«Ոստիկանական բաժանմունքը բարեգործական հիմնարկ չէ, ձերբակալության ժամանակ հնարավոր են որոշակի քերծվածքներ». Արմեն Խաչատրյանը՝ Կապանում տեղի ունեցած միջադեպի մասին

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ երեկ Կապանում տեղի ունեցած իրադարձություններին:

Պատգամավորի խոսքով՝ երեկ Կապանում կատարվել է հետևյալը՝ ծանր հանցագործության փաստով քննչական կոմիտեում քննվում է գործ, կատարվում են քննչական գործողություններ, որի մասն են կազմել ձերբակալությունները:

«Այդ ձերբակալություններից հետո Կապանում հավաքվել են նրանց հարազատները, որոնք փորձել են հայտնել իրենց դիրքորոշումն ու կամքը, որ գործը պետք է քննվի Կապանում, ինչը, իհարկե, ընդունելի չէ, դա նախաքննական մարմինն է որոշում, թե որտեղ պետք է քննի: Ոստիկանությունը բավականին լավ է գործել, նրա գործողություններն այս պահին գնահատաում եմ իրավաչափ: Որևէ արտառոց բան տեղի չի ունեցել, այսուհետ էլ է այդպես լինելու, գործելու են իրենց լիազորությունների սահմաններում»,- նշեց Արմեն Խաչատրյանը:

Ըստ նրա, եթե առաջնորդվեն Կապանում տեղի ունեցածի տրամաբանությամբ, ապա յուրաքանչյուր ձերբակալվածի հետևից հարազատները պետք է գնան ոստիկանական բաժանմունքի մոտ և որոշեն, թե որ գործը որտեղ պետք է քննվի:

Արմեն Խաչատրյանի խոսքով՝ իր ունեցած տեղեկությունների համաձայն՝ Կապանում հավաքված են եղել որոշակի շահերով առաջորդվող անձինք, որպեսզի կարողանան ներազդել գործի քննության վրա, հետևաբար՝ այնտեղ ժողովրդի կամք չկար:

Դիտարկմանը, որ բերման ենթարկված անձանց խոտանգման են ենթարկել ոստիկանությունում, Արմեն Խաչատրյանը հակադարձեց.

«Հարգելի իմ բարեկամներ ոստիկանական բաժանմունքը բարեգործական հիմնարկ չէ, ձերբակալության ժամանակ կիրառվում է համաչափ ուժ, համաչափ ուժի կիրառման դեպքում հնարավոր են որոշակի քերծվածքներ, ինչը նորմալ է: Դուք ամեն օր միջազգային իրադրաձություններում կարող եք ականատես լինել, թե ինչպես են տեղի ունենում ձերբակալությունները, ասեմ, որ ամենանուրբ ձերբակալությունները տեղի են ունենում ՀՀ ոստիկանությունում, և դա նորմալ է, որ անձը կարող է քերծվածքներ ստանալ»:

Նա նաև ընդգծեց, որ վերը նշված քրեական գործը հարուցվել է անձին առևանգելու փաստով, հետևաբար՝ հանրությունը պետք է տեսնի, որ անձին առևանգելու համար  մարդիկ ենթարկվել են պատասխանատվության:

Նա նաև ընդգծեց, որ քննություն է տարվում՝ հասկանալու համար, թե Քաջարանի համայնքապետն այդ առևանգման գործընթացում որքանով է ներգրավված եղել:

Տեսանյութեր

Լրահոս