«Ազատամարտիկների 18 տարվա պետպատվերը վերացվել է, մեզ ասում են՝ գնացեք հոգեբուժարան». ազատամարտիկ
Արցախյան ազատամարտի մասնակից, Սպիտակի ջոկատի համահիմնադիր, հրամանատար Հայկ Եղիազարյանը, ով 1990թ.-ից մինչև զինադադարը մասնակցել է մարտական գործողությունների Գետաշենում, Մարտունաշենում, 3-րդ կարգի հաշմանդամություն ունի, մինչև այժմ բուժում էր ստանում պետպատվերով, արդեն երեք ամիս է՝ իրավիճակ է փոխվել: Ազատամարտիկն առաջացած խնդիրների մասին պատմեց այսօր՝ մայիսի 12-ին, «Զինվոր» ՀԿ-ի կազմակերպած ասուլիսի ժամանակ:
«Մի քանի անգամ վիրավորվել եմ, երկու անգամ կոնտուզիա եմ ստացել, 3-րդ կարգի հաշմանդամ եմ: 18 տարի ես և մոտ 200 ազատամարտիկ բուժում ենք ստացել «Սթրես» կենտրոնում, որը սկզբում առանձին հիվանդանոց էր, հետո դարձավ բաժանմունք: Մենք տարին մեկ կամ երկու անգամ մեր բուժումը ստացել ենք այնտեղ, սակայն այս տարի մեր պետպատվերը, որը սկզբում տրամադրում էր Սոցապ նախարարությունը, փոխանցվեց Առողջապահության նախարարությանը և մեր պետպատվերը հանվեց: Արդեն երեք ամիս է՝ պայքարում ենք, որ մեր հերթական բուժումը ստանանք, մեզ ասում են՝ գնացեք հոգեբուժարան: Ստացվում է, որ բոլոր ազատամարտիկները, որոնք պայքարել են հայրենիքի համար, հոգեկան հիվանդնե՞ր են, հոգեբուժարան թող գնան իրենք՝ իրենց հարազատների հետ միասին: Մենք հոգեբուժարանի կարիք չունենք»,- ասաց Եղիազարյանը:
Արցախյան ազատամարտի մասնակիցը վիրավորված է, ասում է՝ պետպատվերով բուժումն էլ են շատ համարում ազատամարտիկներին: Նրա պնդմամբ՝ իրենց հայտնի չէ, թե ինչ պատճառով է հանվել պետպատվերը:
«Ես թքած ունեմ նրանց վրա, ովքեր մեզ վրա թքած ունեն: Հերիք է արհամարհական վերաբերմունք ցույց տաք: Կառավարությունը տվել եք դասալիքների ձեռքը, որ հանձնե՞ն երկիրը, չի ստացվի, մենք ինչ վիճակում էլ լինենք, ինչ առողջական վիճակում էլ լինենք, չենք թողնելու, դուրս ենք գալու, պայքարելու ենք, մի թիզ հող չենք տալու»,- ասաց Հայկ Եղիազարյանը:
Ազատամարտիկը բազմաթիվ նամակներ է գրել և՛ Առողջապահության նախարարություն, և՛ վարչապետին: ԱՆ-ից պատասխան ստացել են օրերս:
«Մենք դիմել էինք 30 հոգով: Մեզ ասել են, որ ձեզ և մնացածին պետք է ուղարկենք Ավանի և մեկ այլ հոգեբուժարան: Բայց բուժման կարգը փոխվելու է: 14 օր հիվանդանոցում պառկելու ու բուժում ստանալու համար պետք է 300.000 դրամ վճարենք: Մենք բուժվում էինք 21-22 օր, այսինքն՝ 450 հազար դրամ պառկել-բուժվելն է կազմելու, և սնունդն էլ մեզ վրա է՝ մոտ 50.000 էլ դա: Ինձ 500.000 դրամ որտեղի՞ց, որ գնամ բուժվեմ»,- ասաց Հայկ Եղիազարյանը: