«ԱԽՔ պաշտոնում Բաբայանի նշանակման մասին լսել եմ. այս նշանակումն Արայիկ Հարությունյանը համաձայնեցնելու է ՀՀ ղեկավարության հետ». Բելլա Լալայան
168.am-ի զրուցակիցն է արցախցի քաղաքական գործիչ Բելլա Լալայանը:
– Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը «Վերջին զանգի» առթիվ շնորհավորական ուղերձում վստահեցրել է, որ սեպտեմբերի 1-ից Արցախում բարձրագույն կրթությունը կդառնա անվճար: Ըստ Ձեզ` կա՞ նման ռեսուրս:
– Արցախի բյուջեն, որով պետք է իրականացվի անվճար կրթության ծրագիրը, հաստատվել է նախորդ իշխանության օրոք: Ըստ այդմ` եթե այս սեպտեմբերից կրթությունն անվճար դառնա, նշանակում է՝ այդ հնարավորությունը եղել է, ուղղակի նպատակային չի օգտագործվել, կամ նման ցանկություն չի եղել իշխանությունների մոտ: Նաև ուզում եմ ընդգծել, որ Արայիկ Հարությունյանը մոտ տասներկու տարի գործադիր իշխանության ղեկավար է եղել, այսինքն` լավ է տիրապետում բյուջեի հնարավորություններին, և եթե ասել է՝ ուրեմն կա այդ հնարավորությունը:
Սակայն չափազանց կարևոր է, որ անվճար կրթության պարագայում խստացվի ուսման գործընթացը: Միայն այս դեպքում հնարավոր կլինի բարձրացնել ուսման որակը, ինչն ազգային անվտանգության խնդիր է դարձել արդեն, և հասնել բաղձալի արդյունքների: Ողջունելի է: Ես միայն ուրախ կլինեմ, որ այն իրականություն դառնա: Արցախցին արժանի է հոգատար վերաբերմունքի պետության կողմից:
– Վերջերս «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը և Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը հերթական հանդիպմանը պայմանավորվել են «Միասնական հայրենիք» կուսակցության և «Ազատ հայրենիք–ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչներից ձևավորել աշխատանքային խումբ, որը կմշակի երկուստեք ընդունելի և կիրառելի համագործակցության ծրագիր: Ի՞նչ համագործակցության մասին կարող է խոսք լինել, երբ Բաբայանը միշտ նշել է, որ իրեն պաշտոն պետք չէ, այլ զուտ իրենց ծրագրերի իրականացումը:
– Նախընտրական քարոզարշավի ժամանակ Բաբայանը հայտարարել է, որ կհամագործակցեն քաղաքական այն ուժի հետ, որի համար ընդունելի կլինի իր կուսակցության ծրագիրը: Նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը, իր հերթին, քարոզարշավի ընթացքում և ընտրվելուց հետո, նույնպես հայտարարել է, որ կհամագործակցի բոլոր քաղաքական ուժերի և գործիչների հետ, որոնք հակված կլինեն համագործակցության: Կարծում եմ, որ այս երկու քաղաքական ուժի համագործակցության մեջ տարօրինակ բան չկա, ամենից առաջ՝ նաև այն պատճառով, որ թելադրում է նորընտիր խորհրդարանում քաղաքական ուժերի դասավորվածության նկարագիրը:
Մյուս կողմից, ով ում հետ կհամագործակցի, ինչպես կհամագործակցի՝ երկրորդական հարց է: Առաջնայինը, որ այդ համագործակցությունը լինի հանուն պետական շահի, հանուն Արցախի ու արցախցու: Իսկ դրա համար մի փոքր ժամանակ է պետք. համբերենք ու տեսնենք՝ ինչ պտուղներ է տալիս այդ համագործակցությունը:
– Ըստ Ձեզ՝ ինչպիսի՞ն է լինելու Արցախի նոր կառավարությունը, նորընտիր նախագահն ասում է, որ տեղ են տալու արհեստավարժ, բայցև հանրության վստահությունն ու հարգանքը վայելողներին, հներից ով է տեղավորվում այս տրամաբանության մեջ, կամ ում լավ կլիներ՝ տեղ տային նոր կառավարությունում:
– Կարևոր է ոչ միայն մասնագիտական որակը, արհեստավարժությունը, այլ նաև մարդկային որակը: Միայն այս երկու հատկության ներդաշնակությունն է, որ աշխատանքում կամ ծառայության մեջ տալիս է լավագույն արդյունք: Քիչ չեն լավ մասնագետները, որոնք իրենց մասնագիտական ունակությունն օգտագործել են միայն խարդախություններ անելու, պետությունը կեղեքելու համար:
Ինչ վերաբերում է նորընտիր կառավարության կազմին, ապա համոզված եմ, որ վաղ է խոսել դրա մասին, քանի որ այն դեռևս չի ամբողջացել ու իր վերջնական պատկերը չի ստացել: Դեռ կլինեն նշանակումներ, փոփոխություններ: Կարծում եմ և հույս ունեմ, որ նորընտիր նախագահը կադրային քաղաքականության մեջ արմատական փոփոխություն է բերելու: Այն է՝ իրեն չարդարացրած որևէ պաշտոնյա չպիտի մնա ղեկավարի պաշտոնում կամ մի պաշտոնից մյուսը տեղափոխվի: Մենք պետք է վերջապես գիտակցենք, որ պետությունը «քյասիբի գլուխ» չէ, որի վրա վարսավիրություն սովորենք:
– Ամենաինտրիգային պաշտոնները, ըստ էության, ԱԳ նախարարի և ուժային կառույցների ղեկավարների պաշտոններն են: Ի՞նչ փոփոխություններ սպասել սրանց հետ կապված և, այսպես ասած, որքանո՞վ են անհրաժեշտ, մասնավորապես, ուժայինների ղեկավարների փոփոխությունները:
– Ըստ իս, ուժային կառույցները վստահելի, արհեստավարժ ղեկավարների ձեռքերում են, հատկապես՝ բանակն ու ոստիկանությունը: Բայց որոշողը երկրի նախագահն է, քանի որ հենց այս պարագայում չափազանց անհրաժեշտ է, ավելին՝ պարտադիր է, որ այս կառույցների ղեկավարների ու նախագահի հայացքները նույն ուղղությամբ լինեն: Թե որքանով է դա այդպես՝ կերևա այս քանի օրը: Եթե այլ ոլորտների ղեկավարների ու նախագահի տեսակետի համատեղելիությունն աշխատանքային խնդիր կարելի է համարել, ապա այս հարցում պետական անվտանգության խնդիր է:
Ինչ վերաբերում է ԱԳՆ-ին, ապա այստեղ հարցը քաղաքական ընդգծված ենթատեքստ ունի: Գերատեսչության ղեկավարն ընդամենն օրեր առաջ նորընտիր նախագահի ընդդիմադիր մրցակիցն էր: Ինչքան գիտեմ, նա շատ խիստ քննադատել է այն կառավարության գործունեությունը, որը ղեկավարում էր նախկին վարչապետ-նորընտիր նախագահը: Այսինքն, եթե դժգոհ ես մի մարդու ղեկավարելու ձևից կամ մեթոդներից, ինչո՞ւ պիտի նորից ձգտես աշխատել այդ մարդու ղեկավարության ներքո: Մի քիչ անտրամաբանական է: Ես, համենայնդեպս, կհրաժարվեի պաշտոնից:
– Ի դեպ, կան կարծիքներ, որ Մասիս Մայիլյանն ի սկզբանե Արայիկ Հարությունյանի թիմակիցն է եղել, իսկ Սամվել Բաբայանի մասով էլ չեն բացառում Արցախի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնի ստանձնումը:
– Անհիմն խոսակցություններ են: Մասիս Մայիլյանը նախընտրական պայքարի մեջ է մտել նախագահ դառնալու նպատակով: Հենց այս նպատակի համար էլ, գնահատելով իր հնարավորությունների սղությունը, քաղաքական պայմանավորվածության մեջ մտավ Սամվել Բաբայանի հետ՝ չունենալով վերջինիս հետ հայացքների, գործունեության, կենսագրության, պայքարի ոչ մի ընդհանրություն:
Այսինքն՝ սա նպատակին հասնելու գործարք էր, որը չարդարացավ: Այսօր Բաբայանն արդեն քաղաքական պայմանավորվածության մեջ է Արայիկ Հարությունյանի հետ: Այդպիսի բան է քաղաքականությունը՝ կտրուկ շրջադարձերով ու սյուրպրիզներով. մեկի համար՝ անընդունելի, մյուսի համար՝ նորմալ երևույթ:
ԱԽՔ պաշտոնում Բաբայանի նշանակման մասին ինքս էլ եմ լսել: Ոչ մի արտառոց բան չեմ տեսնում: Բայց կարծում եմ՝ սա այն նշանակումն է, որն Արայիկ Հարությունյանը համաձայնեցնելու է Հայաստանի ղեկավարության հետ: Իմիջիայլոց, նշեմ նաև, որ նշանակումների այս փուլում, ըստ իս, ազդեցություն ունի նաև Բակո Սահակյանը: Ու դա էլ է բնական, քանի որ իշխանության անցումը մեկ թիմից մյուսին սահուն պետք է լինի: Արայիկ Հարությունյանի կառավարությունը ձևավորվելու է մի քիչ ավելի ուշ:
– Ներքաղաքական ի՞նչ զարգացումներ սպասել, առհասարակ, Արցախում: Ընտրություններից անմիջապես հետո կանխատեսումներ եղան ռուս և հայ որոշ փորձագետների կողմից, որ Արայիկ Հարությունյանի ղեկավարումը հեշտ չի լինելու, լեգիտիմությունն ապացուցելու կամ թույլ լեգիտիմության խնդիր է ունենալու:
– Լեգիտիմություն ապացուցելու խնդիր չկա և չի լինելու: Մեծ հաշվով, բոլոր ընտրություններում էլ խախտումներ լինում են: Արցախցին էլ գիտակցում է, որ այդ խախտումներն էական չեն եղել ընտրությունների արդյունքների համար: Ընտրվել է ղեկավար, ընդունում են մեծամասնության ընտրությունը: Նախագահը կարդարացնի՞ իրեն՝ կհարգեն ու կպաշտեն՝ առանց տրվելու քաղաքական խարդավանքներին:
Իսկ նորընտիր նախագահի համար, այո՛, հեշտ չի լինելու, քանի որ ժամանակն է ինքնին այդպիսին: Մի կողմից՝ համավարակը ու դրանով պայմանավորված տնտեսական բարդ իրավիճակը, որ դեռ առջևում է, մյուս կողմից՝ անվտանգության հարցը: Ադրբեջանի մոտ վերջին ժամանակները մեծ հույսեր են արթնացել, դրանով պայմանավորված՝ մեծացել է պատերազմի վերսկսման վտանգը: Այսինքն, մեկ բան է, որ թշնամին գրեթե արդեն հաշտվել էր այն մտքի հետ, որ պարտված է՝ թե քաղաքական դաշտում, թե պատերազմի դաշտում, մեկ այլ բան է, երբ նրան ասում ենք, որ՝ դու կիրթ ես, և քո իրավունքը հավասար է մեր իրավունքին, որի արդյունքը եղավ թշնամու լկտիանալը միջազգային հարթակում՝ իր պահանջների ու հոխորտանքի մեջ: Նաև այդպիսով հույս ներշնչեցինք թշնամուն, որ կարող է հաղթել մեզ՝ միջազգային արենայում և պատերազմում: Այսքանով և ծանրացել է Արայիկ Հարությունյանի բեռը: