Ունենք օջախայնություն՝ ընտանեկան դեպքերի մակարդակով․ Լիանա Թորոսյանը՝ կորոնավիրուսով վարակվելու դեպքերի աճի մասին
ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը մամլո ասուլիսի ժամանակ ներկայացրեց Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված համաճարակային իրավիճակը:
Նրա փոխանցմամբ՝ օր օրի կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված դեպքեր են արձանագրվում։
«Վերջին մի քանի օրերի ընթացքում ունենք թվերի աճ։ Ունենք դեպքեր՝ լայն աշխարհագրական տարածվածությամբ, ունենք օջախայնություն՝ ընտանեկան դեպքերի մակարդակով, ինչպես նաև առանձին տնտեսվարող սուբյեկտներում արձանագրված դեպքեր։ Ցավոք, ունենք դեպքեր նաև արձանագրված միջոցառումների արդյունքում, երբ մեկ կազմակերպված միջոցառումը ձնագնդու նման մեծանում է ու, արդյունքում՝ ունենում ենք շարունակություն այլ քաղաքներում, մարզերում՝ ձևավորելով նոր օջախներ»,- ասաց «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետը։
Հարցին, եթե Սևանում կորոնավիրուսով վարակվելու մասսայական դեպք էր գրանցվել, կարո՞ղ է հաջորդ օջախը Քաջարան քաղաքը լինել՝ հաշվի առնելով մայիսի 24-ի բազմամարդ ցույցը, Լիանա Թորոսյանը պատասխանեց․
«Ոչինչ բացառել կամ հաստատել չեմ կարող։ Իհարկե, հնարավոր է, որովհետև տեսանք, որ Քաջարանում շատերն առանց դիմակի էին, սոցիալական հեռավորություն չէին պահում, ինչը նոր օջախի ձևավորման հիմք կարող է հանդիսանալ։ Իսկ Սևանում դա կարող է լինել մարզում ձևավորված օջախների շարունակությունը։ Միջոցառումներ մշտապես իրականացվել են, ուղղակի այստեղ մարդկային գործոնի խնդիրն է, պետք է բոլորս զգոն լինենք»։
Հիշեցնենք՝ Հայաստանի փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ մինչև հունիսի 3-ը` ժամը 23։59-ը, սահմանափակումներ են կիրառվելու Գեղարքունիքի մարզի Սևան hամայնքում։ Սահմանվել է համայնքի վարչական սահման մուտք գործելու և վարչական սահմաններից ելք կատարելու հատուկ ռեժիմ` արգելելով անձանց և տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը՝ բացառությամբ առաջին անհրաժեշտության ապրանքների, պարագաների, սննդամթերքի, դեղորայքի, վառելիքի մատակարարման նպատակով տեղաշարժի: Որոշումն ուժի մեջ է մտել մայիսի 25-ին՝ ժամը 06:00-ին: Սևան համայնքում տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ ևս ժամանակավոր սահմանափակումներ են կիրառվելու: