«Գրադարանային համակարգ» ՀՈԱԿ-ի աշխատակիցների բողոքը վարույթ է ընդունվել
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գործող «Գրադարանային համակարգ» ՀՈԱԿ-ի՝ աշխատանքից ազատված 11 աշխատակիցների՝ դատական հայցը վարույթ է ընդունել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կողմից, նախագահող դատավոր՝ Ս.Հովսեփյան:
Գրադարանի նախկին աշխատակիցներ Անահիտ Հրաչի Խաչատրյանի, Գայանե Խաչիկի Ղալաչյանի, Լենա Աշոտի Սարգսյանի, Մագթաղ Արամայիսի Հովհաննիսյանի, Օֆելյան Գևորգի Սարիբեկյանի , Ռուզաննա Հովսեփի Բոյաջյանի, Սենուրա Յուրիկի Ներսիսյանի, Սոնյա Սերգեյի Խանամիրյանի, Աննա Երջանիկի Խալաթյանի, Սոֆիկ Սարիբեկի Դիլանյանի և Վարդուհի Միքայելի Մարգարյանի ներկայացուցիչ՝ «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակը ընդդեմ «Գրադարանային համակարգ» ՀՈԱԿ-ի ներկայացրած հայցադիմումով պահանջում է անվավեր ճանաչել աշխատանքից ազատելու վերաբերյալ հրամանները, հայցվորներին վերականգնել նախկին աշխատանքում և բռնագանձել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար նրանց միջին աշխատավարձը։ Հայցադիմումը և դրան կից փաստաթղթերը դատավորի աշխատակազմին են տրամադրվել ապրիլի 22-ին, վարույթ ընդունելու մասին որոշում է կայացվել ապրիլի 28-ին։
Հիշեցնենք, որ «Գրադարանային համակարգ» ՀՈԱԿ-ի աշխատակիցները ամիսներ շարունակ բարձրաստիճան պաշտոնատար անձանց և մամուլի միջոցներին դիմելով ու ահազանգելով, բողոքի ակցիաներ կազմակերպելով պայքարում էին իրենց ոտնահարված իրավունքները վերականգնելու համար, պահանջում էին, որպեսզի Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ու քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը կարգավորեն խնդիրը, սակայն ապարդյուն, նորանշանակ տնօրեն Անուշ Գալստյանը լրատվամիջոցներին տված հարցազրույցներում շարունակում էր պնդել, թե գործել է օրենքի շրաջանակներում։ Աշխատակիցներն էլ պնդում էին, թե տնօրենն է օրենքի խախտմաբ, առանց նախապես զգուշացնելու իրենց աշխատանքից ազատելու մասին հրամաններ արձակել։
Ի վերջո գրադարանային աղմկոտ թնջուկը հասավ դատարան։