Թեման շեղելու «մաստեր-կլաս»՝ Փաշինյանից

Շատ է խոսվել այն փաստի մասին, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության առանցքում անկյունաքարային նշանակություն ունեն ժամանակակից տեխնոլոգիաներն ու տարբեր քաղաքական հնարքները, որոնց նա դիմում է բավական հաճախակի։

Քաղաքական մանիպուլյացիայի բոլոր միջոցները հիմնված են զանգվածային գիտակցության մեջ սոցիալական առասպելների ստեղծմանը և իրականացմանը, այսինքն՝ գաղափարների, մանիպուլյացիա կատարողների շահերի հաստատումը, ընդունելով, որ մեծամասնությունը հավատում է այդ ամենին: Կարող է թվալ, որ կույր հավատի դարաշրջանի առասպելները վաղուց գնացել են, բայց ամենօրյա քաղաքական պրակտիկան ցույց է տալիս, որ դա այդպես չէ:

Հայաստանյան հանրությունը բավական փոքր է և չափից շատ գերքաղաքականացված, և հենց դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ օրվա իշխանությունների յուրաքանչյուր գործողություն դառնում է օրվա քաղաքական լրահոսի առանցքային թեմաներից մեկը, այլ բառերով ասված՝ իշխանության ոչ մի կիքս չի սպրդում քաղաքական գործընթացներին ակտիվ հետևող քաղաքացիների աչքից։

Այս ամենը հաշվի առնելով՝ իշխանությունները բավականին գրագետ փորձում են հստակ քաղաքական PR տեխնոլոգների միջոցով հանրության մոտ գոյություն ունեցող թեմաները և նրանց կողմից սոցիալական տիրույթներում հնչող մեկնաբանություններն ինչ-ինչ տարբերակներով շեղել․ այդ նպատակով տարբեր ֆեյք-թեմաներ ու իրավիճակային լուծման գաղափարներ են ի հայտ գալիս։ Ահա թե ինչ է անում ՀՀ իշխանությունը, որպեսզի շեղի իր նկատմամբ գոյություն ունեցող ակնհայտ տոտալ գրոհը, որոշակիորեն մեղմի ընդդիմության քննադատությունը և իր վրայից թեքի թիրախի վեկտորները։

Փորձենք մի փոքր կոնկրետացնել, թե ինչ մանևրների մասին է խոսքը։

Այսօր Հայաստանում տիրում է բավականին էսկալացիոն ժամանակահատված, բոլորս ականատես ենք քաղաքական զարգացումների մի տեղապտույտի, որը Նիկոլ Փաշինյանին մտցրել է փակուղի և օր առաջ կանգնեցրել հրաժարականի փաստի առաջ։ Այս ամենը պայմանավորված է իշխանության կողմից թույլ տրված մի քանի տասնյակների հասնող քաղաքական կոպտագույն սխալների, տրված ու չիրականացված խոստումների, հանրության հիսաթափության, տապալված ոլորտների ամբողջական համայնապատկերով։

Արդեն տևական ժամանակ է, ինչ Փաշինյանի համար իսկական պատուհաս են դարձել այն քաղաքական գնահատականները, որոնք հստակ ու փաստարկված ներկայացնում է ընդդիմադիր հատվածը, հիմնականում՝ արտախորհրդարանական ուժերի ու տարբեր միավորների տեսքով։ Հանրության մոտ բավականին լուրջ արձագանք են ստանում Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի կողմից ներկայացվող տեսաուղերձները, որտեղ նա մանրակրկիտ դրույթներով ներկայացնում է Փաշինյանի ու նրա անմեղսունակ կառավարության թույլ տրված զանցանքներն ու տարբեր կոռուպցիոն սխեմաներ հրապարակում։ Փաշինյանն ու նրա թիմը կամ փորձում են չարձագանքել Մինասյանի պնդումներին, կամ ուղղակի իրենց հայտնի բառամթերքով անհասկանալի մեկնաբանություններ են իրականացնում, որոնք իրականության հետ ոչ մի աղերս չունեն։ Ինչևէ։

Մինասյանն իր վերջին տեսաուղերձում հայտարարեց, որ հայտնի ծխախոտների մաքսանենգության սխեման, որը ոչ մի կերպ ոչ հերքվում, ոչ հաստատվում է իշխանության կողմից, ունեցել է հերթական «սերիան», ինչի արդյունքում լրջագույն վտանգ է սպառնում հայ-վրացական հարաբերություններին։ Թեման լուրջ ռեզոնանս ստացավ վիրտուալ տիրույթում․ իշխանությունների հանդեպ բարձրացավ հերթական ծաղր ու ծանակի ալիքը, թե ինչքան ապիկար ու անփույթ են նրանք, որ անգամ տարրական բիզնես ու արտահանում չեն կարողանում իրականացնել։ Հավելենք, որ այս անգամ քննադատողների թվաքանակն աննախադեպ շատ էր, ինչը, բնականաբար, Փաշինյանի համար հերթական դեպրեսիվ ցնցումների առիթ հանդիսացավ։

Հենց այս ֆոնին՝ հաջորդ օրը (ընդհանուր առմամբ պետք է նշենք, որ տեղեկատվական հոսքերի համար հանգստյան օրերը, որպես կանոն, պասիվ են ու միապաղաղ, և այդ օրերին տեղեկատվական դաշտ «փակելու» համար լուրջ աշխատանք է պետք իրականացնել, իսկ դա տեղի ունեցավ, քանի որ կար քաղաքական հանձնարարություն՝ ցրել ու «բլոկել» Մինասյանի թեման), շատերի համար գուցե ոչ մի տարօրինակություն չպարունակող մի տեղեկատվական «սլիվ» եղավ, ըստ որի՝ հայտնի Արտուշ պապի բնակարանը վերանորոգել են, ինչից պապիկը դժգոհ է։

Այս առումով թեմայի ակտուալությունն այնքանով էր նախընտրելի, քանի որ գոյություն ուներ զգայականության գործոնը, և բոլորը «կպան» ի գործ։ Թեման ցրելու մյուս հնարքը Քաջարանում և Կապանում տեղի ունեցած ձերբակալություններն էին, որոնք դարձան կիրակի օրվա ողջ քաղաքական լրահոսի գրեթե միակ քննարկվող թեման (իշխանությանը սպասարկող բոլոր լրատվամիջոցներն ու «փորձագետ-վերլուծաբանների» բանակը լծվեց այս թեմային)։

Չնայած Սյունիքում առկա համայնքային խնդիրների մասին խոսվել էր ավելի վաղ, սակայն թեման զարգացում ստացավ հենց կիրակի, որպեսզի ապահովի համապատասխան հետևանքը, և իրականում արեց։ Պետք է հավելենք, որ իշխանության կիրակնօրյա մտավարժանքը բավականին հաջողված «մաստեր-կլաս» էր և հերթական անգամ ապացուցեց, որ այս իշխանությունը սեփական կյանքը երկարացնելու համար պատրաստ է ամեն ինչի:

Մի բան պարզ է, որ իշխանության մոտ ներկայումս տիրում է խուճապային իրավիճակ, ամենուր ականատես ենք լինում ջղաձիգ ու միմյանց հետ կապ չունեցող գործողությունների, ինչը վկայում է, որ ճամպրուկները հավաքելու ժամանակն արդեն վաղուց եկել է։

Արմեն Հովասափյան

Տեսանյութեր

Լրահոս