Բաժիններ՝

Արդյո՞ք այս լուսանկարից հետո քաղաքացիները լուրջ կընդունեն վարչապետի հայտարարությունները կորոնավիրուսի վտանգների վերաբերյալ. պարզաբանում է խոսնակը

Ֆեյսբուք սոցիալական ցանցում երեկվանից ակտիվորեն տարածվում և քննարկվում է Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի երդմնակալությանը հաջորդած ընդունելության ժամանակ արված լուսանկարներից մեկը:

Լուսանկարում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և հայաստանյան ու արցախյան այլ բարձրաստիճան պաշտոնյաներ կանգնած են սեղանի շուրջ՝ առանց դիմակների, ձեռնոցների, առանց սոցիալական անհրաժեշտ հեռավորությունը պահելու:

Քննարկումների մեջ կարմիր թելով անցնում էր հետևյալ միտքը՝ թեև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, գործադիր ու օրենսդիր մարմնի այլ ներկայացուցիչներ բազմիցս քաղաքացիներին կոչ են անում պահպանել սոցիալական հեռավորություն, կրել պաշտպանիչ միջոցներ, բայց հենց իրենք՝ առաջին դեմքերը, չեն պահպանում սահմանված կարգուկանոնը:

168.am-ը ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանին հարցրեց՝ արդյո՞ք այս լուսանկարից հետո քաղաքացիները լուրջ կընդունեն վարչապետի հայտարարությունները կորոնավիրուսի վտանգների վերաբերյալ:

«Քաղաքացիները պետք է լուրջ ընդունեն. և ոչ միայն վարչապետի նախորդ և ներկա հայտարարությունները, այլ նաև առողջապահության նախարարի հայտարարությունները սրա վերաբերյալ:

Որքան ժամանակ է, որ ասվում է՝ մարդիկ դիմակներ կրեն, խոսվում է անհատական պատասխանատվության մասին:

Վերադառնալով լուսանկարին՝ ուզում եմ ասել, որ, եթե Դուք նայեք դրանից առաջ և դրանից հետո բոլոր լուսանկարները և բոլոր տեսանյութերը, որոնք հրապարակվել են, դրանցում և վարչապետը, և տիկին Աննա Հակոբյանը, կառավարության անդամները, Ազգային ժողովի բոլոր հրավիրյալները, բոլորը կրում են դիմակներ, և շատ-շատերը կրել են նաև ձեռնոցներ:

Լուսանկարն արվել է ընդունելության ժամանակ, որը տեղի է ունեցել բացօթյա տարածքում. ընտրվել է հատուկ բացօթյա տարածք, որպեսզի մասնակիցները կարողանան պահպանել սոցիալական հեռավորություն միմյանցից»,- ասաց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակը։

Մեր դիտարկմանը, թե նկարում սոցիալական հեռավորությունը չէր պահպանվում, Մ. Գևորգյանն արձագանքեց.

«Նկարում, այո, որովհետև նկարն արվել է այն պահին, որ պահին որ մասնակիցները շնորհավորում էին միմյանց, և որին հաջորդել է փոքր հյուրասիրություն:
Եվ բազմիցս խոսվել է նրա մասին, և Դուք էլ, կարծում եմ, հասկանում եք, որ տրամաբանական չէ՝ երբ կրում ես դիմակ և այդ ժամանակ օգտվես հյուրասիրությունից»:

Մեր հաջորդ դիտարկմանը, թե իրավապահ մարմինները բերման են ենթարկում Կառավարության շենքի դիմաց իրենց բողոքը հայտնող մի խումբ մարդկանց՝ սոցիալական հեռավորությունը չպահպանելու համար, նա նշեց.

«Առհասարակ արտակարգ դրության ռեժիմում չի թույլատրվում ցույցեր, հանրահավաքներ, երթեր կազմակերպելը»:

Հիշեցնենք՝ մայիսի 18-ից ուժի մեջ են մտել արտակարգ դրության ընթացքում կիրառվող սահմանափակումներում մի շարք փոփոխություններ, և ըստ պարետի որոշման՝ հանրային միջոցառումներին մասնակիցների քանակը սահմանվելու է առավելագույնը 5 հոգի:

Մեկնաբանելով, թե ինչու չի պահվել այս պահանջը լուսանկարում պատկերված ընդունելության ժամանակ՝ վարչապետի խոսնակը նկատեց.

«Ղարաբաղում ուրիշ կանոններ են գործում, իրենց պարետատան հետ էլ պետք է խոսեք թերևս, և բացօթյայի ժամանակ մի փոքր պայմաններն այլ են, քան փակ տեղ հավաքվելու»։

Ի դեպ, Արցախի Հանրապետության պարետատան մամուլի պատասխանատու Սամվել Բալայանը Tert.am-ի հետ զրույցում հայտնել էր, թե բացօթյա տարածքում դա այդքան էլ խախտում չէ, սակայն քաղաքացիներին կոչ էր արել զերծ մնալ նման հավաքներից, մարդկանց կուտակումներից:

Նկատենք սակայն՝ Արցախի Հանրապետության պարետի ապրիլի 13-ի որոշմամբ՝ սահմանափակումներ են կիրառվում 20 և ավելի անձանց մասնակցությամբ անցկացվող հանրային միջոցառումների ժամանակ:

Թեմային այսօր իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել էր նաև ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ կրկին նշելով, որ Արցախի Հանրապետությունում գործում է այլ իրավական ռեժիմ: «Լուսանկարն արված է Արցախի Հանրապետությունում, որտեղ գործում է այլ իրավական ռեժիմ: Պարետի որոշումները, ինչպես նաև այդ թվերը Արցախում և Հայաստանում բավականին տարբեր են, և կարող եմ ասել, որ այն լուսանկարը, որն այսօր շրջանառվում է համացանցում, արված է բաց տարածքում, արված է Արցախի Հանրապետությունում գործող կանոնների, կարգի, օրենքին համապատասխան»,- պարզաբանել էր ԱԺ փոխնախագահը:

Արդարացիորեն հարց է ծագում՝ եթե անգամ հիշյալ միջոցառումն արված է Արցախի Հանրապետությունում գործող կանոնների, կարգի, օրենքին համապատասխան (մինչդեռ այլ բան է վկայում ԱՀ պարետի որոշումը), արդյո՞ք ճիշտ և անվտանգ է նման պահվածքը, երբ վերջին օրերին թե ՀՀ կառավարությունում, ու թե ԱԺ-ում վարակակիրների մասին տեղեկություններ հրապարակվեցին:

Հարկ է նշել նաև, որ մինչև վերջերս, թեև կորոնավիրուսով վարակակիրների թիվը չէր նվազում, թե՛ ՀՀ կառավարությունում, թե՛ ՀՀ ԱԺ-ում խստորեն չէին պահպանվում դիմակներ կրելու, սոցիալական հեռավորություն պահպանելու՝ ՀՀ պարետի հաստատած կարգը։ Միայն երեկ ՝ Կառավարության նիստում բոլորը դիմակով էին, իսկ ԱԺ մշտական հանձնաժողովներում անցկացվող նիստերում, թեև մասնակիցների մեծամասնությունը դիմակով էր, բայց իրար շատ մոտ նստած պատգամավորներն ու կառավարության ներկայացուցիչները քննարկում էին հանձնաժողովի օրակարգային հարցերը։

Ի դեպ, «Իրազեկ քաղաքացիներ» հ/կ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան հրապարակմամբ հայտնել էր, որ «Իրազեկ քաղաքացիների միավորման Ստեփանակերտի գրասենյակը» Արցախի ոստիկանությանը դիմումով խնդրելու է տուգանել ԱՀ պարետի որոշման պահանջները խախտած անձանց, այդ թվում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա տիկին Աննա Հակոբյանին:

Բոլոր դեպքերում լավ է, որ հանրությունը, ժողովուրդը վերահսկում է իր կողմից ընտրված իշխանության ներկայացուցիչներին։ «Բոլորը հավասար են օրենքի առջև». գրված է Հայաստանի և Արցախի հանրապետությունների Սահմանադրություններում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս