Բաժիններ՝

«Եթե տրանսպորտային միջոցներում մեկից ավելի մարդու դեպքում չլինեն դիմակով, խստագույն վարչական պատասխնատվության կենթարկվեն». Փաշինյան

Մեր մասնագետները հետազոտություն են արել, որը ցույց է տալիս, որ դիմակի կրման կուլտուրան և կարգապահությունը հնարավորություն կտան զրոյացնել վարակի դեպքերը: Ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը

«Արդյունքը ստացվում է դիմակի որակից և դիմակի կրման որակից, ինչը նշանակում է` եթե որակով դիմակ կրես անորակ ձևով, դա այն արդյունքը չի տա, և ոչ բարձր որակի դիմակը կարող ես կրել որակյալ ձևով և այն արդյունք ունենա: Այսինքն` եթե դիմակի որակի արդյունավետությունը 40 տոկոս է, իսկ դրա կրման կարգապահությունը 100 տոկոս, ապա վատ դիմակով կարող ենք, ըստ էության, զրոյացնել կորոնավիրուսի նոր դեպքերի հաստատումը»,-ասաց նա:

Վարչապետը նշեց, որ որոշում են կայացրել` առևտրի բոլոր մասնակիցները, անկախ իրենց գտնվելու վայրից, պետք է լինեն դիմակով, այսինքն՝ և՛ գնողը, և՛ վաճառողը պետք է լինեն դիմակով, և որևէ մեկի դիմակով չլինելը բերելու է վարչական պատասխանատվության:

Հաջորդ որոշումը վերաբերում է տրանսպորտային միջոցներին, այն է` ավտոմեքենաները դիտարկում են փակ տարածք, ուստի ավտոմեքենաների մեջ մեկից ավելի մարդու  առկայության դեպքում, առանց բացառության, պետք է բոլորը լինեն դիմակով, եթե անգամ ընտանիքի անդամ են: Իսկ եթե տրանսպորտային միջոցներում մեկից ավելի մարդու դեպքում չլինեն դիմակով, խստագույն վարչական պատասխնատվության կենթարկվեն այդ անձինք:

«Մեր հաշվարկները ցույց են տալիս, որ եթե ձեռքերի ախտահանման կանոնը պահում ենք, ապա ևս զրոյացնում ենք կորոնավիրուսի դեպքերը»,- շեշտեց Փաշինյանը:

Ինչ վերաբերում է դիմակի գներին, ապա վարչապետն ասաց, որ ՏՄՊՊՀ-ն դիմակի շուկայում հնարավոր չարաշահումների հետ կապված հետաքննություն կանի և կգա եզրակացության, սակայն ավելացրեց, թե մասնագետները, համաճարակաբանները վստահեցնում են, որ տանը պատրաստված դիմակները ևս կարող են լինել արդյունավետ, եթե ճիշտ ձևով կրեն:

Վարչապետը շատ կարևոր վարքագծային կանոն համարեց նաև այն, որ երբ փողոցով քայլելիս հանդիպենք ծանոթի, խոսակցություն չվարենք առանց դիմակի կամ խոսելիս պահել մեկուկես մետր հեռավորություն: Իսկ եթե գաղտնի խոսակցության անհրաժեշտություն կա, որի դեպքում չես կարող հեռավորություն պահել, ապա ճիշտը հեռախոսային զրույցն է:

«Այստեղ խուճապի մատնվելու առիթ չկա, բայց մեզնից յուրաքանչյուրը պետք է խուճապի մատնվի այն առումով, որ անհատական պատասխանատվությունը պետք է մեծանա և դրանք խախտողները պետք է ենթարկվեն պատասխանատվության»,- եզրափակեց Փաշինյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս