Հանվել է «Սթրես» կենտրոնում ազատամարտիկների պետպատվերը. Ինչո՞ւ և որտե՞ղ են նրանց առաջարկում շարունակել բուժումը
Օրեր առաջ ասուլիսի ժամանակ Արցախյան ազատամարտի մասնակից, 3-րդ կարգի հաշմանդամություն ունեցող Հայկ Եղիազարյանը հայտնել էր, որ 18 տարի շարունակ ինքը և շուրջ 200 ազատամարտիկ պետպատվերի շրջանակում բուժում են ստացել «Սթրես» կենտրոնում, որն այնուհետև դարձել է այլ հիվանդանոցի բաժանմունք, իսկ այս տարի այդ պետպատվերը վերացվել է: Պարզելու համար, թե ի՞նչ հիմքով է հանվել պետպատվերը՝ հարցում էինք ուղարկել Առողջապահության նախարարություն: Նախարարի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վահե Հակոբյանը մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնում է, որ նախարարի հրամանով ուսումնասիրություններ են իրականացվում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց բուժման և խնամքի ծառայություններ իրականացնող կազմակերպություններում:
«Ուսումնասիրության նպատակն է՝ Առողջապահության նախարարություն ներկայացնել հոգեբուժական ծառայության կազմակերպման հետագա տեսլականը, որի համատեքստում է նաև «Արթմեդ բժշկական վերականգնողական կենտրոն» ՓԲԸ-ի «Սթրես» կենտրոնում պետական պատվերով բժշկական օգնություն և սպասարկում կազմակերպելու հարցը: Հանձնաժողովը աշխատանքն արդեն վերջացրել է, և իրականացնում է ամփոփման գործընթաց»,- գրված է պատասխանում:
Ըստ ազատամարտիկի՝ իրենք էլ հարցում էին ուղարկել նախարարություն, ինչին ի պատասխան, ինչպես վստահեցնում է ազատամարտիկ Եղիազարյանը, իրենց ասել էին՝ գնացեք հոգեբուժարան: Եղիազարյանի խոսքով՝ ինքն ու իր ընկերները վիրավորվել են այդ առաջարկից:
168.am-ը Առողջապահության նախարարությունից նաև հետաքրքրվել էր, թե ո՞ր բժշկական կենտրոններում են առաջարկել ազատամարտիկներին շարունակել բուժումը: Մեզ ուղարկված պատասխանում մասնավորապես նշված էր.
«Գրությամբ պատասխանվել է քաղաքացի Հայկ Եղիզարյանին առ այն, որ նմանատիպ հոգեբուժական ծառայություններ պետական պատվերով մատուցվում է «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն», «Ավան հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ներում: Ելնելով վերոգրյալից՝ քաղաքացի Հայկ եղիազարյանը, ինչպես նաև դիմումում նշված անձինք բուժօգնության համար կարող են դիմել վերը նշված բժշկական կազմակերպություններ»: