Հայ-ռուսական գազային տարաձայնություններից խուսափելու համար Հայաստանը պետք է դիվերսիֆիկացներ իր էներգետիկ համակարգը․ վերլուծաբան

Ռուսաստանից Հայաստան մատակարարվող գազի սակագնի շուրջ հայ-ռուսական տարաձայնություններին զուգահեռ՝ ուշագրավ է հետևել ռուսական մամուլում շրջանառվող տվյալներին, որ Թուրքիան սկսել է էապես կրճատել Ռուսաստանից Թուրքիա մատակարարվող գազի ծավալները՝ իր ցուցանիշներով հավասարվելով Հայաստանի և Լիտվայի տվյալներին։

Դեռ մի քանի ամիս է անցել այն բանից հետո, երբ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիբ Էրդողանը հունվարի 8-ին գործարկեցին «Թուրքական հոսք» գազամուղը, որը երկու ուղեգծից բաղկացած գազամուղ է, որոնցից յուրաքանչյուրի հզորությունը տարեկան 15,75 մլրդ խորանարդ մետր գազ է:

Առաջին ուղեգիծը նախատեսված է Թուրքիայի սպառողներին ռուսական գազի մատակարարումների համար, երկրորդը՝ Հարավային և Հարավարևելյան Եվրոպայի երկրների գազամատակարարման համար: Պոտենցիալ շուկաների թվում «Գազպրոմը» դիտարկում է Հունաստանը, Իտալիան, Բուլղարիան, Սերբիան և Հունգարիան: Սակայն, չնայած այս ծրագրերին և խորը հարաբերություններին, Թուրքիան նախընտրում է էներգակիրներ Ալժիրից, ԱՄՆ-ից, Քաթարից, Ադրբեջանից և Նիգերիայից։

Ըստ փորձագետների՝ դա կարող է ունենալ երկու պատճառ, որոնցից մեկը տնտեսական՝ համաշխարհային էներգետիկ շուկայում առաջացած ճգնաժամային երևույթներն են, ինչպես նաև  քաղաքական՝ ռուս-թուրքական տարաձայնությունները Սիրիայում և Լիբիայում, որի հետևանքով Թուրքիան փորձում է հավասարակշռել իր էներգետիկ հարաբերությունները Ռուսաստանի հետ, ստեղծելով ամուր, կայուն և անկախ էներգետիկ համակարգ։ Սա  լրջորեն մտահոգում է ռուսական շրջանակներին, քանի որ մատակարարման ծավալներն ընկել են  35%-ով։ Այս պայմաններում ՀՀ իշխանությունները չեն հաջողում Ռուսաստանի հետ էլ ավելի ցածր գին պայմանավորվել, երբ համաշխարհային շուկայում գազի սակագներն էապես նվազել են։ Ռուսաստանն անհայտ ժամկետներով հետաձգում է այս հարցի քննարկումը։

Մեզ հետ զրույցում գերմանացի քաղաքական վերլուծաբան Սյուզան Ստյուարտն ասաց, որ պատահական չէ, որ Հայաստանի մասին խոսելիս՝ քաղաքական, փորձագիտական շրջանակները կարևորում են իրական բազմավեկտոր և դիվերսիֆիկացված քաղաքականությունը։ Դա, ըստ նրա, վերաբերում է թե աշխարհաքաղաքական հարաբերություններին, անվտանգային և ռազմական, ինչպես նաև՝ էներգետիկ քաղաքականությանը։

Ստյուարտի խոսքով՝ բազմավեկտոր քաղաքականությունը ստեղծում է բազմակողմանի անվտանգություն երկրի համար, նվազեցնում կախվածությունները տվյալ երկրի համար ռազմավարական ոլորտներում։ Իսկ կախումը մեկ կենտրոնից, նրա կարծիքով,  քաղաքական անկայունությունների դեպքում հարվածում է ոլորտին, տնտեսությանը, իշխանությունների դիրքերին, քանի որ բանակցելու հնարավորություններն էապես պակասեցնում է։

«Կարծում եմ՝ նաև դա է պատճառը, որ բարդացել են այդ հարցով բանակցությունները։ Դիվերսիֆիկացված էներգետիկ համակարգի դեպքում տնտեսական բնույթի խնդիրների, ինչպես նաև քաղաքական անհամաձայնությունների դեպքում հնարավոր կլիներ նվազեցնել ռուսական գազի մատակարարումը, սակայն  այդ հնարավորությունը չկա։ Սա պետք է լիներ դիվերսիֆիկացված արտաքին քաղաքականության հետևանք, Հայաստանը դա կարող էր անել Իրանի միջոցով, աշխատելով դիվերսիֆիկացնել թե՛ էներգետիկ ոլորտը, թե՛ անվտանգության։ Իսկ Ռուսաստանի համար ներկայումս բարդ ժամանակներ են, և Ռուսաստանի հետ պայմանավորվելու հնարավորությունը շատ քիչ է։

Իսկ ի՞նչն է Հայաստանի պատկերացմամբ՝ բազմավեկտոր կամ երկվեկտոր քաղաքականությունը,  և ինչի՞ համար է նախատեսված։ Այն նախատեսված է հենց նման խնդիրների լուծման համար և հաջող բանակցությունների, անվտանգության համար»,- ասաց վերլուծաբանը։

Նրա խոսքով՝ իսկապես անմիտ է, երբ Եվրոպայում և աշխարհում էապես նվազած գազի սակագների ֆոնին ստիպված ես վճարել կրկնակի շատ։

«Այդ հարցին լուծում պետք էր տալ՝ ավելի խորությամբ բանակցելով մի քանի կենտրոնների հետ և ստեղծելով էներգետիկ այլընտրանքներ, ԵՄ-ն աջակցում էր Իրանի հետ հաղորդակցական գլոբալ ծրագրերին, որոնցից էապես կշահեր տարածաշրջանը և երկրներն առանձին-առանձին։ Իրանի հետ այս ուղղությամբ շփումներ եղել են, բայց դեռ իրական այլընտրանք չի ձևավորվել։ Իսկ երբ չկան էներգետիկ այլընտրանքներ և դիվերսիֆիկացված քաղաքականություն, կան նման խնդիրներ, քանի որ կախումը մեկ կենտրոնից ու մատակարարից 100%-անոց է։ Ինչպես Թուրքիայի և եվրոպական շատ երկրների օրինակով կարող եք տեսնել, բոլորն էլ ձգտում են ստեղծել կայուն և անկախ համակարգեր»,- ասաց Ստյուարտը։

Տեսանյութեր

Լրահոս