Բաժիններ՝

COVID-19. Աշխարհում վարակի հետևանքով մահերի թիվն անցել է 330.000-ից. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 5 միլիոն 113 հազարից: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 330 հազարից: Ապաքինվել է 2 միլիոն 039 հազար 698 մարդ:

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 1 միլիոն 593 հազար 429 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 94 հազար 963 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում հայտնված Ռուսաստանում կա 317 հազար 554 հաստատված դեպք: Մահերի թիվն այստեղ կազմում է 3 հազար 099:

Վարակվածների թվով երրորդ տեղում է հայտնվել Բրազիլիան, որը շրջանցեց Իսպանիային: Բրազիլիայում վարակվածների ընդհանուր թիվը հասել է 294 հազար 152-ի, վարակի հետևանքով մահացել է 19 հազար 038 մարդ:

Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 279 հազար 524 է: Մահացության ցուցանիշը կազմում է 27 հազար 888:

Վարակվածների թվով հաջորդ տեղում Մեծ Բրիտանիան է՝ 248 հազար 293 ընդհանուր դեպքով: Մահացածների թիվը կազմում է 35 հազար 704: Մահացության ցուցանիշով Մեծ Բրիտանիան Եվրոպայում առաջինն է, աշխարհում՝ երկրորդը՝ ԱՄՆ-ից հետո:

Մեծ Բրիտանիային հաջորդում է Իտալիան, որտեղ կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 227 հազար 364, մահերինը՝ 32 հազար 330: Իտալիային հաջորդում է Ֆրանսիան, երվրոպական այս երկրում վարակվածների թիվը 181 հազար 575 է, մահացածներինը՝ 28 հազար 132:

Գերմանիայում 178 հազար 531 հաստատված դեպք կա: Այստեղ վարակի հետևանքով մահացել է 8 հազար 270 մարդ: Թուրքիայում վարակակիրների թիվը հասել է 152 հազար 587-ի, մահացածներինը՝ 4 հազար 222-ի:

Երկրների տասնյակը եզրափակում է Իրանը, որտեղ վարակվածների թիվը հասել է 129 հազար 341-ի: Երկրում վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով մահացել է 7 հազար 249 մարդ: Վարակվածների թվով Իրանին հետևում են Հնդկաստանը, Պերուն: Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտնվել է 13-րդ տեղում:  Չինաստանն առանձնանում է 82 հազար 967 ընդհանուր, 2 նոր դեպքով։ Չինաստանում մահացել է 4 հազար 634 մարդ։

Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 721-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 12 մարդ:

Արաբական երկրներից վարակվածների թվով ԱՄԷ-ին շրջանցած Կատարում հաստատված դեպքերի թիվը կազմում է 37 արտակարգ 097, մահերինը՝ 16: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 26 հազար 004 է, մահացածներինը՝ 233:

Քուվեյթում վարակվածների թիվը հասել է 18 հազար 609-ի, մահացածներինը՝ 129-ի: Եգիպտոսում 14 հազար 229 հաստատված դեպք կա, մահացել է 680 մարդ: Իրաքում գրանցվել է 3 հազար 724 վարակվածության, 134 մահվան դեպք: Լիբանանում կա 1024 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 26: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 58-ի: Մահացել է 3 մարդ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 212-ը:

YouTube-ն արգելելու է կորոնավիրուսի հետ կապված որոշ թեմաների մասին տեսանյութերը

«Google» տեխնոլոգիական ընկերությունը, որին պատկանում է «YouTube»-ն, արդիականացրել է կորոնավիրուսի թեմայով վիդեոկոնտենտի հետ կապված կանոները: «YouTube»-ի հարթակում կարգելվեն կորոնավիրուսի հետ կապված տեսանյութերի հրապարակումները, որոնք կարող են վնաս պատճառել առողջությանը:

«Deutsche Welle»-ն տեղեկացնում է, որ այս մասին հոդվածը հրապարակված է «Google»-ի կայքում: Նշվում է, որ այդ հարթակում արգելվում է  հրապարակել տեսանյութեր, որտեղ հաղորդվում է  կորոնավիրուսի բուժման, կանխարգելման, ախտորոշման և փոխանցման մասին տեղեկություններ, որոնք հակասում են պաշտոնական աղբյուրներին՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը և տեղական առողջապահական մարմիններին: Մասնավորապես, այդ կատեգորիայի մեջ են մտնում այն հաղորդումները, որտեղ ասվում են, թե կորոնավիրուս գոյություն չունի և դրանից մարդիկ չեն մահացել, առկա է կոչ վարակը ժողովրդական բժշկության մեթոդներով բուժելու մասին, կա պնդում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առկայության վերաբերյալ:  Դրանից բացի, կարգելվեն այն հրապարակումները, որտեղ նշվում է, թե առանձին կլիմայական պայմաններում կորոնավիրուսը չի տարածվում:

Ընկերությունը նաև արգելել է ԱՀԿ-ի առաջարկները կասկածի տակ դնելը, մասնավորապես, խոսքը սոցիալական հեռավորության և ինքնամեկուսացման մասին է: Արգելվող թեմաների մեջ նշվում է նաև ասիական ուտելիքից հրաժարվելու կոչերը, հրավառությունների միջոցով օդի մաքրման մասին պնդումները, ինչպես նաև COVID-19-ի ի հայտ գալը 5G ցանցից:

 

Իսպանիան կարող է ստեղծել «անվտանգության միջանցք» միջազգային զբոսաշրջիկների համար

Իսպանիայի էկոլոգիական բարեփոխումների նախարար Տերեսա Ռիբերան տեղեկացրել է, որ իշխանությունները դիտարկում են միջազգային զբոսաշրջիկներին «անվտանգության միջանցք» տրամադրելու հնարավորությունը: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մենք մտածում ենք անվտանգության միջանցքի մասին: Այդ համակարգի շրջանակում մարդիկ կկարողանան գալ մեզ մոտ այն տարածքներից, որտեղ վերջին մեկ-երկու շաբաթվա ընթացքում վարակվածության մակարդակը ցածր է եղել»,- ասել է նա:

Ավելի վաղ տրանսպորտի նախարար Խոսե Լուիս Աբալոսը հայտնել էր, որ Իսպանիան կարող է սկսել ընդունել միջազգային զբոսաշրջիկների հունիսի վերջից, երբ իրենք՝ իսպանացիները կկարողանան ազատ տեղաշարժվել երկրով մեկ:

Ներկայում Իսպանիայում խիստ կանոններ են գրոծում օտարերկրացիների մուտքի համար: Կարող են գալ միայն նրանք, ովքեր ունեն ֆորս-մաժորային իրավիճակ, ինչպես նաև դիվանագետները, սահմանային շրջաններում աշխատողները: Գործում է երկշաբաթյա պարտադիր կարանտին երկիր եկողների համար:

Լիտվան պլանավորում է վերականգնել օդային հաղորդակցությունը Նորվեգիայի հետ

իտվայի կառավարությունն իր աջակցությունն է հայտնել ԱԳՆ-ի ներկայացրած առաջարկությունն այն մասին, որ վերականգնեն օդային հաղորդակցությունը Նորվեգիայի հետ: Այս մասին տեղեկցնում է «Ռեգնում» գործակալությունը:

Թռիչքները նախատեսվում է վերականգնել դեպի Օսլո, Օլեսուն, Բերգեն: Թռիչքների վերականգնման հայտն ավելի վաղ եկել էր «AirBaltic» և «WizzAir» ավիաընկերություններից:

Մայիսի 13-ին Լիտվան վերականգնել էր օդային հաղորդակցությունը Գերմանիայի հետ: Մայիսի 18-ին վերագործարկվել է Վիլնյուս-Ռիգա ուղղությունը, մայիսի 25-ին նախատեսվում է վերսկսել թռիչքները դեպի Տալլին:

Եվրոպական գործակալությունները առաջարկում են ինքնաթիռներում կրճատել ուղևորների թիվը

Պարտադիր դիմակների կրում, սոցիալական հեռավորություն և ինքնաթիռների ուղևորների թվի կրճատում. սրանք են համավարակի պայմաններում Ավիացիոն անվտանգության եվրոպական գործակալության, Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի հիմնական առաջարկներն ավիաընկերությունների համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:

Դիմակներ պետք է կրեն բոլոր ուղևորները և ինքնաթիռի անձնակազմը` բացառությամբ մինչև 6 տարեկան երեխաների: Դիմակները պետք է փոխվեն 4 ժամը մեկ, հետևաբար, ուղևորները պետք է իրենց մոտ ունենան հավելյալ դիմակ: Նշվում է, որ պետք է ինքնաթիռում այնպիսի պայմաններ լինեն, որ ուղևոների միջև ապահովվի 1.5 մետր հեռավորություն: Դրա համար նշվում է, որ սկզբնական փուլում իքնաթiռներում ոչ բոլոր տեղերը զբաղեցվեն:

Քիչ թվով ուղևորներ տեղափոխելու առաջարկը միանշանակ չի ընդունվում: Մի շարք ավիաընկերություններ նշել են, որ դա կհանգեցնի ֆինանսական վնասի: Ավիաընկերությունները ստիպված կլինեն բարձրացնել տոմսերի գները:

Բրիտանիայում սկսել են COVID-19-ի դեղամիջոցի գլոբալ փորձարկում

Աշխարհի տարբեր երկրներից առողջապահության ոլորտի ավելի քան 40 հազար աշխատակից մասնակցություն կունենա մալարիայի դեմ երկու դեղամիջոցի՝ հիդրօքսիքլորոքինի և քլորոքինի փորձարկմանը COVID-19 վարակի կանխարգելման արդյունավետությունը պարզելու համար: «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ մայիսի 21-ից փորձարկումը սկսվում է բրիտանական Բրայթոն և Օքսֆորդ քաղաքներում, ասված է «Mahidol Oxford»-ի (MORU) հաղորդագրության մեջ:

«Լաբորատոր հետազորությունները ցույց են տալիս, որ այդ երկու դեղամիջոցները կարող են լինել արդյունավետ COVID-19-ի բուժման և պրոֆիլակտիկայի համար: Թեպետ համոզիչ ապացույցներ չկան: Չնայած դրան, դեղամիոցները լայնորեն կիրառվում են մի քանի երկրներում, այնպես որ պարզել, թե արդյոք դրանք կարո՞ղ են պաշտպանել կորոնավիրուսից, չափազանց կարևոր է»,-ասված է հաղորդագրության մեջ:

Եվրոպայից, Աֆրիկայից, Ասիայից և Հարավային Ամերիկայից առողջապահական ոլորտից ավելի քան 40 հազար աշխատակից ուղիղ ձևով կոնտակտի մեջ կլինեն կորոնավիրուսով վարակված անձանց հետ: Նրանք երեք ամսվա ընթացքում կստանան այդ դեղամիջոցները: Այս փորձարկման նպատակն է վերջանական հասկանալ՝ այդ երկու դեղամիջոցը արդյունավե՞տ են կորոնավիրուսի դեմ պայքարում, թե ոչ:

Վրաստանում մայիսի 22-ից հետո կհանվեն արտակարգ դրության ռեժիմն ու պարետային ժամը

Վրաստանի կառավարությունը որոշել է չերկարաձգել պարետային ժամը, երբ մայիսի 22-ից երկրում կչեղարկվի արտակարգ դրության ռեժիմը: Այս մասին հայտնել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան:

«Չափազանց կարևոր է աստիճանաբար, զգույշ և մտածված վերադառնալը բնականոն կյանքին՝ ինչպես տնտեսության, այնպես էլ սոցիալական առումով: Այնպես որ, կառավարությունը որոշում է կայացրել, որ արտակարգ դրությունը չի երկարաձգվի և, համատասխանաբար, չի երկարաձգվի նաև պարետային ժամը»,- ասել է Գախարիան: Դրա հետ մեկտեղ նա նշել է, որ արտակարգ դրությունը հանելուց հետո կառավարության ձեռքին դեռ պետք է մնան լծակներ, որպեսզի համավարակով պայմանավորված՝ իրավիճակի վատթարացման պարագայում մտցվեն համապատասխան սահմանափակումներ: Դրա համար նա խորհրդարանին խնդրել է կատարել փոփոխություններ համապատասխան օրենսդրությունում:

Վրաստանում արտակարգ դրության ռեժիմ մտցվել է մարտի 21-ից, 10 օր անց սահմանվել է պարետային ժամ, որը գործում է ամեն օր երեկոյան 21:00-ից մինչև առավոտյան 06:00-ն:

Ֆրանսիացի գիտնականները ահազանգում են՝ պետք է զանգվածային թեստավորում

Ֆրանսիան վերաբացվում է, սակայն գիտանականները առաջարկում են զանգվածային թեստավորում՝ իրավիճակը վերահսկելու համար: «Ամերիկայի ձայն»-ը տեղեկացնում է, որ համաճարակաբանները կողմ են զանգվածային համակարգված թեստավորման, քանի որ սահմանափակումների մեղմացումից հետո երկրում հայտնաբերվել են կորոնավիրուսի ռիսկային նոր գոտիներ:

«Եթե մենք հայտնաբերենք նրանց և իրականացնենք թեստավորում` մեկուսացնելով շրջապատից, ապա կշարունակենք վերահսկել համաճարակը»,- ասում է ֆրանսիացի համաճարակաբան Դոմինիկ Կոստագլիոլան:

Իր հերթին Քեթրին Հիլը, ով ղեկավարում է համաճարակաբանության ծառայությունը «Gustave Roussy» քաղցկեղի բուժման կենտրոնում, քննադատում է իշխանություններին Ֆրանսիայում ավելի վաղ շրջանում թեստերի բացակայության համար և առաջարկում բնակչությանը զանգվածային թեստավորման ենթարկել՝ վիրուսը հայտնաբերելու համար:

Ապրիլին Ֆրանսիայի վարչապետ Էդուարդ Ֆիլիպը հայտարարել էր, որ Ֆրանսիան կանցնի ագրեսիվ դոկտրինային COVID-19 թեստավորման հարցում՝ նպատակ ունենալով շաբաթական անցկացնել 700 հազար թեստավորում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս