս իշխանություններից որևէ տեղեկատվություն ստանալիս՝ կարծում ենք, պետք է վերապահումներ ունենան, աչքի առջև ունենալով հենց իրենց հասցեին արված զրպարտությունները, ինչպես նաև ցուցաբերեն զգուշավորություն՝ չլեգալացնելով հակաիրավական գործընթացներն իրենց ձևական մասնակցությամբ:

Ռոբերտ Հայրապետյան

Տեսանյութեր

Լրահոս