«Իրենք ինձ չեն ներում, որ եղել եմ Փաշինյանի փաստաբանը ու հիմա ունեմ հակառակ դիրքորոշում». Աթանեսյան 

«Ես ավելի քան համոզված եմ, որ այն, ինչ-որ տեղի է ունեցել, ունի կազմակերպիչներ: Այդ ստահակները չեն դա անում, կան կազմակերպիչներ և հաշվի առնելով կապերը իշխանության հետ, շատ սերտ կապերը, համոզված եմ, որ այդտեղից էլ գալիս է, որովհետև ինչո՞ւ պետք է նախ էդ հարձակումը լիներ, ինչո՞ւ պետք է ընտանիքիս վրա, ու ինչո՞ւ պետք է անընդհատ նշեին իմ փաստաբան լինելը, իրենց կյանք ուտելը և մնացածը: Չեմ կարող ասել, թե իրենց կոնկրետ ցուցում են տվել՝ էս ձևով անել, բայց էն, որ իրենց ոգևորել են ու ասել են, որ կարող են դա անել ու երևի թե մարսել, դա է»,- այսօր հրավիրած ասուլիսի ընթացքում ասաց փաստաբան Տիգրան Աթանեսյանը՝  անդրադառնալով 2 օր առաջ իր տան վրա կատարված հարձակմանը:

«2 օր է՝ իմ ընտանիքի հանդեպ ոտնձգություններ են լինում: Կարծես թե սկզբից ինչ-որ կենցաղային վիճակ էր: Ես ապրում եմ Քանաքեռի մասնավոր հատվածում և իմ տանն ամիջապես կպած գտնվում է Քանբաքեռի հին կինոթատրոնը, ներկայոււմս՝ ձայնագրման ստուդիա է դա կոչվում: Այդտեղ կա փոքրիկ մանկական հրապարակ, երեխաներս միշտ գնում, խաղում են՝ բոլոր երեխաները հարևանների: Եվ այսպես կոչված, տիրոջ որդին՝40 տարեկան, պահանջում է, որ իմ երեխաները իրավունք չունեն այդտեղ այլևս խաղալու, «իրա երեխեքը չպետք է խաղան, էդ փաստաբանը մեր սաղիս կյանքը կերավ», բայց էդ անձի հետ ես որևէ հարաբերություն չունեմ, չեմ էլ ճանաչում նորմալ, դեմքը գիտեմ:

Երկրորդ օրը՝ իմ  և այդ հիմնարկը բաժանող ճաղավանդակ կա, որոշում են ամբողջությամբ պատնեշով փակեն: Դե իրենց ճաղավանդակն է, փակում են, կինս զանգում է,  ասում եմ ՝ «ինչ ուզում է, թող անեն, ուշադրություն մի դարձրա»: Ես հասկանում եմ, որ սադրանք է սա:

Եվ այդ ընթացքում, տեսնելով, որ սրա վրա էլ ոնց որ ռեակցիա չկա, երեխայիս, որ առաջին հարկի պատուհանից նայում է՝ ինչ են անում, հայհոյում են ամենավերջին ստոր, սեռական բնույթի հայհոյանքներով, 7 տարեկան տղայիս հայհոյում են հասուն մարդիկ՝ 40-ն ամենաերիտասարդն է, մեջները 70 տարեկան մարդ էլ կա: Մոտենում են, ուզում են խփել, կինս վազում է դուրս, պատշգամբից է դուրս գալիս, շուրջ 5-6 րոպե ամենավերջին ստոր հայհոյանքները կնոջս հասցեին՝ «ձեր տունն ենք քանդելու» և նորից նշում են իմ փաստաբան լինելը: Կինս զանգում է ինձ, ես շտապ, ինչքան հանրավոր է, հասնում եմ տուն, հասկանում եմ, որ սադրանք է, հասկանում եմ, որ պատճառ չկա նման ստորությանը՝ ոչ գողական, ոչ նորմալ ինչ-որ հասկացողություններով տան վրա, երեխեքի վրա հարձակումը չունի արդարացում, նույնիսկ եթե իմ հետ կոնֆլիկտ ունենային էդ մարդիկ: Բայց նորից եմ ասում՝ չեմ ճանաչում, մեկին դեմքով գիտեմ»,-ասաց փաստաբան Տիգրան Աթանեսյանը:

Միջադեպը մի քանի րոպե շարունակվել է նաև փաստաբանի հետ, ինչից հետո՝ միայն ոստիկանների միջամտության արդյունքում, այն ավարտվել է: Հարձակվողները բերման են ենթարկվել, ապա նրանց ազատ են արձակել: Փաստաբանն ու իր ընտանիքի անդամները բացատրություններ են տվել, քրեական գործ դեռևս հարուցված չէ: Փաստաբանի դիմելուց հետո , տունն այժմ հսկում են պահնորդական ծառայության աշխատակիցները:

Աթանոսյանի մեկնաբանությամբ տեղի ունեցածում կենցաղային առիթներ պետք չէ փնտրել. դրանք չկան: Ըստ նրա՝ հարձակումն ուղիղ կապ ունի իր մասնագիտական գործունեության, «նոր իշխանության օրոք տարածում գտած քաղաքական հետապնդումների ժամանակ այդ քաղաքական հետապնդումների ենթարկվող անձանց պաշտպանելու հետ»: Նման տեսակետ փաստաբանն արտահայտեց համադրելով այսօրվա ու անցյալի դեպքերը:

«Բոլորդ կհիշեք, որ մի քանի տարի առաջ մեր քաղաքապետ Հայկ Մարությանը ինչ-որ մի հատ PR ակցիա էր կազմակերպել, սնունդ էր բաժանում: Դա եղել է հենց այդ հիմնարկում: Նրանք շատ սերտ կապեր ունեն ներկայիս իշխանավորների հետ: Օրինակ, Հովհաննես Ազոյանը, մեր դերասանը, պարբերաբար գիշերները էդտեղ ինչ-որ անհասկանալի միջոցառումներ է կազմակերպում: Ինչո՞վ են զբաղվում՝ չգիտեմ: Բայց որ բոլորին խանգարում են, իրենց ծառայողական մեքենաներով, ուրախ-ուրախ, դե հիմա կյանքի տերերն են, գալիս-լցվում են այդտեղ»,-ասաց Տիգրան Աթանեսյանը:

Խոսքը 2014 թվականին Հայկ Մարությանի նախաձեռնած «Հույսի» ավանում և Քանաքեռում իրականացրած բարեգործական ծրագրի մասին է:

«Իրենք ինձ չեն ներում, որ ես եղել եմ Փաշինյանի փաստաբանը և հիմա ունեմ ամբողջությամբ հակառակ դիրքորոշում իր վարած քաղաքականության վերաբերյալ, թեպետ էն, ինչ դիրքորոշում ունեի իր գործով, մնում է»,-ասաց Տիգրան Աթանեսյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս