Հայաստանը մշտապես դատապարտել է խտրականության ու ռասիզմի երևույթները․ Շվեյցարիում ՀՀ դեսպան

Շվեյցարիայում ՀՀ դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը հարցազրույց է տվել Ժնևի «Արձագանք» ամսագրին։ Ինչպպես հաղորդում է «Արմենպրես»-ը, դեսպանն ընդգծել է, որ Հայաստանում 2018 թվականին տեղի ունեցած թավշյա հեղափոխությունն ուղղված էր մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների վրա խարսխված իրական ժողովրդավար հասարակության կառուցմանը։ Նրա խոսքով՝ բնական է, որ միջազգային ասպարեզում Հայաստանը հետամուտ է լինում այն նույն սկզբունքների ու արժեքների խրախուսմանը, որոնք ընկած են եղել մեր երկրի ժողովրդավարական փոփոխությունների հիմքում։

Հարցազրույցում դեսպանն անդրադարձել է Հայաստանի համագործակցությանը ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի հետ։

«Հայաստանը երկար տարիների դրական համագործակցության փորձ ունի ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի հետ։ Վերջին տարիներին այն հատկապես արտացոլվել է Հայաստանում ապաստան գտած սիրիահայերի օժանդակության համատեքստում։ Կարմիր Խաչի միջազգային կազմակերպությունը առաջին միջազգային կառույցներից մեկն էր, որն իր գրասենյակը բացեց Հայաստանում։ Այն մշտական առաքելություն ունի նաև Արցախում։ Ընդհանուր առմամբ իմ նշած այս երկու կազմակերպությունները էական դերակատարում ունեն Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի շրջանակներում»,- ասել է նա։

Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանն անդրադարձել է նաև ցեղասպանության և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման միջազգային ջանքերում Հայաստանի ունեցած ներդրմանը․ «Տարիներ շարունակ ցեղասպանության և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման միջազգային ջանքերում Հայաստանը մեծ ներդրում է ունեցել և այսօր միջազգային հանրության առջև ներկայանում է որպես այս ոլորտի առաջամարտիկ։ Մենք հանձնառու ենք այս ուղղությամբ աշխատանքների շարունակությանը, մասնավորապես՝ նոր բռնությունների և հանցագործությունների վաղ ազդարարման ու կանխարգելման միջազգային մեխանիզմների զարգացման գործում, որպեսզի «այլևս երբեք»-ը չմնա զուտ որպես կարգախոս, այլ դառնա իրականություն»,- նշել է դեսպանը։

Անդրանիկ Հովհաննիսյանն ընդգծել է, որ Հայաստանն իր նպաստն է բերել նաև մարդու իրավունքների միջազգային օրակարգի այլ կարևոր խնդիրների ուղղությամբ իրականացվող քայլերում` հանդես գալով որպես նախաձեռնող և կառուցողական կողմ։ Դրանցից են օրինակ քաղաքացիական հասարակության հզորացումը, ինչպես նաև կանանց ու աղջիկների իրավունքների պաշտպանությունը, հավասար հնարավորությունների ստեղծումը։ Պատահական չէ, որ նախորդ տարի Հայաստանն ընտրվեց ՄԱԿ Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի նախագահ՝ 2020-2021թթ․ կայանալիք նստաշրջանների համար։

Դեսպանը շեշտել է, որ Հայաստանը մշտապես իր ձայնն է բարձրացրել դատապարտելով խտրականության ու ռասիզմի երևույթները։ «Մենք մեր ուշադրության կենտրոնում ենք պահում ազգային ու կրոնական փոքրամասնությունների պաշտպանության հարցերը, մանավանդ այնպիսի ճգնաժամային պայմաններում, ինչպես օրինակ Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակն է։ Մեծ ուշադրություն է դարձվում ատելության խոսքի ու բռնության քարոզչության դեմ պայքարին։ Հայաստանի մոտեցումները մարդու իրավունքների հարցերին խարսխվում են «որևէ մեկին չանտեսելու» համընդհանուր հանձնառության վրա, համաձայն այն սկզբունքի, որ յուրաքանչյուր ոք ունի բոլոր իրավունքներն ու ազատությունները, անկախ որևէ տարբերակումից, ներառյալ՝ իր բնակության տարածքի քաղաքական կամ իրավական կարգավիճակից։ Սա մեր անկյունաքարային մոտեցումն է մարդու իրավունքների միջազգային օրակարգում»,- նշել է Անդրանիկ Հովհաննիսյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով։

Տեսանյութեր

Լրահոս