Բաժիններ՝

Մեխակ Ապրեսյանը կառավարությունից ակնկալում է զբոսաշրջային ոլորտին ուղղված հակաճգնաժամային առանձին միջոցառում, այդ թվում՝ արտոնյալ վարկեր

«Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը հանդիպում է ունեցել զբոսաշրջության ոլորտի մասնավոր հատվածի ներկայացուցիչների ներգրավմամբ ստեղծված աշխատանքային խմբի անդամների հետ, քննարկել զբոսաշրջության ոլորտում կորոնավիրուսի համավարակի հետևանքներով առաջացած խնդիրների հաղթահարման ուղիները։

168.am-ի հետ զրույցում «Տուրիզմի հայկական ֆեդերացիա» հ/կ նախագահ Մեխակ Ապրեսյանը հայտնեց, որ մասնակցել է հանդիպմանը և մի շարք առաջարկություններ է ներկայացրել:

«Նախ՝ մենք առաջարկում ենք, որ զբոսաշրջության համար, զբոսաշրջության առանձնահատկությունները հաշվի առնելով՝ լինի առանձին միջոցառում, որտեղ հիմնական մոտեցումները կլինեն հետևյալը.

Այդ արտոնյալ վարկերը, որ տրամադրվում են, երրորդ միջոցառման սկզբունքով (այսինքն՝ ոչ թե բանկն է վարկ տալիս, այլ պետությունն է միջոցը տրամադրում, պարզապես բանկն օպերատոր է այդտեղ) տրամադրվեն 36 ամսով, բայց առնվազն 12 ամիս արտոնյալ ժամանակահատվածով: Այսինքն՝ վարկը ստանալուց 12 ամիս հետո նոր սկսվեն մարումները:

Բացի այդ՝ զբոսաշրջության ոլորտի համար որպես չափանիշ՝ չկիրառեն տարեկան և եռամսյակային շրջանառությունը: Այսինքն՝ աջակցության համար կարողանան դիմել ոչ միայն նրանք, ովքեր 2019 թվականին միայն 24-500 մլն շրջանառություն ունեին, այլ սահմանափակումները հանվեն:

Նշում ենք նաև, որ նպատակները նույնպես ընդլայնեն. Այսօր արտոնյալ վարկը կարող են օգտագործել միայն հարկային պարտավորություն կատարելու, վարձավճարների և աշխատավարձի համար: Մենք առաջարկում ենք, որ թույլ տան նաև դրանք ուղղել գործող վարկային պարտավորությունների մարման համար: Դա խիստ անհրաժեշտ է այս ոլորտի համար, քանի որ ոլորտի շատ տնտեսվարողներ վարկային միջոցներ են ներգրավվել և անհրաժեշտ ներդրումներ են կատարել և այսօր անելանելի վիճակում են»,- առաջարկներից մի քանիսն առանձնացրեց Մ. Ապրեսյանը՝ հույս հայտնելով, որ կառավարությունը սեղմ ժամկետում կարձագանքի, և առաջարկները կընդունվեն:

Մեր զրուցակիցը կարևորեց մինչ միջազգային զբոսաշրջության վերականգնումը՝ շեշտը դնել ներքին զբոսաշրջության վրա, ինչը, ըստ նրա, ոչ միայն անհրաժեշտություն, այլև հնարավորություն է.

«Պետք է չկորցնենք մեր ներքին շուկան, որպեսզի մեր հայաստանցի-արցախցի զբոսաշրջիկներն այս պահին նախընտրեն Հայաստանում և Արցախում հանգստանալը, այլ ոչ թե մեկնեն Վրաստան կամ այլ երկիր: Դրանից ելնելով՝ պետք է ապահովել մեր զբոսաշրջային արդյունքի մրցունակությունը:

Խնդիրը երկկողմանի է՝ և՛ մասնավորից է կախված՝ որքանով մասնավորը մրցունակ առաջարկներ կանի, և՛ մյուս կողմից՝ այստեղ համապատասխան պետական քաղաքականություն է անհրաժեշտ»:

«Տուրիզմի հայկական ֆեդերացիա» հ/կ նախագահը մանրամասնեց այս հարցում պետական քաղաքականության ակնկալվող մոտեցումները.

«Առաջարկեցի քննարկել հետևյալ հնարավորությունը՝ Հարկային օրենսգրքում համապատասխան փոփոխություն անելով և անհրաժեշտ հարկային քաղաքականություն վարելով. պետությունն ունի «սոցիալական փաթեթի» համակարգ, որն իր մեջ ներառում է նաև հանգստի կոմպոնենտ, այսինքն՝ պետությունը՝ որպես գործատու, իր հանրային ծառայողներին հնարավորություն է տալիս իրենց հանգիստը կազմակերպելու համար, ապա ինչո՞ւ մասնավորը նույնը չկարողանա անել, իր աշխատակիցներին տրամադրի սոցփաթեթ:

Այստեղ կա հարկային խոչընդոտ՝ եթե այսօր մասնավոր գործատուն իր միջոցների հաշվին իր աշխատողին հնարավորություն տա հանգստանալու, հարկային հաշվարկի մեջ ծախս չի դիտարկվում, բայց մենք առաջարկում ենք, որ հարկային օրենսգրքում փոփոխություն լինի և, օրինակ, տարվա մեջ մեկ անգամ, մեկ աշխատողի կտրվածքով մինչև 200.000 դրամի սահմաններում այդ միջոցների տրամադրումը դիտարկվի ծախս»:

Մեխակ Ապրեսյանը համոզված է, որ այս լուծումը կարելի է կիրառել նաև ֆիզիկական անձանց դեպքում՝ դրանով նաև էապես նպաստելով ներքին տուրիզմի՝ Հայաստանում և Արցախում զբոսաշրջության զարգացմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս