Բաժիններ՝

Առողջապահական կենտրոնների մասնավորեցման գործընթացի բոլոր լիազորությունները կստանձնի Կառավարությունը

ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկվեց «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին Կառավարության ներկայացրած նախագիծը:

Նախագիծը ներկայացնող  Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը նշեց, որ առաջարկում են, որպեսզի օրենքի 8-րդ հոդվածում կատարվեն փոփոխություններ՝ կապված մասնավորեցման ենթակա առողջապահական ընկերությունների հիմնական ուղղությունների պահպանման պարտադիր պահանջի հետ:

«Առաջարկում ենք առողջապահական ընկերությունների հիմնական ուղղությունների պարտադիր պահպանման և դրա ժամկետների սահմանման լիազորությունները վերապահել Կառավարությանը, որը յուրաքանչյուր դեպքում ելնելով առկա վիճակից, առողջապահական ոլորտում տարվող քաղաքականությունից, ինչպես նաև մասնավորեցված ընկերությունների գործունեության արդյունավետության հետագա նպատակից՝ սահմանում է հիմնական ուղղության պահպանման անհրաժեշտութունը և ժամկետները: Նախագիծը շահագրգիռ մարմինների հետ համաձայնեցվել է»,- շեշտեց Նարեկ Բաբայանը:

Նա նաև տեղեկացրեց, որ նախորդ տարի ցանկում երեք փոփոխություն են կատարել միայն առողջապահակական ընկերությունների հետ կապված, որի արդյունքում երեք առողջապահական հիմնարկ դուրս է եկել ցանկից՝ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանական ազգային կենտրոնը, Այրվածքաբանության և Մաշկաբանության ու սեռավարակաբանության կենտրոնները:

«Կառավարությունը՝ ի դեմս Առողջապահության նախարարության, արտահայտել է իր կամքը, այսինքն՝ երկուսի դեպքում Կառավարությանն էր նախաձեռնությունը, իսկ մեկի դեպքում՝ խորհրդարանը, որից հետո այս երեք կենտրոններն առհասարակ դուրս են եկել մասնավորեցման ցանկից»,- հավելեց Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահը:

Նա նաև ընդգծեց, որ ցանկում ունեն կենտրոններ, որոնք պարտավոր են մասնավորեցնելու, կան նաև այնպիսիք, որոնք իրենցից այդքան գրավչություն չեն ներկայացնում:

«Քասախ գյուղում գտնվող «Նևրոզների կլինիկա» ՓԲԸ-ն այսօր դրված է մրցույթի: Ցավոք, այդքան էլ լավատեսական չեն իմ կանխատեսումները, որ դրա հետ կապված մենք կունենանք հաջողություններ՝ մասնավորեցման գործընթացի մասով: Այս վիճակում են նաև մի քանի կենտրոններ: Շատ դեպքերում դրանց պահպանելու հետ կապված խնդիրները հանգեցնում են այդ կենտրոնների լուծարմանը»,- ընդգծեց Նարեկ Բաբայանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս