Բաժիններ՝

Միքայել Մելքումյանն առաջարկում է օրենքի փոփոխությամբ վերանայել սնանկության հիմքերը՝ համավարակի ընթացքում թույլ չտալով ակտիվ սնանկություններ

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն առաջարկում է փոփոխություններ ու լրացումներ  կատարել «Սնանկության մասին» օրենքում: Պատգամավորի ներկայացրած օրինագիծն այսօր քննարկվեց Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:

«Այս նախաձեռնությամբ առաջարկում ենք փոփոխել և լրացնել «Սնանկության մասին» օրենքի սնանկության հիմքերը ներկայացնող 3-րդ հոդվածը: Գործող նորմի համաձայն՝ նվազագույն աշխատավարձի հազարապատիկի փոփոխությունն է գործում, այսինքն՝ 1 մլն դրամից ավելի պարտք ու պահանջ ունենալու դեպքում դիմում են սնանկության պահանջով: Ես առաջարկում եմ՝ երկուհազարապատիկը, այսինքն՝  այդ 1 միլիոնը դարձնենք 2 միլիոն»,- ներկայացնելով նախագիծը՝ ասաց Միքայել Մելքումյանը:

Ըստ պատգամավորի՝ ի սկզբանե միտք է ունեցել փոփոխությունների առաջարկներ ներկայացնել օրենքի ոչ թե՝ 3-րդ հոդվածի վերաբերյալ, այլ՝ նույն օրենքի 6-րդ կետի, ըստ որի՝ համավարակի հետ կապված հարկային պարտավորությունների մասով իրականացնեին փոփոխություններ: Դրա համար դիմել է նույնիսկ Պետական եկամուտների կոմիտեին և ստացել որոշակի վիճակագրություն:

«Այսպիսով՝ 2019  թվականին սնանկության հարցերով ՊԵԿ-ը ներկայացրել է 519  դիմում: Սկզբնական շրջանում բավականին քննարկումներ ունեցանք, աշխատել ենք և՛ ՊԵԿ-ի, և՛ Ֆինանսների ու Արդարադատության  նախարարությունների ու իրավաբանական ծառայությունների հետ: Ես ընդունեցի Ֆինանսների և Արդարադատության նախարարությունների առաջարկները, որ փոփոխություններ անենք ոչ թե օրենքի 6-րդ կետում, այլ 3-րդ հոդվածում»,- տեղեկացրեց  Մ. Մելքումյանը:

Նա նաև հավելեց, որ 2018-19 թվականներին ընդհանուր առմամբ սնանկության հիմքերի հետ կապված՝ եղել են 9  հազարից ավելի դիմումներ, ընդ որում,  իրավաբանական անձանց մասով 2019  թվականին եղել է 35 տոկոս, իսկ ֆիզիկական անձանց դեպքում՝ 65  տոկոս:

Պատգամավորը նաև ընդգծեց, որ այս նախագծի նպատակն այն է, որպեսզի թույլ չտան ակտիվ սնանկացումներ տեղի ունենան, այլ թույլատրեն, որպեսզի ընկերություններն իրենց գործունեությունը շարունակեն, քանի որ համավարակի ընթացքում նրանց ֆինանսական հոսքերը նվազել են:

Միքայել Մելքումյանը միաժամանակ ընդգծեց, որ օրենքի նախագիծը ներկայացնելիս ուսումնասիրել են նաև միջազգային փորձը:

«Ի սկզբանե Կառավարությունն այս նախագծին տվել էր դրական եզրակացություն, բայց հենց նոր Արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանից ստացա տեղեկանք, ըստ էության, փոխնախարարը կասի, թե այս փուլում ինչպես են պատկերացնում փոփոխությունները: Միանգամից ասեմ, որ պատրաստ եմ ցանկացած տիպի քննարկման»,- շեշտեց նա:

Ներկայացնելով Կառավարության դիրքորոշումը՝ Ռաֆիկ Գրիգորյանն ասաց, որ օրեր առաջ խոսել են Համաշխարհային բանկի գործընկեր փորձագետների հետ, որոնք տվել են որոշակի տեղեկատվություն, թե սնանկության մասով աշխարհում ինչ է կատարվում:

«Այդ տեղեկատվությունն արդեն փոխանցել եմ պարոն Մելքումյանին, մոտ օրերս կլինի նաև համապարփակ տեղեկանք, որի շրջանակներում կներկայացնենք նաև առաջարկները: Միքայել Մելքումյանի առաջարկած 2 միլիոնի շեմն ընդունելի է Կառավարության կողմից, առաջիկայում կներկայացնենք նաև մեր տեսլականը, թե այլ դրույթներում ինչ փոփոխությունների անհրաժեշտություն կա»,- նշեց փոխնախարարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս