COVID-19. վարակվածների թիվն անցել է 5 մլն 525.000-ից. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 5 միլիոն 525 հազարից: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 347 հազարից: Ապաքինվել է 2 միլիոն 315 հազար 909 մարդ:
Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 1 միլիոն 686 հազար 807 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 99 հազար 311 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում հայտնված Բրազիլիայում հաստատված դեպքերի թիվը հասել է 365 հազար 213-ի, մահերինը՝ 22 հազար 746-ի: Հաջորդ տեղում Ռուսաստանն է, որտեղ ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 353 հազար 427 մարդ: Վերջին մեկ օրում վարակի 8 հազարից ավելի նոր դեպք է գրանցվել: Երկրում վարակի հետևանքով մահացել է՝ 3 հազար 633-ը:
Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 282 հազար 852 է: Մահացության ցուցանիշը կազմում է 28 հազար 752:
Վարակվածների թվով հաջորդ տեղում Մեծ Բրիտանիան է՝ 259 հազար 559 ընդհանուր դեպքով: Մահացածների թիվը կազմում է 36 հազար 793: Մահացության ցուցանիշով Մեծ Բրիտանիան Եվրոպայում առաջինն է, աշխարհում՝ երկրորդը՝ ԱՄՆ-ից հետո:
Մեծ Բրիտանիային հաջորդում է Իտալիան, որտեղ կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 229 հազար 858, մահերինը՝ 32 հազար 785: Իտալիային հաջորդում է Ֆրանսիան, երվրոպական այս երկրում վարակվածների թիվը 182 հազար 584 է, մահացածներինը՝ 28 հազար 367:
Գերմանիայում 182 հազար 584 հաստատված դեպք կա: Այստեղ վարակի հետևանքով մահացել է 8 հազար 371 մարդ: Թուրքիայում վարակակիրների թիվը հասել է 156 հազար 827-ի, մահացածներինը՝ 4 հազար 340-ի:
Երկրների տասնյակը եզրափակում է Հնդկաստանը, որտեղ վարակվածների թիվը հասել է 140 հազար 138-ի: Վարակի հետևանքով մահացել է 4 հազար 041 մարդ: Հնդկաստանին հաջորդում է Իրանը 137 հազար 724 ընդհանուր դեպքով: Վերջին մեկ օրում 2 հազարից ավելի վարակի նոր դեպք է գրանցվել: Մահերի թիվը կազմում է 7 հազար 451:
Վարակվածների թվով Իրանին հետևում են Պերուն՝ 119 հազար 959 ընդհանուր դեպքով, Կանադան՝ 84 հազար 699 դեպքով: Կանադան վարակվածների թվով շրջանցեց վարակի ծագման երկիր Չինաստանին: Այստեղ վարակվածների ընդհանուր թիվը 82 հազար 985 է: Օրեր առաջ Չինաստանում վրակի նոր դեպք չէր գրանցվել, իսկ այսօրվա տվյալների համաձայն, վարակի 11 նոր դեպք է գրանցվել: Մահերի թիվը կազմում է 4 հազար 634:
Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 731-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 12 մարդ:
Արաբական երկրներից վարակվածների թվով ԱՄԷ-ին շրջանցած Կատարում հաստատված դեպքերի թիվը կազմում է 45 հազար 465, մահերինը՝ 26: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 29 հազար 485 է, մահացածներինը՝ 245:
Քուվեյթում վարակվածների թիվը հասել է 21 հազար 967-ի, մահացածներինը՝ 165-ի: Եգիպտոսում 17 հազար 265 հաստատված դեպք կա, մահացել է 764 մարդ: Իրաքում գրանցվել է 4 հազար 469 վարակվածության, 160 մահվան դեպք: Լիբանանում կա 1119 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 26: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 106-ի: Մահացել է 4 մարդ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 212-ը:
Չեռնոգորիան հայտնել է կորոնավիրուսի նկատմամբ հաղթանակի մասին
Չեռնոգորիան հաջողությամբ հաղթահարել է կորոնավիրուսը։ Երկրում չկան վարակվածներ։ «Արմենպրես»֊ի հաղորդմամբ, «ՌԻԱ Նովոստի»֊ն տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է երկրի նախագահ Միլո Ջուկանովիչը։ Հանրային առողջության ինստիտուտը տեղեկացրել է, որ վերջին 68 օրվա մեջ առաջին անգամ երկրում վարակի նոր դեպք չի գրանցվել, իսկ բոլոր վարակվածները բուժվել են։
«Չեռնոգորիան հաջողությամբ հաղթահարել է կորոնավիրոիսը, այլևս հիվանդներ չկան, մարդկանց կյանքի համար պայքարի այս փուլն ավարտված է», ֊«Թվիրթեր»֊ում գրառում է կատարել նախագահը։ Նա նշել է, որ դրան հնարավոր եղավ հասնել պետական մարմինների ու հասարակության բարձր պատասխանատվության շնորհիվ։
Չեռնոգորիայում վարակվել էր 324 մարդ, որից 9 ը մահացել էին։
Խորվաթիան Չեխիայից ընդունում է առաջին զբոսաշրջիկներին
Նախորդ շաբաթ Չեխիայից Խորվաթիա են ժամանել առաջին զբոսաշրջիկները: Նրանք եկել են իրենց ավտոմեքենաներով՝ գրեթե առանց կանգառների անցնեով Ավստրիայի և Սլովենիայի սահմանները: «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է Չեխական տուրօպերատորների ասոցիացիայի ղեավարի տեղակալ Յան Պապեժը:
«2019 թվականին Խորվաթիայում իրենց հանգիստն են անցկացրել Չեխիայի 750 հազար քաղաքացիներ, դրա նախորդ տարին՝ 2018-ին՝ 810 հազար մարդ: Տուրօպերատորները ճնշում գործադրեցին, և Չեխիայի կառավարությունը սկսեց բանակցությունները զբոսաշրջային սեզոնը բացելու համար, երբ երկու երկրներում համավարակի հետ կապված իրավիճակը բարելավվի»,-ասել է նա: Պապեժը նկատել է, որ թե Չեխիայում, թե Խորաթիայում համավարակի հետ կապված իրավիճակը գրեթե միանման է զարգացել, միաժամանակ էլ հայտարարվել է կարանտինի սահմանափակումները հանելու մասին: Այդ իսկ պատճառով երկու երկրների վաչապետները շատ արագ պայամանվորվածություն են ձեռք բերել զբոսաշրջային սեզոնի բացման հարցում:
Մասնագետը նաև հիշեցրել է, որ իր աշխատանքը վերսկսել է «Չեխական ավիաուղիներ»-ը:
Իտալիայում լողավազաններն ու մարզասրահները վերսկսել են իրենց աշխատանքը
Իտալացիների համար մայիսի 25-ից կորոնավիրուսի հետ կապված որոշ սահմանափակումներ ևս մեղմվել են: Մասնավորապես, բացվել են լողավազաններն ու մարզասրահները: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Նշված հաստատությունների աշխատանքները կվերսկսվեն գրեթե բոլոր շրջաններում, բացառությամբ մի քանիսի: Լոմբարդիայում սպորտային հաստատություններ կբացվեն մայիսի 31-ին, Բազիլիկատում՝ հունիսի 3-ին:
Քանի որ սահմանվել են հիգիենայի և սոցիալական հեռավորության խիստ կանոններ, հետևաբար այցելուները, գնալուց առաջ, պետք է նախապես գրանցվեն: Մարզումների համար կլինեն ժամային սահմանափակումներ, առվելագույնը սահմանվել է 1.5 ժամ: Խոշոր ֆիտնես-կենտրոններից մեկը, նախապես իրազեկելով իր այցելուներին, նշել էր՝ պահանջվում է, որ այցելունեը գան արդեն մարզական հագուստով: Պարապմունքներից հետո թույլատրվում է ցնցուղ ընդունել:
Ճապոնիան պլանավորում է զբոսաշրջիկներին փոխհատուցել ուղևորության արժեքի մի մասը
Ճապոնիայի իշխանությունները պլանավորում են փոխհատուցել զբոսաշրջիկների ուղևորության ծախսի մի մասը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ Ճապոնիայում զբոսաշրջության հարցերով գործակալությունն առաջարկել է ոլորտին 12,5 մլրդ դոլար սուբսիդիա տրամադրելու նախագիծ: Նշվում է, որ այս միջոցները պետք է ծախսվեն զբոսաշրջիկներին գրավելու համար: Գաղափարի իրականացման մեկնարկը նախատեսված է հուլիսից: Նախագծի մանրամասներն առայժմ չեն հաղորդվում, սակայն «The Japan Times»-ը նշում է, որ առաջարկվում է փակել հյուրերի ծախսերը 50 տոկոսի չափով՝ կախված ուղևորության արժեքից:
Մասնագետները նշում են, որ այս փոխհատուցման մեխանիզմը կարող է ընդհանուր առմամբ նման լինել այն փաթեթին, որն առաջարկել էր Սիցիլիան նախորդ ամիս: Իտալական կղզու իշխանությունները հայտարարել էին, որ մտադիր են վճարել զբոսաշրջիկների ավիաուղևորության և հյուրանոցում մնալու ծախսերի մի մասը:
Ուզբեկստանի առողջապահության նախարարությունը չի բացառել վերադարձը կոշտ պայմաններով կարանտինին
Ուզբեկստանի իշխանությունները կարող են վերադառնալ կոշտ պայմաններով կարանտինին, եթե կորոնավիրուսով վարակվածների թիվը աճի: «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է երկրի առողջապահության նախարարի առաջին տեղակալ Բախոդըր Յուսոպալիևը:
«Եթե վարակվածների թիվը գնալով ավելանա այս տեմպերով, ապա մենք կվերադառնանք կոշտ պայմաններով կարանտինին»,-ասել է նա՝ տեղեկացնելով, որ վերջին շրջանում ամեն օր Ուզբեկստանում գրանցվում է մինչև 60 վարակվածության նոր դեպք: Նա հորդորել է լինել առավել զգոն՝ հիշեցնելով, որ աշունը կարող է լինել վարակի բռնկման երկրորդ ալիք:
Ուզբեկստանում վարակի առաջին դեպքը գրանցվել էր մարտի 15-ին, երբ Ֆրանսիայից վերադարձած քաղաքացու մոտ հատնաբերվել էր կորոնավիրուս: Երկրի իշխանությունների որոշմամբ՝ մայիսի 15-ից մի շարք ոլորտներում աշխատանքը վերականգնվել է: Մայիսի 18-ից վերսկսվել է տրանսպորտային հաղորդակցությունը Տաշքենդից դեպի այլ շրջաններ:
Ճապոնիան չեղարկում է արտակարգ դրության ռեժիմը
Կորոնավիրուսով պայմանավորված՝ Ճապոնիայում իշխանություններն այլևս արտակարգ դրության ռեժիմի անհրաժեշտություն չեն տեսնում:
«ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է տնտեսական վերականգնման հարցերով նախարար Յասուտոսի Նիսիմուրան: Սպասվում է, որ երեկոյան Ճապոնիայի վարչապետը պաշտոնապես կհայտարարի երկրում սահմանափակումների ռեժիմը չեղարկելու մասին:
«Գնահատականների նոր վերլուծության համաձայն, մենք եկանք այն եզրակացության, որ արտակարգ դրության ռեժիմը բոլոր վարչատարածքներում պահելու անհրաժեշտություն չկա, և քննարկում ենք այն չեղարկելու հարցը»,-ասել է նախարարը:
Ճապոնիայի ամբողջ տարածքում արտակարգ դրության ռեժիմը գործել է մեկ ու կես ամիս: Ընդհանուր առմամբ, Ճապոնիայիում առկա է կորոնավիրուսի 16 հազարից ավելի վարակվածության դեպք, ավելի քան 800 մարդ մահացել է վարակի հետևանքով:
ԱՄՆ-ն Բրազիլիա է ուղարկում թոքերի արհեստական շնչառության հազար սարք
ԱՄՆ իշխանությունները Բրազիլիա կուղարկեն թոքերի արհեստական շնչառության հազար սարք՝ օգնելու կորոնավիրուսի դեմ պայքարում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Ռիա Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այս մասին ասված է ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի հաղորդագրությունում:
«Ղեկավարությունը ԱՄՆ-ի ժողովրդի անունից Բրազիլիային կտրամադրի թոքերի արհեստական շնչառության հազար սարք, որպեսզի օգնենք երկրին բժշկական պարագաների կարիքների հարցում: ԱՄՆ-ն գնահատում է Բրազիլիայի կառավարության ջանքերը, և մոտ ապագայում կամրապնդվի մեր համագործակցությունը պաշտպանության ու առևտրի ոլորտում»,-ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սահմանափակումներ է մտցրել այն օտրարերկրացիների համար, ովքեր վերջին 14 օրում եղել են Բրազիլիայում, որտեղ նկատվում է վարակվածների թվի զգալի աճ:
Բրազիլիայում կորոնավիրուսի վարակվածների թիվն անցել է 360 հազարից, մահացածներինը՝ 22 հազարից ավելին է: