«Ի՞նչն են կասկածի տակ դնում. Պարետի որոշումը խախտվել է, ինչը վարչական իրավախախտում է». Դանիել Իոաննիսյանը՝ Արցախ ոստիկանությանն ուղղված դիմումի մասին
«Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն օրերս ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել էր, որ «Իրազեկ քաղաքացիների միավորման Ստեփանակերտի գրասենյակը» դիմում է ներկայացնելու Արցախի ոստիկանություն՝ խնդրելով վարչական պատասխանատվության ենթարկել Արցախի Հանրապետության նախագահի երդմնակալությանը հաջորդած խնջույքի մասնակիցներին՝ ԱՀ պարետի Թիվ 2 որոշման պահանջները խախտելու համար:
«Այդ թվում՝ խնդրելու ենք տուգանել ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյան / Arayik Harutyunyan-ին, ՀՀ վարչապետ Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյանին, ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյան – Ararat Mirzoyan-ին և այլոց»,- նշված էր գրառման մեջ:
168.am-ը Դանիել Իոաննիսյանից հետաքրքրվեց, թե ինչ ընթացք է ստացել իրենց դիմումը:
«Դիմել ենք, դեռևս արձագանք չկա»,- տեղեկացրեց նա:
Հարցին՝ ինչպե՞ս է վերաբերվում ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի՝ ֆեյսբուքյան լայվում հնչեցրած այն տեսակետին, թե՝ «Լուսանկարն արված է Արցախի Հանրապետությունում, որտեղ գործում է այլ իրավական ռեժիմ», Դ. Իոաննիսյանը պատասխանեց.
«Ես այնքան ազատ մարդ չեմ, որ բոլոր լայվերին հետևեմ, բայց հետևյալն ասեմ՝ Արցախում արտակարգ իրավիճակ է, իրենց մոտ կա պարետ, կան պարետի հրամաններ:
Կա պարետի հրաման, որ արգելվում են 20 հոգուց ավելի քանակությամբ մասնակիցներով տոնական միջոցառումները: Հիմա Դուք դատեք՝ դա տոնական միջոցառո՞ւմ էր, թե՞ տոնական միջոցառում չէր (մենք համարում ենք՝ տոնական միջոցառում էր. նկատի ունեմ բուն արարողակարգին հաջորդած խնջույքը), և երկրորդը՝ սա 20 հոգուց ավել էր, թե 20 հոգուց ավել չէր: Ակնհայտ է, որ տոնական միջոցառում էր և այո՚, 20 հոգուց ավել էր»:
Դ. Իոաննիսյանը նկատեց՝ իրենք բավականաչափ կոմպետենտ են, որպեսզի Հայաստանի պարետի որոշումների ռակուրսով չնայեն իրավիճակին. «Մենք հենց Արցախի օրենքներով ենք առաջնորդվում:
Ո՞րն է արդարացումը՝ ուզում են ասել՝ 20 հոգուց ավել չէի՞ն, ես վստահ եմ՝ 20 հոգուց ավել էր, ուզում են ասել, թե խնջույքը տոնական միջոցառո՞ւմ չէր՝ դա էլ է ծիծաղելի: Ակնհայտ է՝ տոնական միջոցառում էր, ի՞նչն են կասկածի տակ դնում: Պարետի որոշումը խախտվել է, ինչը վարչական իրավախախտում է»:
«Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ ծրագրերի համակարգողը հավելեց՝ դիմումի ընթացքի մասին որևէ նորության դեպքում՝ հանրությունը կտեղեկացվի: