«Ձերբակալված տղաները շատ օրինակելի տղաներ են ու չեմ հասկանում նրանց այստեղ բերելու նպատակը». Մանվել Փարամազյան

Այսօր կեսօրին տեղեկացրել էինք, որ լուսադեմին դիմակավորված և զինված ոստիկանները ձերբակալել էին Քաջարանի համայնքապետի մերձավոր շրջապատից 4 անձի, որոնք այժմ գտնվում են ոստիկանության Կապանի բաժանմունքում։

Մեզ հաջողվել էր պարզել նաև, որ այդ չորս անձի ձերբակալման հիմնական նպատակը հետագայում Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի դեմ ցուցմունքներ կորզելն է։ Այս ամենի՝ Սյունիքի մարզում տեղի ունեցածը, ըստ ամենայնի, պայմանավորված է երկու ասպեկտով, նախ՝ իշխանությունը չի մարսում այն փաստը, որ ստրատեգիական նշանակության մարզի և ոչ մի համայնքապետ իր հետ չի «քայլել», և երկրորդ՝ մարզը ղեկավարում է Հունան Պողոսյանը, ով, ամենայն հավանականությամբ, կարոտում է նախկին աշխատանքը և փոխոստիկանապետի պաշտոնի իր լիազորությունները։ Վարչարարություն իրականացնելու փոխարեն մարզպետը լծված է ոստիկանական ուժերի կառավարման գործին և բեմադրում է չստացված սցենարներով տարատեսակ մասկի շոուներ։

Ողջ օրվա ընթացքում և մինչ այս պահը լարված իրավիճակ է մարզում, մասնավորապես՝ Քաջարանում, Կապանում:

Ժամեր առաջ Կապանի ոստիկանության տարածք էր եկել Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը, ով հավաքվածներին դիմելով նախ ասել էր, որ համաձայն չէ նրանց պնդումների հետ, թե կատարվողը քաղաքական հետապնդում է և նշել էր, որ ձերբակալություններն իրավական հարթությունում են:

Մարզպետը նաև նշել էր, որ քանի որ գործը հարուցված է Երևանում, ապա ձերբակալվածները պետք է տեղափոխվեն Երևան: Նաև որպես մարզպետ հավաստիացրել էր, որ անտեղի որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվելու. «Ոչ մեկս չի ուզում օգտագործվել որպես գործիք այս ամենում, գործի քննության ընթացքում շատ բան պարզվելու է»,- ասել էր նա:

Ցուցարարների խոսքով՝ եթե պարզվի, որ տեղի ունեցածը քաղաքական ենթատեքստ ունի, ապա իրենք իրենց ակցիաները կազմակերպելու են նստացույցներով, հացադուլներով, ճանապարհները փակելով:

Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են, որպեսզի ձերբակալված երիտասարդներին վերաբերող գործը քննվի Կապանում: Ձերբակալվածների հարազատները պահանջում են ներկայացնել ձերբակալման հիմքերը։

Հիշեցնենք նաև, որ ավելի վաղ մենք տեղեկացրել էինք, որ ձերբակալվածներից մեկին, ում ժամեր առաջ ազատ էին արձակել, պարզվել է՝ սխալմամբ էր տարվել ոստիկանական բաժանմունք: Քաջարանի քաղաքացի Նվեր Խաչատրյանը սխալ բերման ենթարկվելուն զուգահեռ ենթարկվել է նաև բռնության:

Մեր խմբագրությունը քաղաքացու մտերիմների կողմից ստացել էր լուսանկարներ, որոնցից ակնհայտ էր դառնում, թե ինչպես են նրա հետ վարվել ոստիկանական բաժանմունքում:

Քիչ առաջ մեզ հաջողվեց կապ հաստատել Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի հետ: Նա, սակայն, խիստ զբաղվածության պատճառով հրաժարվեց հարցազրույցից, միայն նշեց.

«Ես քաղաքացիների հետ եմ՝ իմ համայնքի բնակիչների, և այստեղ եմ լինելու մինչև չվերականգնվի արդարությունը: Ես կարծում եմ, որ սա ապօրինություն է, ձերբակալված տղաները շատ օրինակելի տղաներ են ու չեմ հասկանում նրանց այստեղ բերելու նպատակը: Ինչի՞ են բռնության ենթարկել, ինչի՞ են բռնի բերել, չեմ հասկանում, եթե պատճառ կար՝ դժվա՞ր էր օրինական ձևերով անել: Մի բան պետք ա բոլորը լավ իմանան, որ քաջարանցուն և ընդհանրապես Սյունեցուն ծնկի բերել չի լինելու»,-168.am-ի հետ կարճ հեռախոսազրույցում ասաց Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը:

Տեսանյութեր

Լրահոս