«Դուք կարծում եք, որ սուտ մատնություն լիներ՝ ես այս ամեն ինչը կասե՞ի. Իմաստը ո՞րն էր». Սմբատ Գոգյան
Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանը չի հասցրել ամբողջությամբ ընթերցել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի գրառումը և գնահատականներում չի ուզում շտապել:
«Ընդմիջման ժամին կկարդամ: Այսօր ժամը 5-ին, որ գնամ ԱԺ, գուցե այդ հարցով զրուցենք»,- 168.am-ի հետ զրույցում փոխանցեց ԲՈԿ նախագահը:
Հիշեցնենք՝ նախարար Ա. Հարությունյանը ֆեյսբուքյան գրառում էր կատարել՝ նշելով, որ այն պետք է ընդունել՝ որպես հաղորդում հանցագործության մասին.
«Ցանկանում եմ անդրադառնալ Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանի կողմից իր հարցազրույցներում արված այն հայտարարությանը, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատարի դոկտորական աշխատանքում առկա են ակնհայտ թարգմանություններ և արտագրություններ, սակայն, ըստ Սմբատ Գոգյանի՝ ռեկտորի պաշտոնակատարն առ այսօր զբաղեցնում է իր պաշտոնը, քանի որ վերջինին, ըստ էության, հովանավորում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանը։
Այսինքն՝ այդ հայտարարությունն առերևույթ կարող է վկայել հնարավոր ապօրինի հովանավորչության մասին, որն իր մեջ կարող է պարունակել հանցագործության հատկանիշներ, մասնավորապես՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահում, անցում կամ այլ նմանօրինակ քրեաիրավական արարք։
Հետևաբար՝ խնդրում եմ իրավապահ մարմիններին իմ այս հայտարարությունը դիտարկել՝ որպես հանցագործության մասին հաղորդում, և ձեռնարկել համապատասխան գործընթացներ՝ պարզելու՝ ինչպես հայտարարություն կատարող անձի գործողությունների, այնպես էլ՝ առավել ևս, նախարարի տեղակալի ենթադրյալ քայլերի մասով։ Ընդ որում, կարծում եմ՝ իրավապահ մարմինները պետք է հրավիրեն Սմբատ Գոգյանին, վերցնեն համապատասխան հաղորդում կամ բացատրություն իր իսկ հայտարարությունների կապակցությամբ՝ միաժամանակ նախազգուշացնելով Քրեական օրենսգրքով նախատեսված մեկ այլ հանցակազմի՝ սուտ մատնության մասին։
Եվ եթե կպարզվի, որ Գրիշա Թամրազյանը կատարել է հովանավորչություն, ապա նա պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության, իսկ հակառակ դեպքում՝ Սմբատ Գոգյանը սուտ մատնության համար կարող է ենթարկվել պատասխանատվության։ Կարծում եմ՝ իրավական պետությունում այլ ելք չի կարող լինել, քան սույն իրավիճակն իրավական ճանապարհով լուծելու տարբերակը»։
Հարցին՝ եթե «սուտ մատնություն» որակվի, պատրա՞ստ եք պատասխանատվություն կրել, քանի որ նախարարը գրել էր՝ «եթե կպարզվի, որ Գրիշա Թամրազյանը կատարել է հովանավորչություն, ապա նա պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության, իսկ հակառակ դեպքում՝ Սմբատ Գոգյանը սուտ մատնության համար կարող է ենթարկվել պատասխանատվության», Սմբատ Գոգյանը պատասխանեց.
«Իսկ Դուք կարծում եք, որ սուտ մատնություն լիներ՝ ես այս ամեն ինչը կասեի՞. Իմաստը ո՞րն էր»:
Հիշեցնենք ՝ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի (ԳԿՄՍԵՍ) հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանն օրերս ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել էր, որ մայիսի 25-ին կհրավիրվի հանձնաժողովի արտահերթ նիստ:
Մ. Հայրապետյանը նշել էր նաև պատճառների մասին. «Սույն որոշման պատճառը վերջին օրերին լայն արձագանք ստացած իրադարձություններն են, մասնավորապես՝ Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանի հրաժարականը, ինչպես նաև վերջինիս՝ մայիսի 14-ին տարածած հայտարարությունը, ըստ որի՝ իր հրաժարականի պատճառներից մեկը հանդիսանում է այն, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատարի դոկտորական աշխատանքում առկա են ակնհայտ թարգմանություններ և արտագրություններ, սակայն, ըստ վերոնշյալ պնդման, ռեկտորի պաշտոնակատարն առ այսօր զբաղեցնում է իր պաշտոնը համապատասխան կապերի և հովանավորչության միջոցով:
Հարկ եմ համարում նշել, որ ԱԺ ԳԿՄՍԵՍ հանձնաժողովի նիստին, բացի պատգամավորներից, ներկա են լինելու նաև ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանը»: