«Ցավում եմ՝ մինչև այսօր Գերագույն Խորհրդի դերը պատմագիտական հանրությունը խորը վերլուծության չի ենթարկել». Խոսրով Հարությունյան

Այսօր լրանում է Գերագույն Խորհրդի կազմավորման 30-ամյակը, որի առթիվ Մամուլի ազգային ակումբը հրավիրել էր  «Գերագույն խորհրդի պատմաքաղաքական դերն ու նշանակությունը և պառլամենտարիզմի խնդիրները Հայաստանում» թեմայով հասարակական քննարկում՝ ԳԽ նախկին պատգամավորներից մի քանիսի մասնակցությամբ:

ԳԽ և ԱԺ նախկին պատգամավոր Խոսրով Հարությունյանի խոսքով՝ դեռ կլինեն հնարավորություններ՝ ԳԽ-ի պատմաքաղաքական դերի և նշանակության մասին խորն ուսումնասիրություններ և վերլուծություներ կատարելու համար:

«Ցավում եմ, որ մինչև այսօր ԳԽ-ի դերը  պատմագիտական հանրությունը խորը վերլուծության չի ենթարկել: Կարծում եմ՝ 90-ականներին մենք անցնում էինք մեր պատմական զարգացման ամենախորը, գուցե ամենաբարդ մի փուլով, որը հետագայում ակնհայտորեն իր դերակատարումն անպայման ստանալու է: Պատմական զարգացումների բերումով մենք հայտնվեցինք հեղափոխական փոփոխություններ կատարելու անհրաժեշտության առջև: Գերագույն խորհրդի ընտրություններն առաջին հերթին պետք է պայմանավորել Արցախյան շարժմամբ, կարելի է ասել՝ հիմնական քաղաքական հենքը հենց Արցախն էր»,- նշեց Խոսրով Հարությունյանը:

Ըստ նրա՝ Գերագույն Խորհրդի դերն ու նշանակությունն այն էր, որ այդ պատմական անցումը կարողանար հնարավորինս անցնցում ապահովել: Ավելին՝ այն նպատակները, որոնք արձանագրվեցին ՀՀ անկախության հռչակագրով, ըստ էության ԳԽ-ն իր առջև խնդիր էր դրել այդ նպատակներն իրականացնել:
Խոսրով Հարությունյանի կարծիքով՝ ԳԽ-ին հաջողվել է կատարել այդ նպատակները: Ճիշտ է, եղել են նաև բացթողումներ, սակայն կարողացել են անցնցում, առանց մեծ կորուստների ձևավորվել ազատ մրցակցային քաղաքական միջավայր:

«Եղավ խոսքի ազատություն, մամուլը սկսեց ակտիվ աշխատել, սրանք նորություն էին մեր իրականության մեջ, և հանրությունը դա ողջունում էր: Այդուհանդերձ, ամենադժվարն Անկախության հանրաքվեն անցկացնելն էր, ինչը մեծ խիզախություն պահանջող  քայլ էր, որովհետև ըստ էության կայացնում էինք որոշումներ, որոնք վերաբերում էին մեր երկրի և ժողովրդի ապագային: Ի պատիվ ԳԽ-ի և ի պատիվ քաղաքական շրջանակների՝ մենք կարողացանք գործընթացը կազմակերպել»,- շեշտեց Խոսրով Հարությունյանը:

Նրա դիտարկմամբ՝ այդ անցումային ժամանակահատվածում կարողացել են ճիշտ ու դիպուկ որոշումներ կայացնել, որոնցից մեկը վերաբերում է Արցախի հարցին, երբ ԳԽ-ն որոշեց, որ որևէ փաստաթուղթ չի կարող իրավական ուժ ստանալ, եթե փաստաթղթում արձանագրվեն կետեր ի վնաս Արցախի:

«Ահա այս և նմանատիպ որոշումներն էլ հետագայում ունեցան պատմական նշանակություն»,- եզրափակեց նա:

Տեսանյութեր

Լրահոս